Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29740
Հրապարակումներ


21.04.2013

Երևանցի տաղանդավոր աղջիկը` բարեկամական երկրների լոբբիի հարվածի տակ

Անցած տարվա նոյեմբերին երևանցի Դիանա Ադամյանը դարձավ «Կուլտուրա» հեռուստաալիքի կազմակերպած «Շչելկունչիկ» միջազգային մրցույթի դափնեկիր։ Այդ իրադարձությունը, բնականաբար, աննկատ մնաց Հայաստանում, քանի որ մի ինչ-որ նշանակալի բան էր տեղի ունեցել։ Իսկ նշանակալի և լուրջ բաներով այս երկրում ոչ ոք չի հետաքրքրվում, այլ բան է «Գարեգին Նժդեհ» կինոնկարը՝ արվեստի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող մի բան, որի վրա կարելի է միլիոններ ծախսել։

Ուրեմն, Դիանան երկրորդ տեղն զբաղեցրեց և մրցույթի պայմանների համաձայն՝ շատ առաջարկություններ ստացավ։ Դրանցից մեկը ելույթն է սիմֆոնիկ նվագախմբի հետ «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնում, որն ամեն տարի կազմակերում է Վլադիմիր Սպիվակովը։ Դիանան լրջորեն պատրաստվում էր ելույթին. չէ՞ որ գալիք համերգը նրա համար, փաստորեն, մոսկովյան դեբյուտ էր, այլ ոչ թե փոքրիկ տաղանդների մրցույթ, իսկ Մոսկվան, չնայած ռեֆորմներին ու ճգնաժամերին, եղել և մնում է համաշխարհային մշակույթի կենտրոններից մեկը։ Եվ ահա, Մոսկվայից զանգահարում են Դիանայի ծնողներին և ասում, թե նրա ելույթը նվագախմբի հետ չի կայանալու, նրա փոխարեն նվագելու է մեր ու Ռուսաստանի համար այնքան բարեկամական երկրի՝ Թուրքիայի ներկայացուցիչը։

Հասկանալի է՝ մենք Սպիվակովի փառատոնից պահանջներ չունենք, բայց այն, ինչ կատարվում է, այնուամենայնիվ, պետք է հետաքրքրի Հայաստանի որոշ պետական հաստատություններին։ Մոսկվայում ասում են, թե դիրիժորը Դիանայի փոխարեն թուրքին է ընտրել, որովհետև ժամանակին, իբր, նրա հետ նվագել է, և նրան հեշտ կլինի նվագակցել։ Բայց նրանց, ովքեր հասկանում են դասական երաժշտությունից, դիրիժորի բացատրությունն անհեթեթություն կթվա, քանի որ նման բան լինել չի կարող։ Դա նույնն է, թե շախմատիստն ասի, որ իր համար ավելի հարմար է խաղալ Ֆրանսիայում պատրաստված խաղատախտակի վրա, բայց հարմար չէ Անգլիայում պատրաստված տախտակի վրա խաղալը։ Բայց անհեթեթությունն անմիջապես էլ բացատրություն է ստանում, եթե հաշվի ես առնում դիրիժորի ծագումը, իսկ դիրիժորը բարեկամական Թաթարստանի ներկայացուցիչն է՝ Լերներ ազգանվամբ (կամ նման մի բան)։

Անձամբ ես լոբբինգի մասնագետ չեմ, չեմ զբաղվում տարբեր վայրերում իրականացվող զանազան լոբբիների մոգական ուժերով, բայց Դիանայի պարագայում ադրբեջանա-թուրք-թաթարական ակնհայտ ազդեցություն եմ նկատում, որը Մոսկվայում բավական ուժեղ է։ Ավելի ուժեղ, քան հայկականը։ Եվ ոչ միայն ֆինանսական հզորության, այլ նաև ինտելեկտուալ առումով։ Եթե համեմատելու լինենք համաշխարհային հայության առաջնորդ Արա Աբրահամյանի մտավոր պոտենցիալը Ռուսաստանի ադրբեջանական համայնքի առաջնորդներից մեկի՝ Վագիթ Ալեքպերովի ուղեղի հետ, ապա մեզ համար պատկերը տխուր կլինի, շատ ավելի տխուր, քան Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետում» է։ Բայց ինչ արած՝ սա է իրականությունը, որի հետ, ճիշտ է՝ տհաճությամբ , բայց հարկ է հաշտվել։

Դե, իսկ մինչ համաշխարհային հայության առաջնորդ է աշխատում Արա Աբրահամյանը, իսկ փոքրիկ Դիանան ենթարկվում է սթրեսների, արժեր, որ երևանցի որոշ ազդեցիկ մարդիկ, որոնք անձամբ ծանոթ են Վլադիմիր Սպիվակովի հետ, զանգահարեին մաեստրոյին և խորհուրդ տային, որ նա վերանայեր բարեկամական Թաթարստանի դիրիժորի որոշումը։ Եթե այդ պատկառելի երևանցիք չեն ուզում անել դա, ապա կա երկրորդ տարբերակը. միանգամայն այլ ոլորտի պատկառելի երևանցիք կարող են զանգահարել Մոսկվա, բայց արդեն ոչ թե Սպիվակովին, և այնպես անել, որ դիրիժորը մեր բարեկամ Թաթարստանից բուժման երկար կուրս անցնի Ստամբուլի մասնավոր կլինիկաներից մեկում՝ ստացած մարմնական ծանր վնասվածքներից հետո։ Կարծում եմ՝ այսպես արդար կլինի, և որ գլխավորն է՝ ըստ հասկացությունների։

Հետգրություն

Դիանա Ադամյանին շուտով օգնություն պետք կգա. նա պետք է սովորի Մոսկվայում կամ Գերմանիայում՝ լիարժեք ակադեմիական կրթություն ստանալու համար։ Տերպետրոսյանա-քոչարյանական ռեֆորմների հետևանքով Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսորներն այսօր աշխատում են Մոսկվայի կոնսերվատորիայում (Բոգդանյան, Հախնազարյան), այլապես կարելի կլիներ ակադեմիական կրթություն ստանալ նաև Երևանում՝ պետության հաշվին։ Բացի այդ, նրան ջութակ է հարկավոր, որը թանկ արժե։ Իսկ գործիքների պետհավաքածուն այսօրվա դրությամբ թալանված է։ Ընդ որում, ինչպես ասում են իրազեկ աղբյուրները, թալանված է հիմնավորապես։ Մի խոսքով՝ համատարած խնդիրներ են։ Այս առնչությամբ կուզենայի հրավիրել հայրենական մեկենասների և բարերարների ուշադրությունը ոչ թե Դիանայի ճակատագրի (նա ոչ ոքի չի հետաքրքրում. ընտրություններն արդեն անցել են, իսկ մեր բարերարները բարեգործությամբ զբաղվում են կամ քաղաքական նպատակներով, կամ պետության առաջին դեմքերի հարկադրանքով, որոնք, ինչպես միշտ, ահավոր զբաղված են. նրանց չես կարող զանգահարել, նրանց դռները փակ են), այլ մեկ այլ բանի վրա։ Օրինակ, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Ալեքսանյանը չգնեն իտալացի վարպետների պատրաստած լարային գործիքներ և դրանք ունենան որպես իրենց սեփականությունը, իսկ անհրաժեշտության դեպքում գործիքները տրամադրեն արտիստներին։ Սա աշխարհում ընդունված գործելակերպ է։ Ինքը՝ Վլադիմիր Սպիվակովն էլ Ստրադիվարիուսի ջութակով է նվագում, որն իսպանական մասնավոր հավաքածուից է։ Միևնույն ժամանակ, իտալացի վարպետների գործիքները խիստ շահավետ ներդրում են։ Այսպես, դեռ 50 տարի առաջ աշխարհի լավագույն ջութակներն արժեին $100.000, խորհրդային ջութակահարները (Օյստրախ, Կոգան) անգամ իրենց հաշվին էին գնում։ Այսօր միլիոն դոլարից էժան Ստրադիվարիուս գտնելը գրեթե անհնար է։ Մի խոսքով՝ հայրենական գործարարներին ես խորհուրդ կտայի ներդրումների այս ձևը։ Դա միանգամայն անվտանգ և շահավետ ներդրում է, էլ չեմ ասում այն մասին, որ դրանից նաև բարեգործության հոտ է գալիս։ Իսկ դա արդեն հազվադեպ երևույթ է...  


Տպագրել