Հրապարակումներ

Տուգանում են բիզնես չունեցող մարդուն, հետո էլ ստիպում, որ ինքն իրենից տուգանք գանձի
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայության (ԴԱՀԿ) պետ Միհրան Պողոսյանն, իր կամքից անկախ, վերջին շրջանում հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Անշուշտ, եթե դա բարի նպատակով լիներ, դեռ կարելի էր հասկանալ, բայց գլխավոր հարկադիրին միայն անցանկալի լուրերն են շրջապատում: Չնայած պրոֆեսիոնալ փիառշչիկներն ասում են, որ լավագույն գովազդը հակագովազդն է: Այնպես որ, Պողոսյանը գոնե այս առումով պիտի որ մի փոքր մխիթարվի ու վատի մեջ էլ լավը փնտրի:
Հիմա՝ ըստ էության. թերթերից մեկը նախորդ շաբաթ գրել էր, թե Միհրան Պողոսյանը ցանկանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Քանաքեռ-Զեյթուն շրջանի ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրել և վերջին ամիսներին իրեն պատկանող «Քեթրին» ընկերության միջոցով այդ շրջանում սկսել է բարեգործական ակցիաներ իրականացնել: Բարեգործությունը լավ բան է, վատն այն է, որ այդօրինակ գթասրտության մասին «երեսփոխանության» թեկնածուները կամ անձեռնմխելիության հավակնորդները հիշում են ընտրությունից ընտրություն: Պատասխանը չուշացավ: ԴԱՀԿ մամուլի քարտուղարը շտապեց հերքել. «Պողոսյանը թեկնածությունը չի առաջադրելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում»: Խիղճներս հանգստացավ:
Մանավանդ որ ավետել էին, թե «Քեթրին» հասարակական կազմակերպությունը գործում է 2000 թվականից, սկզբում կոչվում էր «Իմաստասեր հայորդի», միշտ էլ բարեգործական ծրագրեր է իրականացրել, կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը կապ չունի նախընտրական շրջանի հետ, ընկերության բարեգործական գործունեության մասին կարող է վկայել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ցանկացած ներկայացուցիչ: Այսինքն՝ գոնե մի մարդ էս երկրում առաջնորդվում է «լավություն արա, ջուրը գցի» սկզբունքով, ու այդ մարդու մասին գիտի համայնքի «ցանկացած ներկայացուցիչ»:
Հաջորդ հետաքրքիր լուրն այն էր, որ Պողոսյանին պաշտոն են խոստացել նախագահականի վերահսկողականում: Բայց արի ու տես, որ այս պաշտոնն էլ Պողոսյանը չի ուզում: Նրան ավելի շատ դուր է գալիս իր աշխատանքը` չնայած գեներալի ուսադիր դեռ չի ստացել: Գլխավոր հարկադիրը վերջերս ամփոփել էր ԴԱՀԿ նախորդ տարին ու տպավորիչ թվեր ներկայացրել՝ թե ում որքան են պատժել: Բայց ի՞նչ գիտեր, որ ընդամենը մի քանի օրից իրեն էլ են պատժելու: «Մի դատիր, որ չդատվես». մի քիչ տեղին չէ, բայց այս դեպքում սազում է: Մ.Պողոսյանը լրագրողներին ասել էր, որ պաշտոնին նշանակվելուց հետո վաճառել է իր բիզնեսները և հիմա իր եկամտի ու ֆինանսական ապահովվածության աղբյուրը անշարժ գույքն է. «Ես միայն «Քեթրին»-ի ու որոշ խանութների շենքերի սեփականատերն եմ, որոնք վարձով եմ տվել: Դրանք ինձ բավարարում են»,- ասել էր նա: Համեստությունը միշտ էլ գնահատվում է: Բայց տե՛ս, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովն այս հանգամանքը հաշվի չի առել:Օրերս ՏՄՊՊՀ-ն որոշել է 10 միլիոն դրամով տուգանել «Քեթրին» ընկերությանն այն բանի համար, որ ունենալով գերիշխող դիրք ազոտական պարարտանյութի ներկրման և վաճառքի շուկայում՝ չարաշահել է այն: Քիչ փող չի, բայց եթե նկատի ունենանք, որ հանձնաժողովի անդամները սկզբում որոշել են ընկերությանը տուգանել կրկնակի չափով (20 միլիոն դրամով), բայց նկատի ունենալով, որ սա հիշյալ ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման առաջին դեպքն է և կրճատել են տուգանքի չափը, ապա կստացվի, որ «խղճով են առաջնորդվել»: Հիմա՝ այն մասին, թե ինչպես է վճարելու «Քեթրին գրուպը», և արդյոք կվճարի՞: Եթե «Քեթրին գրուպ»-ը հրաժարվի վճարել տուգանքը, իսկ դատարանը պարտադրի, ապա դա պիտի անի ԴԱՀԿ-ն: Ստացվում է, որ Միհրան Պողոսյանն ինքն իրենից կբռնագանձի: Մնում է հուսալ, որ գումարը կվճարվի կամավոր սկզբունքով և դիմադրելու կամ հարկադրանքի կարիք չի լինի: Թե չէ՝ ի՞նչ կստացվի, ո՞վ ում հարկադրի և ամենակարևորը՝ ինչպե՞ս...
Սա է հայ իրականության պարադոքսալ ֆենոմենը. գործարարին նշանակում են ԴԱՀԿ պետ, իսկ կյանքը հասցրել է նրան, որ հիմա էլ ստիպելու են «ինքնակատարածու» դառնալ...



Ուղարկել մեկնաբանություն