Հրապարակումներ

Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Հունվարի 18-ը կարծես խոստանում է դառնալ ԲՀԿ «նեղ կամ սև օրերից» մեկը: Հայկական ԶԼՄ-ները չէին հասցրել ծամծմել Արարատի փոխքաղաքապետ և ԲՀԿ հիշյալ տարածքի կառույցի ղեկավար Կարեն Խաչատրյանի հեռանալը հարազատ կուսակցությունից, երբ նոր «բոթ» հասավ՝ կապված քաղաքական գործիչների վրա «ձվանետության օլիմպիական չեմպիոն» Աշոտ Ավետիսյանի ձերբակալության հետ: Աշոտ Ավետիսյանը, նույն ինքը՝ «Բանգլադեշցի Համոն», նույն ինքը՝ «Նեպտուն» լողավազանի սեփականատերը, որին չար լեզուները համարում են ԲՀԿ առաջնորդի մերձավորներից մեկը, հերթական «քաջագործությամբ» աչքի ընկավ մայրաքաղաքում և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Բավական «հարուստ» անցյալ ունեցող այս պարոնի ձերբակալության փաստն իսկ առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ մեր իրականության մեջ: Եթե հավատանք ԶԼՄ-ներին, «Բանգլադեշցի Համոն» այն սափրագլուխների պարագլուխն էր ու հիմնական գործող անձը, որոնք 2004թ. ձվեր էին նետում «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի վրա և բռնություն կիրառում այս խայտառակ խուլիգանությունը նկարահանող լրագրողների նկատմամբ: Նրա անունը հոլովվում է նաև «ՏԷՑ-ի կռուգի» հայտնի «կրիմինալ ռազբորկայի» և մահվան ելքով վրաերթի հետ: Նախորդ «քաջագործություններից» չոր դուրս եկած «Համոն» չգիտես ինչու բռնվեց խուլիգանական արարք կատարելու արդյունքում, և հայտնի չէ, թե այս անգամ էլ կարողանալու է դուրս պրծնել, թե ՀՀ ոստիկանապետի տված խոստումը լոկ խոսք չէր և վերջապես վերածվելու է գործի:
Վերջերս կարծես «չար ճակատագրի», թե ինչ-որ օրինաչափության բերումով ԲՀԿ-ամերձ շրջապատի շուրջ կամ նրանց ջանքերով ինչ-ինչ կրիմինալ պատմություններ են պտտվում կամ էլ հյուսվում, որը պետք է որ մտորումների տեղիք տա Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքական ուժի ղեկավարներին: Դեռևս չէին հանդարտվել մերձբհկական կրիմինալ կրքերը՝ կապված Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած սպանության շուրջ, երբ լուր տարածվեց Արթիկում ԲՀԿ Շիրակի կառույցի ղեկավարի մտերիմներից մեկի կողմից ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարելու մասին, որը շատ կասկածելի արագությամբ և ոչ այնքան հաջող հերքվեց տեղական կառույցի կողմից (գյումրեցիները մինչ այժմ էլ զարմացած են, թե ինչպես հաջողվեց լմնցնել ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահի որդու թիկնապահների հետ կապվող գործը):
Օրինաչափություններն ու պատահականությունները սկսել են բավական շատ համընկնել, և կամաց-կամաց կարծես նեղանում ու նոսրանում են ԲՀԿ-ին ձայն ապահովող «քաջազուն կոհորտայի» շարքերը: Ընտրությունների նախաշեմին սա չափազանց վատ ահազանգ է 50+1 ձայն ակնկալող ուժի համար: Եթե գործընթացն այսպես շարունակվի և ԲՀԿ-ամերձ թաղային հեղինակություններից մի 60-70 հոգի էլ զանազան արարքների համար ձերբակալվեն կամ բերման ենթարկվեն, ապա ցտեսություն 50+1-ին էլ, ԱԺ-ում երկրորդ ուժ դառնալու հնարավորությանն էլ:
Հիրավի, ճիշտ է, որ «ձվեր նետելուց» առաջ պետք էր մտածել, թե կարող են գալ նաև դրանք հավաքելու ժամանակները և «ձայներ բերողներին» կարելի էր առավել մանրակրկիտ ընտրել: Չպետք է մոռանալ, որ «բեսպրեդելն» էլ կարող է սահման ունենալ և հաստատված «խաղի կանոնների» խախտումը կարող է պատժվել ոչ միայն մոծակի խայթոց հիշեցնող «դեղին քարտով», այլև բավական հիմնավոր և ծանր «կարմիր քարտով», որը ստանալուց հետո քաղաքական խաղադաշտից կարող ես դուրս մնալ և ՕԵԿ-ի նման «ավուտչիկի» դեր ստանձնել;
Երևի, առավել ճիշտ կլիներ սեփական «ձայն բերողներին» սթափեցնելը և կարգի հրավիրելը, քան ամեն անգամ սրանցից սահմանազատվելու և «չճանաչել տալու» պրակտիկան, որն առավել շատ կասկածների տեղիք է տալիս, քան փարատում է դրանք: Իսկ որ հաջորդներն էլ են այս շարքից լինելու՝ արդեն չեմ կասկածում, որովհետև «ձայն բերողների» տեսակն ի բնե և ի ծնե այդպիսին է ու փոխվելու նույնիսկ մտադրություն էլ չունի:



Ուղարկել մեկնաբանություն