Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29533
Հրապարակումներ


17.04.2013

Երեքը նավակում՝ չհաշված...

Ընդդիմությունը «բազմադեմ» է և տարբեր դերեր է կատարում զանազան քաղաքական համակարգերում։ Տոտալիտար կառավարման պարագայում իշխանությունները ձգտում են խեղդել այն դեռ սաղմնային վիճակում, ավտորիտարի դեպքում՝ ենթարկում են հետապնդումների։ Եվ միայն դեմոկրատիայի պայմաններում է ընդդիմությունը հանդիսանում քաղաքական գործընթացի բաղկացուցիչ մասը։

Օրինակ, Մեծ Բրիտանիայում խոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նախարարի մակարդակի թագավորական աշխատավարձ է ստանում, քանի որ կարևոր գործ է կատարում հասարակության և պետության համար։ Իսկ ահա կուսակցությունն ինքը, որն, ի դեպ, անվանվում է «Նորին մեծության ընդդիմություն», ձևավորում է այսպես կոչված «ստվերային կաբինետ»։ Միևնույն ժամանակ, «ստվերային նախարարների» դերը, ավելի ճիշտ՝ գործունեությունն այն է, որ հետևեն (վերահսկեն) և քննադատության ենթարկեն կառավարական ծրագրերը և այլն։ Չեմ պատրաստվում պարզել մեր երկրի քաղաքական համակարգը (թեև այն, միանշանակ, կոլապսի մեջ է), բայցևայնպես, տարիներ շարունակ հայրենական ընդդիմությունն (օրինակ՝ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն) իրեն հարմարավետ է զգացել և նույնպես «թագավորական աշխատավարձ» է ստացել, ինչպես դեմոկրատիայի պայմաններում, ինչի արդյունքում «բարգավաճել» է։ Ընդ որում՝ ընդդիմադիր կուսակցություններին հաջողվել է ձևավորել ոչ միայն նախարարների «ստվերային կաբինետ», այլև իրական պորտֆելներ «ստանալ» կառավարությունում։ Բայց իր գլխավոր գործը՝ պետության շահերին ծառայելը, ընդդիմությունն այդպես էլ չի կատարել։

Այժմ՝ գլխավորի մասին։ Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր կուսակցությունները կրկին ակտիվացել են։ Ընդ որում՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը կամաց-կամաց «տեղավորվում» են մի նավակում։ «Հանդիպումներ են անցկացվում, պայմանավորվածություններ են կնքվում, մնում է ձևավորել կոնկրետ միասնական շտաբ, որն իր առջև կոնկրետ խնդիրներ կդնի կազմակերպչական աշխատանքների գծով»,- քարոզարշավի շրջանակներում երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը։

Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ «միասնական շտաբով» միասնական չես դառնա, մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան անեկդոտային (ողբերգական) է առհասարակ միասնական շտաբի «կենսագրությունը»...

Ընդդիմադիր կուսակցությունների «բարեկամանալու» մտադրությունների մասին մինչ այդ, ՀԱԿ հիմնադիր համագումարում պատմել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ինչ վատ բան կա նրանում, որ մենք փորձում ենք այդ կուսակցությունը (նկատի ունի ԲՀԿ-ն, հեղ.), իսկ հետո էլ մեկ ուրիշը պոկել այս իշխանության կապանքներից։ Սա էլ հենց հաղթանակի ճանապարհն է։ Ժամանակին Խաչատուր Սուքիասյանը նույնպես օլիգարխիայի մի մասն էր։ Բայց երբ հարեց մեր շարժմանը, իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի սնանկացնեն նրան։ Բայց նա մենակ չէր, իսկ եթե մենք շատ լինեինք, նման բան չէր պատահի»,- ասել է Լևոն Հակոբովիչը՝ ավելացնելով, որ Գագիկ Նիկոլաևիչն ընտրել է նույն ճանապարհը և ուզում է ազատվել իշխանության կապանքներից։ Եվ այսօր պայքար է մղվում ավագանու ընտրություններում։ Ինչ վերաբերում է «մյուս» կուսակցությանը, որին նույնպես ՀԱԿ-ը ցանկանում է ազատել իշխանության կապանքներից, ապա խոսքն, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ի մասին է, որի անդամներն իրենց բարձր ներկայությամբ հարգել էին ՀԱԿ համագումարը։

Հարց է ծագում. բա «Ժառանգությո՞ւնը»։ Պրն Տեր-Պետրոսյանն այս իմաստով հարաբերականորեն հակիրճ է արտահայտվել. նախ՝ ասել է, թե չի ուզում որևէ վատ բան ասել, որովհետև չի կարելի նկատողություններ անել նրանց, ովքեր բարիկադներում են, երկրորդ՝ նրանք աջակցում են միայն «քաղաքական գործընթացներին»։

«Մենք իրավունք չունենք հուսահատվելու։ ՀՅԴ-ն պետք է հույս ներշնչի մարդկանց այն ժամանակ, երբ թվում է, թե հույս արդեն չկա։ Պարզապես հարկավոր է դասեր քաղել և նպատակային ծրագրեր առաջադրել»,- սա արդեն լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է դաշնակ Արմեն Ռուստամյանը։

Իսկ ահա ԲՀԿ-ն «ժառանգականների» հարցում նախընտրում է լռել, «կոնգրեսականների» հարցում օգնում է դուրս գալ ֆինանսական կապանքներից։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, «երեք ընդդիմադիրներ» նավակում են, իսկ «Ժառանգությանը» հատկացրել են չորրորդ ուղևորի դերը։ Բայց հազիվ թե «ժառանգականները» համակերպվեն սրա հետ. նրանք արդեն մեղադրել են հին ընդդիմադիրներին խարդախության մեջ։

Եվ վերջապես։ Այսօր՝ ապրիլի 17-ին, կրկեսի միջազգային օրն է։ Մենք կրկես չունենք, բայց կա ընդդիմություն, որի ներկայացումը դիտելու ենք ընդհուպ մինչև Երևանի ավագանու ընտրությունների ավարտը։ Եվ այդ դիտումը տխուր է լինելու։ Այնքան տխուր, որ ապագայում դեռ երկար ենք հիշելու դրա մասին։ Ցավոք...         


Տպագրել