Հրապարակումներ

Երկու դիրքորոշում Տիգրան Հակոբյանի խարդախության վերաբերյալ գործում
Լանա ՄՇԵՑՅԱՆ
Ինչպես հայտնի է, հունվարի 14-ին կալանվել էր Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրես» տեղեկատվական գործակալության նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանը։ Նրան մեղադրանք էր ներկայացվել «մսխում կամ յուրացում» հոդվածով։ Թեև նա վերջին ժամանակներս առանձնապես ակտիվ չէր, բայց համարվում էր նախկին իշխանության ներկայացուցիչ և մեկը, որը մոտ է կանգնած Հայ ազգային կոնգրեսին։ Սույն գործի շրջանակում որպես մեղադրող է անցնում նաև Վահան Մուսինյանը՝ ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանի եղբայրը։ Նա գտնվում է փախուստի մեջ և որոնվում է իրավապահ մարմինների կողմից։
Բավական աղմկալի հանրային արձագանք առաջացրած այս գործը նախաքննության փուլում է գտնվում։ Եվ լիովին հասկանալի է, որ ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչները ջանում են խուսափել մեկնաբանություններից, ի տարբերություն փաստաբանների, որոնց համար ամենևին պարտադիր չէ գաղտնիքի պահպանումը։ Այսպես, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը պաշտպանում է գործարար եբայրներ Գոռ և Արմեն Խչոյանների շահերը, որոնք մեղադրում են Տ.Հակոբյանին և Վ.Մուսինյանին իրենց փողերը վատնելու մեջ, ներկայացնում է իրեն լիազորողների դիրքորոշումը։
Փաստաբանը պատմել է, որ Խչոյան եղբայրները մի քանի տարի առաջ հիմնել են «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ն՝ գյուղատնտեսական ընկերություն, որը գործունեություն է ծավալել Լոռու մարզում։ 2009թ. ՍՊԸ տնօրեն է նշանակվել Տ.Հակոբյանը, որը Գոռ Խչոյանի մանկության ընկերն ու դասընկերն էր։ Շուտով որոշվում է տարբեր տեսակի գյուղատնտեսական գույք և շինություն սարքավորելու համար մոտ 500 հազար դոլար հատկացնել։ Եղբայրները փողը հանձնում են Տ.Հակոբյանին, որն, իր հերթին, աշխատանքի է հրավիրում Վ.Մուսինյանին՝ դա բացատրելով նրանով, որ իրեն գնումների համար օգնական է պետք, և ոչ միայն։ Սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ գնումները ոչ միայն չեն իրականացվել, այլև հոլդինգից անհետ կորել է եվրոպական ցեղատեսակի մի քանի տասնյակ կով։ Որոշ տեղեկություններով՝ դրանք մորթվել են այն պատրվակով, թե իբր հիվանդ են։ Վերոնշյալ իրադարձություններից հետո ընկերությունում ստուգումներ են սկսվում։ Նոր տնօրեն է նշանակվում, որն էլ 2010թ. մինչև վերջ բացահայտում է տեղի ունեցած բոլոր խախտումները։ Տ.Հակոբյանը զայրացած սեփականատերերին հայտարարում է, թե ոչ մի բանում մեղավոր չէ, մեղավոր է Մուսինյանը։ Եվ անգամ ինքն է առաջարկում դիմել իրավապահ մարմիններին։ Խչոյան եղբայրները, մեկ տարի սպասելով, որի ընթացքում այդպես էլ իրենց փողը հետ չեն ստանում, դիմում են դատախազություն։ Հետաքննություն է սկսվում, որը, ինչպես ասում են, արդեն ոչ միայն Մուսինյանի, այլև Հակոբյանի մեղքի վերաբերյալ փաստեր ունի։ Այլ խոսքով՝ առանց Տ.Հակոբյանի մասնակցության հափշտակումն իրականացնելն անհնար կլիներ։ Այս պահին կատարվում է հետաքննությանն անհրաժեշտ փորձաքննություն։
Ն.Բաղդասարյանն ընդգծել է, որ իրեն լիազորողներն ընդամենը ուզում են հետ ստանալ իրենց փողը, այլ նպատակ նրանք չեն հետապնդում։ Փաստաբանն ուշադրություն է դարձրել նաև այն բանին, որ գործը բացառապես քրեական բնույթ է կրում, և այն քաղաքականացնելը, ինչն այսօր, Բաղդասարյանի կարծիքով, անում են որոշ ԶԼՄ-ներ, ճիշտ չէ։
Օբյեկտիվությունը պահպանելու համար մենք դիմեցինք նաև Տ.Հակոբյանի փաստաբան Հայկ Ալումյանին։ Նրա կարծիքով՝ իր պաշտպանյալը ոչ թե արդարանալու, այլ ընդամենը գործի նկատմամբ օբյեկտիվ մոտեցման կարիք ունի։ Միակ բանը, ինչի հետ Ալումյանը համաձայն է «տուժող» կողմի հետ, այն է, որ փողն իսկապես հատկացվել է։ Նա պնդում է, որ փոխանցված ողջ գումարը ծախսվել է ընկերության սեփականատերերի կարգադրություններին լրիվ համապատասխան։ Ավելին, ամեն մի ծախսում, անգամ 300-400 դրամը, արձանագրվել է և հանձնվել Խչոյանների մերձավոր հարազատներից մեկին։ Իսկ վերջինս էլ, իր հերթին 1-2 շաբաթը մեկ պարբերականությամբ արձանագրություններն ուղարկել է տերերին։ Ինչ վերաբերում է Մուսինյանին հանձնված փողին, ապա դա տեղի է ունեցել սեփականատերերի գիտությամբ, ինչի մասին նույնպես նշված է հաշվետվություններում։ Այդ բոլոր հաշվետվությունները վերցված են և գտնվում են քննչական մարմինների մոտ։
Ինչ վերաբերում է գործընթացի քաղաքականացմանը, ապա Հ.Ալումյանը նման միտում չի նկատել։ Բայց միևնույն ժամանակ, գործի մեջ նկատվում են դժվարբացատրելի գործոններ։ Օրինակ, հետաքննությանը հասանելի էր տվյալների շտեմարանը, որի միջոցով հստակ երևում էին իր պաշտպանյալին հանձնված գումարների ծախսերը։ Թվում է՝ սկզբի համար ավելի տրամաբանական կլիներ մեղադրանք չներկայացնել և սրտի ծանր վիրահատություն տարած մարդուն կալանքի չվերցնել, այլ ստուգել այդ ծախսերը, որոնք աղյուսակներով ներկայացված են տասնյակ մեքենագիր էջերում։ Այս ամենը Ալումյանին հիմք է տալիս ենթադրելու, որ գործում առկա է մի ինչ-որ սուբյեկտիվ գործոն։ Բայց, չնայած դրան, մեղադրյալը և նրա փաստաբանը հետաքննության հետ համագործակցելու մարտավարություն են տանում։ Տ.Հակոբյանին, նրա փաստաբանի պնդմամբ, ավելի շատ անհանգստացնում է ոչ թե այն, որ հայտնվել է լեփլեցուն բանտախցում, և ոչ էլ վատթարացող առողջությունը, այլ այն միտքը, որ իրեն իսկապես կարող են կասկածել հանցավոր արարքի մեջ։



Ուղարկել մեկնաբանություն