Հրապարակումներ

«Շքերթի հրամանատար» նշանակվում է վարչապետը,
կամ՝ հերթական արդյունաբերական «բուլբուլյատորը»
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Եթե որևէ մեկը փորձի հաշվել, թե որքան խորհուրդներ, հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ և նմանատիպ այլ փուչ կառույցներ կան Հայաստանում, ապա անպայման հաշիվը կկորցնի և աչքերի վրա շաղ կիջնի: Միայն ու միայն հանրային կսրծիքի «բուլբուլյատորացմանն» ուղղված սույն կառույցների բերած օգուտն աննշան է և անհեռանկար: Ում համար պարզ չէ, որ ցանկացած լավ գործ բարուրում խեղդելու ամենալավ միջոցը հանձնաժողով ստեղծելն ու անվերջ նիստեր անցկացնելն է:
Մեր հայրենի կառավարությունն իր «լուսաճեմ» վարչապետով հանդերձ անցած ոչ լրիվ չորս տարում հասցրեց այնքան հանձնաժողովներ ու նմանատիպ դատարկ կառույցներ ստեղծել, որ լվաց նախկին բոլոր կառավարությունների գլուխը: Մարդկանց տրամաբանությունն ու գործելաոճը հասկանալի են ու պարզ: Ռեալ, ես կասեի՝ հողեղեն, տնտեսության կառավարումից միլիոնավոր կիլոմետրեր հեռու գտնվող վարչապետն ու իր «գիտունիկների» թիմն իրենց տեսական կամ, ավելի ճիշտ՝ երևակայական տնտեսագիտական հայացքները փորձում են ներդնել հայկական տնտեսություն կոչվող շիլաշփոթի մեջ: Արդյունքներն այնքան ակնհայտ են ու ցցուն, որ ավելորդ եմ համարում հիշեցնել: Չնայած, եթե «թարմ ականջները» ունկնդրեն մեր վարչապետին Աստծո ամեն հինգշաբթի (ՀՀ կառավարության նիստերի ժամանակ) և արանքում նաև Արմավիրի որևէ գյուղում կարասների ֆոնին նստած, կպարզեն, որ աշխարհիս երեսի բոլոր ֆինանսական միջազգային կառույցներն ու ռեյթինգային գործակալությունները, բանուգործ թողած, միայն հայկական տնտեսության «հսկայական նվաճումներն» են արձանագրում և ի ցույց դնում մյուս երկրներին, թե ինչպես պետք է «հայավարի» կառավարել տնտեսություններն ու ֆինանսները: Այ, եթե Հունաստանն էլ Պապանդրեուի կամ մեկ ուրիշի փոխարեն Տիգրան Սարգսյանի նման «ամենայն պետականության թշնամի» վարչապետ ունենար և պետական սեկտորի ծառայողներին 13-րդ կամ 14-րդ աշխատավարձ չտար, ապա այսպիսի ֆինանսական կոլապսի առջև չէր կանգնի: Ի՜նչ իմանար Պապանդրեուն, որ պետական չինովնիկին կարելի է ցածր աշխատավարձ տալ, բայց ներքին կարգով թույլատրել օգտվել «կերակրումների» համակարգից, մի խոսքով՝ մտնել պետության և ժողովրդի գրպանը:
Ինչևէ, Հունաստանը չունի, բայց դե մենք ունենք Տիգրան Սարգսյան և ընկ. կոնցեսիան, որն աղոտ հիշեցնում է «Պոզեր և սմբակներ» հիմնարկը: Ողջ 2011թ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը թմբկահարում էր Գյումրու տեխնոպարկի մասին լեգենդը և «սպառնում» ստեղծել հայկական «սայմալոտ-սավառնակներ»: Հավանաբար, Դավթյանի «փամփուշտները պարպեցին» (կամ հատկացված բյուջետային փողերը մսխվեցին նանարիկ քարտուղարուհիներ ընդունելու և այլ շքեղությունների վրա), և այսօր արդեն նա հայտարարում է, որ «Բոինգ» չենք արտադրելու, որ կարողանանք մրցակցենք» (https://www.azatutyun.am/content/article/24461682.html):
Այ քեզ բա՜ն, մարտյան եղանակների նման փոխվում են նաև մեր նախարարների «երգի տեքստերը»: Լա´վ, անցած լինեն տեխնոպարկն էլ, սավառնակն էլ, բաս հիմիկ ի՞նչ «բուլբուլյատոր» են մատուցում ՀՀ համբերատար և «կառավարությունասեր» հասարակությանը: Չմտածեք, «բուլբուլյատորներ»՝ որքան ուզեք կան մեր կառավարության գզրոցներում: Միայն պետք է ճիշտ պահը որսալ և ճիշտ մարդու բերանով դա հասցնել հանրությանը:
Ահավասիկ, վերջին «հանճարեղ բուլբուլյատորը», որի մունետիկը, ճիշտ գուշակեցիք, նորից անկրկնելի Տիգրան Դավթյանն է: ՀՀ կառավարության որոշմամբ առաջիկայում Հայաստանում պետական և մասնավոր կառույցներից ձևավորվելու է Արդյունաբերական բարձրագույն խորհուրդ, որը կղեկավարի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սրան «թուփ առ թուփ» հետևելու են ճյուղային, երևի նաև ենթաճյուղային, ենթա-ենթաճյուղային և այլ մանր-մունր խորհուրդներ, որոնք «պետք է իրականացնեն այն կոնկրետ ծրագրերը, որոնք ուղղված են երկրի տնտեսության և արդյունաբերության զարգացմանը» (https://www.azatutyun.am/content/article/24461682.html):
Պարզվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ ռազմավարություն է մշակել և ստեղծվող խորհրդի նպատակն էլ արտահանման ծավալների մեծացումն ու մինչև 2020թ. դրա եռապատկումն է: «Երազելը վնասակար չէ» ասացվածքն այստեղ, կարծում եմ, տեղին չէ, որովհետև գործ ունենք ռեալ տնտեսության և իրական տնտեսական քաղաքականության հետ, որը մեր երազկոտների ձեռքին դառնում է սոսկ թղթի թափոն և սուղ միջոցների վատնման (գուցե և մսխելու) բավական անմեղ միջոց: Հայկական Նյու Վասյուկիի հեղինակ և ջատագով պարոն նախարարն ինքն էլ է խոստովանում, որ հայրենական արտահանման առյուծի բաժինն ընկնում է հանքարդյունաբերությանը: Դե, պատկերացրեք, որ իրականացվում է եռապատկման այս հիփոթետիկ ծրագիրը, և այժմ էլ իջեք իրական գետնի վրա ու տեսեք, թե որքան հանքատերեր բառիս բուն իմաստով իրարու կոկորդ են կրծելու կամ հանքարդյունաբերող կանանց ծամեր են քաշքշելու ամեն մի թիզ հողի համար: 2020թ. երևի բոլորս մայր հողից վեր, կառավարության կառուցած օդային կամ եթերային ամրոցներում ապրենք, որովհետև հանքատեր տղերքն ու աղջկերքը տակնուվրա են անելու մեր երկրի երեսն ու ընդերքը` հանուն արտահանման եռապատկման:
Տիգրան Դավթյանը նաև մեր արտադրանքի իրացման «նիշա» է փնտրում դրսում, բայց լավ կլիներ, որ ՀՀ նախագահը մի «պուճուրիկ» նիշա գտներ ու այնտեղ «աքսորեր» կամ «արտահաներ» Տիգրան Երազկոտին, Տիգրան Բենդերին ու «Պոզեր և սմբակներ» կոնցեսիայի մյուս անդամներին:



Ուղարկել մեկնաբանություն