Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29531
Հրապարակումներ


17.04.2013

Ներսես Նազարյանի կոմերցիոն և ոստիկանական կարիերան կոմունիզմի և նժդեհականության ներդաշնակության համատեքստում

«Ոստիկանությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում և տեղեկատվություն ունեցողներին առաջարկում է տրամադրել իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր տվյալները:

Հավաստիացնում ենք, որ գործին պատշաճ ընթացք կտրվի, և հասարակությունը մեկ անգամ ևս կհամոզվի, որ ոստիկանությունը լիարժեք կատարում է օրենքով նախատեսված իր խնդիրները»,- «Հայկական ժամանակ» օրաթերթի ու առհասարակ շրջանառվող լուրերին, թե ոստիկանական համակարգում բացահայտվել է ինչ-որ ֆինանսական բուրգ, ոստիկանությունն այսպես է պատասխանել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության էլ՝ Ներսես Նազարյանին պաշտոնից հեռացնելը նույնպես բնական է ու մտնում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ, իսկ այդ նույն տրամաբանության մեջ արդյոք մտնում է նաև այլ բարձրաստիճան ոստիկանների ազատումը, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:

Մանր առևտրականների հետ հարաբերություններում պաշտոնի չարաշահում, տան շինարարություն Նոր Նորքում (3000 քմ), թե 2,5 մլն դոլարի ֆինանսական բուրգ... Որքանո՞վ էր Ներսես Նազարյանը ոստիկանապետ՝ կարելի է հասկանալ նրա բարգավաճող բիզնեսներից ու կապերից... Բայց դժվար է հասկանալ, թե բարգավաճող բիզնեսմեն Ներսես Նազարյանն ինչու չէր անդամակցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Սրանք, իհարկե, հարցեր են, որոնց գիտությունն ուշ թե շուտ կպատասխանի, իսկ այս պահի դրությամբ հայտնի է հետևյալը:

Ներսես Նազարյանին վաղ պատանեկության հասակում հաջողվեց ամուսնանալ Հայկական ԽՍՀ բարձրաստիճան միլիցիոներներից մեկի` Էռնեստ Մանուկյանի միակ դստեր հետ և սեփականել կոմունիստական Հայաստանի (որտեղ մշտապես խախտվում էին մարդու բոլոր իրավունքները) ամենաշքեղ օժիտներից մեկը, իսկ կոմունիստ միլիցիոների օժանդակությունը որոշիչ դեր խաղաց նժդեհական ոստիկանի կայացման գործում: Թե որքանով են ներդաշնակ կոմունիզմն ու նժդեհականությունը՝ առայժմ գիտությանն անհայտ է, սակայն հայտնի է, որ այդ գաղափարների հետևորդների միջև վերարտադրությունը միանգամայն հնարավոր է:

Եվ իհարկե, այս պահի դրությամբ քաջ հայտնի է նաև, որ գեներալ Ներսես Նազարյանը պատմության մեջ կմնա ՀՀ նորագույն պատմության ամենավառ կոմերսանտների ցանկում։ Չներդնելով ոչինչ՝ կուտակել ամեն բան. ահա այսպիսին է գեներալ Նազարյանի ամենաօբյեկտիվ բնութագիրը: Եվ սա, իհարկե, հանճարեղ է… Իսկ թե ինչպես դա պատահեց՝ կարող ենք պարզել Երևանի այլ կոմերսանտներից, ոչ ուսադիրավոր առևտրականներից, շինարարներից, դուռ-պատուհան սարքողներից,  ունիտազ ներկրողներից, մայրաքաղաքի գողականներից և, անշուշտ, գեներալ Նազարյանի ենթականերից: Հետո էլ ասում են, թե ոստիկանի աշխատավարձով հնարավոր չէ 3000 քառ. մետրանոց դղյակ կառուցել, հնարավոր չէ էլիտար սուպերմարքեթների ցանց ունենալ, հնարավոր չէ եսիմ ինչ ունենալ… Տո, ամեն ինչ էլ հնարավոր է, հատկապես մարդու համար, որը Բարձրյալի ստեղծած ամենազոր էակն է, հատկապես Հայաստանում… այն էլ սպարապետ Վազգենի  և ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայաստանում…


Տպագրել