Հրապարակումներ

Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ինչպես հայտնի է, հունվարի 25-ին Դավոս առողջարանային քաղաքում բացվելու է Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը (ՀՏՀ), որը շատ կարևոր միջազգային նշանակություն ունի։ Դավոսի մասին ասում են, թե դա գործարար աշխարհի համաշխարհային ջերմաչափն է, որտեղ տեղի է ունենում կարծիքների փոխանակություն, ինչի հիման վրա հետո սկսում են ընդունվել ռազմավարական որոշումներ։
Արդեն հայտնի է, որ այս տարի, Դավոսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջև տեղի ունեցած սկանդալից երեք տարի անց, այստեղ է ժամանելու նաև թուրքական պատվիրակությունը՝ ընդլայնված կազմով։
Հակիրճ հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետի և Իսրայելի նախագահի միջև սկանդալը տեղի ունեցավ Գազայի վերաբերյալ ՀՏՀ շրջանակում կազմակերպված կոնֆերանսում։ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հանդես եկավ հուզական ճառով, որում պարզաբանեց իր պետության դիրքորոշումը, և խոսքի մեջ գոռգոռաց Թուրքիայի վարչապետի վրա։ «Ինձ համար Դավոսն ավարտվեց։ Այսուհետ ես այլևս այստեղ չեմ գա»,- այն ժամանակ ասաց վիրավորված ու նսեմացված թուրք վարչապետն ու լքեց հանդիպավայրը։ Հավանաբար, վիրավորանքը հարթել են...
Ընդ որում՝ այս իրադարձությանն իր մասնակցության մասին արդեն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բացի այդ, Դավոսի համաժողովի շրջանակում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Ադրբեջանի մշակույթին և արվեստին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ANKA գործակալությունը։ Պարզվում է՝ «մշակութային ցուցահանդեսը» բացելու է Մեղրիբան Ալիևան, որը համաժողովի հյուրերին կծանոթացնի ադրբեջանական մշակույթի և արվեստի նվաճումներին։ Ավելացնենք, որ ավանդաբար Դավոսում որպես հյուր կմասնակցի նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին...
Համաժողովին կմասնակցի՞ արդյոք Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ նախագահի կամ մեկ այլ պաշտոնատար անձի գլխավորությամբ։ Ամենայն հավանականությամբ, մեր երկիրը Դավոս-2012-ին չի ներկայացվի։ Ինչպեսև Դավոս-2011-ին էր...
Ի դեպ, վերջին անգամ մենք այնտեղ եղել ենք 2009-ին։ Ընդ որում՝ մեկնումեկի մեջ դավադիր հարց կառաջանա. մի՞թե մեր պետական այրերը և խոշոր ձեռներեցներն անելու բան չունեն համաշխարհային համաժողովում, որին մասնակցությունը պատվաբեր է, և ոչ միայն, իրեն հարգող ցանկացած երկրի քաղաքական ու տնտեսական էլիտաների համար։ Պատասխանենք՝ ուրեմն չունեն։ Մանավանդ որ ընտրություններն էլ սարերի հետևում չեն։ Եվ ընդհանրապես, Դավո՞սն ինչ է, եթե մենք «Հայկական Դավոս» ունենք։ Այսպես, 2012թ. փետրվարի 3-ին Ծաղկաձորում մեկնարկելու է «Կամուրջ-2012» միջազգային տնտեսական համաժողովը։ Ընդ որում՝ համաժողովի կազմբաժինը տեղեկացնում է, որ իններորդ «Հայկական Դավոսը» «խոստանում է դառնալ ամենանշանակալի իրադարձություններից մեկը Հայաստանի գործարար կյանքում»։ Ավելին, համաժողովը, որը հայ և արտասահմանցի քաղաքական գործիչների, իշխանության մարմինների ներկայացուցիչների, արդյունաբերողների, ձեռներեցների, գիտնականների և հասարակական գործիչների հանդիպման և բաց երկխոսության վայր է հանդիսանալու, կդառնա «հարթակ ոչ ֆորմալ միջավայրում տնտեսական խնդիրների և դրանց լուծման միջոցների քննարկման համար»։ Որքան էլ կազմակերպիչները ջանացել են «Կամուրջ-2012» միջազգային համաժողովը ժամանակի և տեղի, անգամ շվեյցարական ՀՏՀ լոգոտիպի առումով մոտեցնել Դավոսին, ակնհայտ է, որ «Հայկական Դավոսը» երբեք Դավոս չի դառնա։ Կատակը՝ կատակ, բայց դա հիմարին էլ է պարզ։
Իսկ ընդհանրապես, ամեն տեսակ տնտեսական համաժողովներ, «առաջին տնտեսական կոնֆերանսներ» և այլն անցկացնելու հարցում մենք ակնհայտորեն համը հանել ենք։ Միևնույն ժամանակ, թեև հեղինակը կասկածներ չունի, որ, ասենք, վարչապետ Տիգրան Սարգսյանն անսահմանափակ տնտեսական երևակայություն ունի և կարող է բազմաթիվ գաղափարներ արտադրել, բայց գուցե ժամանա՞կն է կանգ առնել և հարկատուների փողերը քամուն չտալ դրանք հնչեցնելու համար։ Մանավանդ որ դրանից խեր չկա։



Ուղարկել մեկնաբանություն