Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29551
Հրապարակումներ


17.04.2013

Կուսակցական կրքերը թեժանում են

«Րաֆֆիից նորություն չկա՞, ախպերություն։ 

Ինչի եմ հարցնում։ Մի քանի օր ա տնից դուրս չեմ եկել ու տեղյակ չեմ, էլի՝ ի՞նչ ա կատարվում։ Հիմա ուզում եմ դուրս գամ, բայց չգիտեմ՝ Րաֆֆին լրիվ հաղթել ա, չի հաղթել, փողոցում Նո՞ր Հայաստանն ա, Հի՞ն Հայաստանն ա, Միջի՞նն ա, ո՞րն ա… Ի՞նչ տոմար ա հիմա, ի՞նչ փող ա անցնում...»։

Մինչ Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն էր կատարում, Րաֆֆի Հովհաննիսյանը Կոմիտասի անվ. Պանթեոնում «բարևում» էր Լևոն Տեր-Պետրոսյանին` Հայաստանի ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:

Շարունակելով ֆեյսբուքյան քննարկումների ու «բարևների» թեման՝ անդրադառնանք «Բարև Երևան» դաշինքի քարոզչական պաստառին, որը լայն քննարկումների առարկա դարձավ սոցցանցերում... Շատերը նկարը համեմատեցին նորապսակների լուսանկարի հետ, «Ֆեյսբուք»-ում ակտիվորեն տարածվեցին դեմոտիվատորներ... Այսօրվա մամուլի ասուլիսում սրա մասին խոսեց կուսակցության փոխնախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը. «Ուղղակի որոշները նախանձում են, որ կուսակցության այսպիսի առաջնորդ չունեն, որի հետ կարելի է հանգիստ նկարվել, և առաջնորդն այդ դեպքում իրենից ձայներ չի փախցնի»: Նույն կուսակցության անդամ, «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանն էլ հետ չմնաց ֆեյսբուքյան մյուս օգտատերերից.  «Դեղին պաստառները հաջող PR  քայլ չեն, քանի որ այդ գույնն ասոցիացվում է արևածաղկի ձեթի գովազդի հետ, դա ես ասում եմ որպես PR մասնագետ»:

Մինչ «ժառանգականներն» ու «հանրապետականները» ասոցիացիաների ու PR  քայլերի մեջ են` մյուսները փորձում են մեկնաբանել քարոզարշավի մեկնարկն ու այս երկու կուսակցությունների հակամարտության հետագա «զարգացումը»... Ըստ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն  Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չունի քարտ-բլանշ, որը ստացել էր փետրվարին` նախագահական ընտրություններից հետո, իսկ Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակը գլխավորող՝ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նախընտրական քարոզարշավի մեկնարկն այսպես գնահատեց. «Ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս ընտրություններում վախի մթնոլորտն ավելի մեծ է: Իշխանական ցուցակում ընդգրկված ավագանու մասնակիցների ազդեցությունը քաղաքացիների վրա զգալ է տալիս… Բակերում սահմանափակում են բոլոր տեսակի շփումները, հանդիպումները: Համոզված ենք, ինչպիսի ընտրություններ էլ լինեն, հաջողություն չենք ունենա, եթե կառավարման համակարգում փոփոխություն չլինի»:

Ախր, պետք չէ այդքան վատատես լինել, պրն Խաչատրյան... Չէ՞ որ մենք ունենք մի քաղաքական դաշտ, որտեղ միշտ ու ամեն ինչ է հնարավոր... «Կեցցե դեմոկրատիան», բոլորս ազատ ենք, երբ ու որտեղ ուզում՝ հանրահավաքներ ենք կազմակերպում: Հիմա էլ ՀԱԿ-ն է պատրաստվում հանրահավաքի` «հանդիպման վայրը փոխել չի կարելի...»։ Այո՛, այո՛: Նորից Ազատության հրապարակում, ապրիլի 30-ին, ինչպես նշեց Վահագն Խաչատրյանը։ Հանրահավաքին ելույթ կունենա նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այդ օրը հրապարակում հավաքվածների թվով  կփորձի ցույց տալ, որ իրական ընդդիմությունը հենց ինքն է որ կա: Չնայած այդ հանրահավաքին նույնիսկ ՀԱԿ-ականները դժկամությամբ կգան, բայց հրապարակը լցնելու հարցը Տեր-Պետրոսյանը կկարգավորի... Դա նրան հաջողվում է, մեկ անգամ չէ, որ համոզվել ենք...


Տպագրել