Հրապարակումներ

Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանում մեծամասնություն է կազմելու: Սա հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի այսօրվա ասուլիսում արած միակ հայտարարությունը չէ: Համոզվել է հատկապես տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո, երբ 37 ընտրատարածքներից 31-ում ընտրվեցին ՀՀԿ ներկայացուցիչներ: Այն, որ ցանկացած իշխող կուսակցություն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, նորություն չէ: Բնական է ու նորմալ, որ մարդկային, իշխանական ու մի շարք այլ լծակներ գործի են դրվում ընտրություններից շատ ավելի առաջ: Այստեղ միայն պակասում է մի փոքր համեստությունը` կանխատեսման հարցում։
Ռաֆիկ Պետրոսյանի մյուս կանխատեսումը ԲՀԿ մասով էր, որը 2-րդ տեղում կլինի, 3-րդը ՀԱԿ-ն է: Ինչպիսի՜ մեծահոգություն: ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունն ընդդիմության ականջը կշոյի հաստատ: Ասածն էլ հո օդից չի վերցված` վկան (բայց ոչ Եհովայի) Հրազդանի ընտրություններն են:
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հասկացանք, բա ՕԵ՞Կ-ը: Կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ը չորրորդն է լինելու: «ՕԵԿ արժանիքն այն է, որ համագործակցում է պետական կառավարման հարցում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև խիստ պայքար չի ծավալվելու, և ՕԵԿ-ը կօգտվի մյուսների իմիջից»,- կանխատեսում է Ռ.Պետրոսյանը: Բա՛, փաստորեն մի արժանիք գոնե ունի: Մենք էլ գլուխ էինք ջարդում՝ հասկանալու համար այդ գաղտնիքը:
ՀՅԴ-ն կունենա իր հինգ տոկոսը, «Ժառանգություն»-ը հինգ տոկոսանոց շեմը չի անցնի, եթե առանձին մասնակցի ընտրություններին։ Հարց է առաջանում. ինչո՞ւ է Ռաֆիկ Պետրոսյանն Ահարոն Ադիբեկյանի հացը ձեռից խլել ու կանխատեսումներ անում: Կամ լավ բիզնես է ընտրություններից առաջ, կամ էլ Ադիբեկյանն արդեն հնացած էտապ է: Հնարավոր է նաև Պետրոսյանի շուրթերով հնչում է ցանկալի տարբերակներից հավանականը` հանրության ու քաղաքական ուժերի վերաբերմունքը շոշափելու համար: Բայց դե, գուցեև ուղղակի իր կարծիքն է:
Ու եթե ՀՀԿ-ական պատգամավորը դաշնակների մասին համեստ է խոսում, ապա նրանց չի խնայում ԱԻՄ-ը: Պարույր Հայրիկյանի քաղաքական ակտիվացումը հասկանալի է ընտրություններից առաջ: Պարզվում է՝ DVD են թողարկել, որը տհաճ անակնկալ է լինելու ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի համար: Պարզվում է՝ այդ զոհողությանն ԱԻՄ-ը գնացել է համարյա «կյանքի գնով»: Սխալ չհասկանաք` սերիալը կապ չունի: Փող է հանգանակել: Կեսը՝ սկավառակի համար, կեսն էլ հետ է գցել` ընտրական գրավի համար:
«Դաշնակներն էլ կնեղանան, որովհետև հարյուր տարի է՝ հավայի ապրում են». սա Հայրիկյանի հայտարարությունն է այսօրվա ասուլիսում: Պարզ է, չէ՞, իսկական գզվռտոցը դեռ չի սկսվել կուսակցությունների միջև, բայց ցեխ շպրտելու համար մրցասպարեզը բաց է: Չի ուշացել դաշնակցական Արտաշես Շահբազյանի պատասխանը: Կայքերից մեկին ասել էր. «Մարդու ապրած կյանքը, գործը ցույց են տալիս, թե ով է «հավայի ապրում», ով՝ ոչ: Ու երևի իր գործերը լավ չեն, հավայի են, դրա համար տենց հայտարարություններ է անում»: Այսպիսի բաներ:
ԱԻՄ-ը բացասաբար է վերաբերվում ՀԱԿ–ին ու, չնայած դրան, համագործակցության առաջարկ էր արել ընդդիմադիր դաշինքին, ՀԱԿ–ն էլ այն չէր ընդունել: Սա հիշեցնում է մոտավորապես չկայացած ամուսնություն, երբ զույգն իրարից զզվում է, բայց փողի կամ շահի համար կարճատև ամուսնության մասին նրանցից մեկը գոնե մտածում է:
Հետաքրքիր զարգացումներ են սպասվում Արաբկիրի ընտրատարածքում: Մեկ հանրապետականի փոխարեն այս տարածքում կարող է իր թեկնածությունն առաջադրել միանգամից չորսը՝ ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, նախկին երկու թաղապետեր Ալբերտ Երիցյանն ու Հովհաննես Շահինյանը: Չնայած վերոնշյալ չորս թեկնածուները ՀՀԿ-ականներ են, սակայն չի բացառվում, որ նրանք, պայքարելով միմյանց դեմ, պայքարեն նաև ՀՀԿ-ի դեմ: Քիչ էր մնում մոռանայինք Վարդան Օսկանյանի բարգավաճումը: Կուսակցական երդում է տվել:
Էս բոլոր հայտարարություններին մի կերպ դիմացանք, զարմանալին ՍԻՄ կենդանության նշույլներ ցուցաբերելն է: Քանի՞ անդամ ունի, ի՞նչ էր անում այս մի քանի տարին, ո՞վ գիտի: Երևի մի երեք շաբաթից կասեն՝ կիմանանք: Հենց այդքան էլ պետք է ՍԻՄ-ին՝ հայտարարելու համար ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին: Բա հո մասխարա բան չի. պիտի ծանր ու թեթև անեն: Բայց մի փոքր ինֆորմացիա արդեն տվել է Հայկ Բաբուխանյանը` չի բացառել, որ կառաջադրվեն մեծամասնականով: Այստեղ են ասել` լոպպազ ազգ ենք, էլի: Ի՞նչ հույսով են մեծամասնականով առաջադրվելու:
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
ну и какой же придурок поставил "плохо"? отлично пишет.