Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29470
Հրապարակումներ


16.04.2013

Շնորհազրկված ընդդիմադրի վերադարձը. Ադրբեջանն այսօր

Դեմոկրատական ուժերի խորհրդատվական մեջլիսի (Ադրբեջան) այսօրվա նիստում, որն անցկացվել է «Բաց հասարակություն» կուսակցության նախագահությամբ, քննարկվել է երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը, ինչպես նաև ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնելու որոշում է ընդունվել։ Նշենք, որ «Բաց հասարակություն» կուսակցության նախագահն այժմ ԱՄՆ-ում տարագրության մեջ ապրող ադրբեջանցի շնորհազրկված քաղաքական գործիչ, Հեյդար Ալիևի զինակից, ադրբեջանական խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Գուլիևն է։ Ավելացնենք, որ մի քանի օր առաջ նա հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, որում կրկին հաստատել էր Բաքու վերադառնալու և Ադրբեջանի գալիք նախագահական ընտրություններին (այս տարվա աշնանը) մասնակցելու իր մտադրությունը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ստեղծված նախընտրական իրավիճակի գնահատականներին, ապա դրանք բավական մռայլ են։ «Իրավիճակը երկրում հանգեցրել է այն բանին, որ հավատն իշխանության հանդեպ վերջնականապես վերացել է։ Ադրբեջանում շատերն են ատելությամբ վերաբերվում կառավարությանը։ Եվ որ ամենավտանգավորն է՝ այդ ամենը քաոսայնորեն է տեղի ունենում։ Չկան առաջնորդներ, որոնք կկառավարեին այդ քաոսային բողոքները։ Այսինքն՝ բողոքողները չեն ընդունում ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը։ Նման իրավիճակը երկրում վերջնարդյունքում կարող է ցանկացած պահի ավարտվել մի մեծ պայթյունով։ Հատկապես Բաքվում»,- ասել է նա «Ազադլիգ» ռադիոյին տված հարցազրույցում։

Ըստ նրա, որպեսզի նման բան տեղի չունենա, հարկավոր է որոշումների ուժեղ ազդեցություն, որոնք կկայացնի ԱՄՆ-ը։ «Կառավարությունն առաջին հերթին պետք է վերջ տա ագրեսիվ գործողություններին, պայմաններ ստեղծի խաղաղ հանրահավաքների անցկացման համար։ Այլ տարբերակն առաջ կբերի անխնա, քաոսային բախումներ»,- վստահ է Գուլիևը։

Ի դեպ, թե ԱՄՆ ինչ որոշումների մասին է խոսքն այս համատեքստում՝ շնորհազրկված ընդդիմադիրը չի մանրամասնել, բայցև չի թաքցրել, որ իրեն հաջողվել է գրավել ԱՄՆ ուշադրությունն Ադրբեջանի հանդեպ։

«Հնարավոր է գրավել կոնգրեսի, կառավարության, ռազմավարական ծրագրեր պատրաստող հիմնադրամների ներկայացուցիչների ուշադրությունն Ադրբեջանի նկատմամբ, եթե փաստարկված նշվեն Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները։ Կարծում եմ՝ դա ինձ հաջողվել է»,- ասել է նա։ Ըստ նրա՝ այդ նպատակով նա հանդիպել է արտաքին կապերի գծով կոմիտեների անդամների, վարչությունների պետերի, այն կոնգրեսականների և սենատորների հետ, որոնք Հելսինկյան կոմիտեի անդամներ են։

Ինչևէ, ակնհայտ է, որ ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքը հանրահավաքների սեզոնի բացումն է լինելու։

Տեղեկանք.

Ռասուլ Գուլիևը ծնվել է 1947թ., ադրբեջանցի է։ 1970թ. ավարտել է Ադրբեջանի նավթաքիմիական ինստիտուտը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Մոտ 30 տարի աշխատել է Ադրբեջանի նավթարդյունաբերության համակարգում։ 1991թ. ընտրվել է Ադրբեջանի «Պետնավթկոմի» նախագահ։ Այնուհետև փոխվարչապետ է նշանակվել։ 1993թ. ընտրվել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ։ Պաշտոնն զաղեցրել է մինչև 1995թ.։

1996-ին հրաժարական է տվել ի նշան բողոքի Հեյդար Ալիևի տոտալիտար քաղաքականության դեմ։ Առայսօր կարծում է, որ Ադրբեջանում հաստատված վարչակարգը տոտալիտար-կոռուպցիոն է։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանում, Գուլիևի պնդմամբ, «հորինովի տնտեսական հանցագործությունների նորանոր գործեր են բացվում, որոնք, իբր, կատարել է ինքը. ձերբակալվում են նրա համախոհները և այլն»։

Ի դեպ, 2005-ին այն ինթնաթիռը, որով Ռասուլ Գուլիևն Ադրբեջան էր թռչում, հարկադրված վայրէջք է կատարել Ուկրաինայում, Սիմֆերոպոլ քաղաքում, իսկ ինքը՝ Ռասուլ Գուլիևը, ձերբակալվել է։ Ձերբակալությունից մի քանի օր անց ԱՄՆ և միջազգային կազմակերպությունների ճնշմամբ ազատ է արձակվել։

2011-ին Ստրասբուրգի Միջազգային դատարանը որոշում է ընդունել Ադրբեջանում 2005թ. անցկացված խորհրդարանական ընտրություններում Ռասուլ Գուիևի տարած հաղթանակի մասին։          


Տպագրել