Հրապարակումներ

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Նիստը շարունակվում է, պարոնայք երդվյալ ատենակալներ»,- կասեր անզուգական Օստապ Բենդերը, որը հարգում էր քրեական օրենսգիրքը, չնայած գիտեր միլիոն աշխատելու բազմաթիվ եղանակներ: Երևի, Մարգար Օհանյանն էլ հարգում էր ու հարգում է այժմ քրեական օրենսգիրքը և համոզված է, որ ինքն անմեղ է և դա ապացուցելու է դատարանում: «Դեռ մինչև հիմա որևէ վկա իմ դեմ չի խոսել, ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Մարգար Օհանյանը` խոստանալով առաջիկայում հանդես գալ աղմկոտ հայտարարություններով (https://news.am/arm/news/89770.html): Եվ իրապես, հունվարի 19-ին դատակոչված երկու վկաները` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը և 2-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը, ՃՈ նախկին պետի դեմ ցուցմունք չեն տվել, փոխարենը պնդելով, որ բոլոր փաստաթղթային կեղծիքներն (մարդիկ թուղթը ստորագրել են, բայց հասանելիք բենզինը չեն ստացել) արվել են 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի հանձնարարականով: Իսկ սույն բարձրաստիճան սպան, որի հարցաքննությունից հետո ձերբակալվեց ՃՈ նախկին պետը, ստորագրությամբ, թե չգիտես ինչի դիմաց ազատության մեջ է, իսկ Օհանյանը` ճաղերի հետևում, չնայած ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «մարդկայնորեն» շատ էր ուզում նախկին ընկերոջը տեսնել ազատության մեջ;
Մարգար Օհանյանի ձերբակալության օրվանից սկսած՝ շատերն էին հոգու խորքում, թե անթաքույց կասկածում, որ սա Ալիկ Սարգսյանի և ընկ. կազմակերպած թատերական շոուն է և նպատակ ունի հերթական ոստիկանական «գելթոզին» ներկայացնելորպես սեփական շարքերը կոռումպացված աշխատակիցներից մաքրելու «ազնիվ մղում», ինչու չէ, նաև սեփական անշեղորեն նվազող վարկանիշը ՀՀ նախագահի աչքում բարձրացնելու «անմեղ մոլորություն»: Դե, իսկ գործ թխելն էլ հո լուրջ հետաքննություն կամ համակարգն իրապես մաքրելու ձգտում չէ, որ հիմնավոր իրականացվեր, և համոզված եղեք, որ դատարանում ստվարաթղթե տնակների պես մեկը մյուսի հետևից փլվելու են մեղադրանքներից շատերը: Հանկարծ թող տպավորություն չստեղծվի, թե ես հակված եմ Մարգար Օհանյանին անմեղ գառնուկի տեղ դնել կամ էլ նրան «բյուրեղյա» ոստիկան համարել, քավ լիցի: Բայց մարդուն ամեն ինչում մեղադրելուց և ահռելի գումարների շորթումը միայն նրան վերագրելուց (մանր-մունր աշխատակիցներին և մատները լիզող մեղրավաճառներին չեմ հաշվում) առաջ պետք էր գոնե փաստերի ու ապացույցների նորմալ բազա ստեղծել: Նորմալ երկրի նորմալ դատարանում, երևի, Մարգար Օհանյանի գործը վերադարձնեին նախաքննական մարմին, բայց դե՝ սա Հայաստանն է, և սա մեր դատական համակարգն է, որին դեռևս 80%-ով չեն վստահում ՀՀ քաղաքացիները (այս միտքն արտահայտել է ՀՀ արդարադատության նախարարը):
Ուժային կառույցների հետ քիչ թե շատ ծանոթ և սուբորդինացիային տեղյակ մարդիկ լավ հասկանում են, որ որևէ վաշտի հրամանատար (նույնիսկ եթե այն սպայական գումարտակի կազմում է) ուղղակի կապ չէր կարող ունենալ համարյա փոխոստիկանապետի պաշտոն վարող գերատեսչության ղեկավարի հետ` թռնելով ուղղակի պետի, այս դեպքում՝ գումարտակի հրամանատարի գլխից: Սրանից հետո որպես Մարգար Օհանյանի դեմ վկա հարցաքննել այս մարդկանց՝ անհասկանալի ու զավեշտալի է հնչում:
Ինչևէ, Մարգար Օհանյանը համոզված է, որ ամեն ինչ իր համար լավ է լինելու, և ամեն դատական նիստից հետո հայտարարում է, որ նոր սենսացիոն հայտարարություններ ու բացահայտումներ է անելու: Համոզված եղեք, որ Մարգար Օհանյանի այս հայտարարություններից հետո մի քանիսը ձեռքը տանում են վալիդոլի սրվակին, մյուսների էլ շաքարն է բարձրանում: Կոռուպցիոն համակարգի «խաղի կանոններին» քաջատեղյակ և «կոռուպցիոն օրենսգիրքը հարգող» Մարգար Օհանյանը կարծես ճիշտ մարտավարություն է ընտրել և փորձում է պարզ ու անբռնազբոս շանտաժի միջոցով եթե ոչ չոր դուրս գալ (եթե նրա ընտանիքի կողմից պետությանը վերադարձված տասնյակ միլիոնները չհաշվենք), ապա գոնե ցավեցնել կամ հավերժ սարսափի մեջ պահել իրեն որպես «զոհ» մատուցողներին:
Իրապես, հետաքրքիր զարգացումներ են սպասվում այս «բենզինային սերիալում», և սպասենք հաջորդ նիստերին:
Մարգար Օհանյանի դատավարության այս օրը նշանավորվեց կամ, եթե կուզեք՝ «համեմվեց» հայ «պանծալի» պատգամավորական «փաղանգի» երևելի մականունավորներից մեկի` ԲՀԿ-ական խմբակցության անդամ Հարություն Կարագյոզյանի «քաջագործությամբ»: Մարդը եկել էր թամաշա նայելու, բայց հանկարծ պարզվեց, որ օրինականության պահապաններն «առյուծի սիրտ են կերել» և թույլ չեն տալիս իրեն` Կարամելի Հարութին, մտնել դատական նիստերի դահլիճ: Լրիվ իրենց կորցրել են էս ջահելները, «ավտարիտետնի» մարդկանց ու այն էլ՝ ԱԺ «վսեմաշուք» պատգամավորներին դեմքով չեն ճանաչում: «Երբ դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը փորձեց ճշտել նրա ինքնությունը՝ ասելով, որ դատարանում այս պահին տեղ չկա, պետք է մի փոքր սպասել, պատգամավորը բարկացավ և ասաց. «Չե՞ս ճանաչում ընձի, արա, պատգամավոր եմ»: Փիլոսյանն էլ հակադարձեց. «Ես կատարում եմ ձեր՝ պատգամավորների ընդունած օրենքը», ինչից հետո Կարագյոզյանը հայհոյեց իր աշխատանքը կատարող դատարանի աշխատակցին:
Ֆոտոլրագրողի հարցին, թե հարգելի պատգամավորն ինչու է հայհոյում, պատգամավորը պատասխանեց. «Լավ եմ անում»: Իսկ հետո ֆոտոլրագրողը պատգամավորին ասաց. «Ամեն դեպքում ավանդույթները մի խախտեք, դուք ԱԺ-ում չեք, հայհոյում են այնտեղ» https://www.aravot.am/2012/01/19/28501/: Սա, երևի, ՀՀ ԱԺ աշխատակազմի և արդարադատության նախարարության բացթողումն է: Պետք է բոլոր դատական կարգադրիչներին բաժանել ԱԺ պատգամավորների լուսանկարները, որպեսզի դեմքով ճանաչեն իրենց համար օրենքներ «ստեղծողներին»: Բայց այստեղ էլ մի ուրիշ վտանգ կա: Ընդհանրապես ուժային կառույցների ծառայողներին բաժանվում են, մեղմ ասած, ոչ լավ արարքներ կատարած մարդկանց պատկերները։ Նորից օրենսդրական և իրավական կազուսների թնջուկի մեջ չընկնելու համար, երևի, կարելի է դատական կարգադրիչներին խումբ առ խումբ տանել ԱԺ, որպեսզի նրանք կենդանի ժամանակում` online տեսնեն մեր «օրինադակիչներին», բայց սա էլ, երևի, չաշխատի, որովհետև ԱԺ նիստերի դահլիճը 2/3-ով միշտ դատարկ է:
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
Բացառվում էր, որ բռնվես ու բերդ բերվես` թե բենզինասե՛ր բոլորին` բենզինը բարախիղճ բաժանվեր... ԲԱ՜ բեղազուրկ բարձրաստիճան բենզինասեր բարկացած բռնավոր բալես ...