Հրապարակումներ

«Աստծուն խնդրում եմ, որ երկնքում պայթեցնի այն ինքնաթիռը, որի մեջ Սերժ Սարգսյանն է...», կամ դավաճանության ու թշնամանքի՝ որպես պետական քաղաքականության սկզբունքի ապոլոգիա
Վերնագրում չակերտների մեջ բերված խոսքերն արտասանվել են մայրաքաղաքի կենտրոնում մոլեգնող ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ։ Հեղինակը ընդդիմադիր և իբր մշակույթի գործիչ Խորեն Պալյանն է, նախկինում՝ հոգևորական, որն ավելի հայտնի է որպես երգչուհի Լուսինե Զաքարյանի ամուսին, որն էլ, իր հերթին, ավելի հայտնի է որպես... Բայց, դե, մանրամասների մեջ չենք խորանա։
Այն, որ հավատացյալ մարդը (հետն էլ՝ պաշտոնաթող հոգևորական) խնդրում է Աստծուն կյանքից զրկել մեկ ուրիշին բազմահազարանոց ամբոխի ներկայությամբ, հազվադեպ, եթե չասենք՝ այլանդակ երևույթ է։ Դժվար է ասել, թե ինչպես կվարվեին այն մարդու հետ ԱՄՆ-ում, որը հրապարակավ կխնդրեր Տիրոջը պայթեցնել Բարաք Օբամայի ինքնաթիռը։ Բայց կարծում եմ, որ հրապարակային այդ աստվածանարգությունը՝ մարդուն կյանքից զրկելու աղոթքի տեսքով, քաղաքակիրթ աշխարհում քրեորեն դատապարտելի արարք է (կարող է դիտարկվել որպես ահաբեկչության կոչ կամ նման մի բան)։ Սակայն Հայաստանի անքաղաքակրթվածությունից առաջին հերթին ընդդիմությունն է շահում. պրն Պալյանին ոչ միայն չնստեցրին և պատասխանատվության չենթարկեցին, այլև մեծարեցին։ Շատերն են հիշում, թե ինչ թաղում կազմակերպեց այդ պահին եթե չեմ սխալվում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նրա համար։ Ինչպես տեսնում ենք, երկուսի բախտն էլ բերել էր. Տերը չէր պայթեցրել Սարգսյանի ինքնաթիռը, և նա էլ, ողջ մնալով, պատվով թաղեց պրն Պալյանին, հավանաբար՝ ի երախտագիտություն այն բանի, որ վերջինը չէր կարողացել ոնց որ հարկն է աղոթել, ինչի հետևանքով Տերը չէր լսել նրա աղոթքը (հասկանալի է՝ մարդ չկար, որ հոգար պրն Պալյանի թաղման ծախսերը)։
Շատ ավելի պերճաշուք և ճոխ հողին հանձնվեց մեկ այլ կարկառուն ընդդիմադիր՝ դիրիժոր Օհան Դուրյանը, ընդ որում՝ Կոմիտասի անվան Պանթեոնում։ Կենդանության օրոք նրան համարում էին ականավոր և մեծ դիրիժոր, բայց իրականում Դուրյանից դիրիժորի (այդ հասկացության իսկական իմաստով) հոտ չէր գալիս. նա իսկական միջակություն էր, իսկ նրա ղեկավարած նվագախմբին լսելը (հատկապես վերջին երկու տասնամյակում) կատարյալ մղձավանջ էր գեղարվեստական ճաշակ ունեցող մարդու համար։ Բայց շատ ավելի ահավոր փորձություն էր հանգուցյալ մաեստրոյի ընդդիմադիր գործունեությունը։ Փառք Աստծո, այդ ամենն արդեն անցյալում է...
Բնականաբար, հիրավի մեծ արտիստուհի, առաջին մեծության աստղ և վերջին հարյուր տարիների լավագույն ձայներից մեկը՝ Գոհար Գասպարյանը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ բոլոր կարևոր շքանշանների ասպետ), մեղսավոր հողին հանձնվեց անհամեմատ ավելի համեստ ձևով։ Ինչո՞ւ։ Շատ պարզ. նա ընդդիմադիր չէր, հեռու էր քաղաքականությունից, հետևաբար՝ հանուն ինչի՞ Գոհարին ընդդիմադիրների հետ հավասար պատվի արժանացնեին։
Օգտակար խորհուրդ գիտությունների ակադեմիայի, մշակույթի և արվեստի ոլորտի՝ երկրային ու հետմահու փառք տենչացող բոլոր միջակություններին (բացի Երվանդ Մանարիանից և Տիգրան Մանսուրյանից). քանի դեռ ողջ եք և ի վիճակի եք ինքնուրույն տեղաշարժվել, գնացեք ընդդիմության հանրահավաքներին, հետևեք Պալյանի ու Դուրյանի օրինակին, բոլորի աչքի առաջ Աստծուց խնդրեք պայթեցնել նախագահի ինքնաթիռը կամ մեկ այլ բան, հանդես եկեք ամենացասկոտ մարազմատիկ քարոզներով, քանզի միայն դա կարող է ձեզ համար տեղ ապահովել Պանթեոնում և անվճար (ի հաշիվ պետության առաջին դեմքերի) հոգեհաց (գումարած մահարձանները, այլ հաճելի բաներ)։
Ի՞նչ է սա՝ ներքին քաղաքականության սկզբո՞ւնք, մեծահոգությո՞ւն, քրիստոնեական ամենաներո՞ւմ՝ ինձ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ իրականում այսպես էլ տեղի է ունենում։
Հասկանալի է՝ դավաճանները, թշնամիները և «ընդդիմադիրները» գնահատվում են ոչ միայն մահվանից հետո. նրանց հարգում են նաև կենդանության օրոք։ Չեմ թվարկի նրանց անունները, նրանք հանրահայտ են։ Բայց նրանց մեջ կա մեկը, որի մասին այսօր ստիպված եմ կրկին խոսել։ Խոսքը երջանիկ Սամվել Բալասանյանի՝ Գյումրու ապագա քաղաքապետի մասին է։
Ինչո՞ւ է բախտավոր։ Դե, որովհետև նրա գլխին անընդհատ երջանկություն է, որ թափվում է. մի անգամ՝ պատգամավորական մանդատի տեսքով, երկրորդ անգամ՝ գարեջրի կոմբինատի (սրա մասին՝ ստորև), երրորդ անգամ՝ ԱԺ փոխխոսնակի աթոռի, իսկ այսօր էլ նրան հենց այնպես տալիս են հանրապետության երկրորդ քաղաքը, ընդ որում՝ ոչ թե պարզապես տալիս են, այլ հետն էլ խնդրում են, որ վերցնի։ Պրն Բալասանյանը սիրահոժար համաձայնել է...
Մարդիկ վրդովվում են. ինչո՞ւ հենց նա, ինչո՞ւ ոչ մեկ ուրիշը։ Իսկ պատասխանը շատերին չէ, որ հայտնի է, թեև բավական պարզ է. դե, որովհետև սկզբում պրն Բալասանյանը մտավ Արթուր Բաղդասարյանի կուսակցություն, որի սեփականատերն այդ պահին Սերժ Սարգսյանն էր, և ճակատին գրեց «Օրինաց երկիր», հետո դուրս եկավ այդ կուսակցությունից (բայց ճակատի գիրը պահպանեց), հենց որ փոխվեց քաղաքական կոնյունկտուրան, այնուհետև, մի քիչ անկուսակցական պատգամավոր մնալով, նետվեց դեպի ՀՀԿ, որտեղ նրան չվերցրին (բայց պահպանվել է պատմական փաստաթուղթը՝ սեփական ձեռքով գրված հայտարարությունը կուսակցություն մտնելու մասին), դե, իսկ հետո էլ մտավ ԲՀԿ, որի քվոտայով էլ դարձավ Ազգային ժողովի փոխնախագահ։ Իսկ այսօր նրան խնդրում են գլխավորել Գյումրին։ Ինչպես տեսնում ենք, ոչ մի արժանիք պրն Բալասանյանը չունի, չի կատարել նախընտրական ոչ մի խոստում։ Օրինակ. պրն Բալասանյանի կարգախոսներից մեկը՝ «Վերականգնենք կորցրած աշխատատեղերը»։ Ասվածն արված է. պրն Բալասանյանը Գյումրիում փակել է մոտ 3000 աշխաատեղ (3000-ից 140-ն է թողել), արտադրությունը տեղափոխել է Վրաստան, նոր տեխնոլոգիաներ է ձեռք բերել։ Անշուշտ, պրն Բալասանյանը՝ որպես կոմերսանտ, անսխալ է գործում, քանի որ Վրաստանում շատ ավելի հաճելի է բիզնեսը զարգացնել, քան հայրենիքում, որտեղ բիզնեսում հաջողություն ունենալու համար պատգամավորական մանդատներ, այլ դելիկատեսներ են պահանջվում։ Մի խոսքով, եթե որևէ մեկը հասարակությանն ու պետությանն իրեղեն ապացույցներ ներկայացնի պրն Բալասանյանից եղած օգուտի մասին, ապա դա ֆենոմենալ գիտական հայտնագործություն կլինի՝ արժանի Նոբելյան մրցանակի (քանի որ որոնել և գտնել այն, ինչ չի եղել և չկա, իսկապես հանճարեղ է)։
Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին քաղաքապետի պաշտոնին չառաջադրելու որոշմանը, ապա պետք է ասեմ, որ դա բավական պրագմատիկ որոշում է։ Տեսեք ինչպես են մտածում վերևում։ Վարդանն առանց այդ էլ մերն է, մեզնից ո՞ւր պիտի փախչի, պետք է դեպի մեր կողմը գրավել նաև Բալասանյանին, մանավանդ որ պատգամավորական մանդատ կազատվի, որը կտանք մեր մերձավորներից որևէ մեկին։ Այս է ամենը։ Որոշումն, անշուշտ, պրագմատիկ է, բայց թե որքանով է ճիշտ՝ ցույց կտա ժամանակը։ (Օրերս առիթ ունեցա շփվելու Ղուկասյանի հետ։ Ես նրան հարցրի իրեն չառաջադրելու պատճառը։ Եվ հիշեցրի, որ 2005թ. նրան նույնպես արգելեցին առաջադրվել, իսկ իշխող կոալիցիան [այդ պահին ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ կազմով] նրա դեմ ահեղ մրցակից էր հանել, որն էլ շռնդալի պարտություն կրեց։ Վարդանը պատասխանեց, որ 2005-ին իրավիճակն այլ էր... մի խոսքով, ասում է՝ մարդն [առաջին դեմքը] ինձ կյանքում մի անգամ մարդավարի մի բան խնդրեց, ինչպե՞ս կարող էի չկատարել...)։
Հետգրություն 1
Հասկանալի է՝ ոչ մի նոր բան չասացի. բոլորն էլ Հայաստանում գիտեն, թե ում ոնց են թաղել, ում ինչ պատվի արժանացրել (ու ինչ «արժանիքների» համար), ում ինչի համար են պարգևատրում ու առաջ տանում։ Մի խոսքով՝ հայերն ամեն ինչ գիտեն. նրանց նոր ու անհայտ ոչ մի բան չես ասի, իսկ եթե մի փոքր ավելի քիչ իմանային, գուցե հիմա այլ երկրում ապրեին։ Իսկ հոդվածիս համար առիթ հանդիսացավ պրն Բալասանյանի նախընտրական քարոզարշավը և ոչ թե ուրիշ մի բան։ Ասենք, որ պրն Բալասանյանը բավական բուռն քարոզչություն է վարում և ժանրի ոգուն հարազատ՝ բավական կոշտ քննադատության է ենթարկում իր նախորդին։ Օրինակ, խոսում է 50/50-ի՝ որպես քաղաքում ներդրումների բացակայության պատճառի, մասին (50/50 նշանակում է, որ քաղաքապետը բոլոր պոտենցիալ ներդրողներից պահանջում էր վաստակի կեսը, դրա համար էլ քչերն էին համաձայնում աշխատել քաղաքում)։ Պրն Բալասանյանը խոսում է նաև քաղաքապետարանում տիրող կոռուպցիայի, որն իբր պատրաստվում է արմատախիլ անել, ինչպես նաև ռևիզիայի մասին։ Ստո՛պ։ Բավակա՛ն է։ Ես, իհարկե, գիտեմ, որ Հայաստանում սրբեր չկան, բոլորն էլ ինչ-որ բանում խրված են, բոլորի վրա էլ մի բան կա։ Եվ ես համակերպվում եմ այդ մտքի հետ։ Բայց երբ բանը դուրս է գալիս բարոյական նորմերի շրջանակից, դա ինձ արդեն նյարդայնացնում է։ Պրն Բալասանյանը պարզապես պետք է ընդունի իրեն արված նվերը և ձենը կտրի, չխոսի կոռուպցիայի ու ռևիզիայի մասին, քանի որ արդար ռևիզիայի առաջին զոհն ի՛նքը կդառնա։ Հիշեցնենք նրան, հետն էլ գլխավոր դատախազին (թեև իմաստ չունի), որ ժամանակին պրն Բալասանյանը 10 միլիոնանոց կոմբինատը մասնավորեցրել է 400 հազարով, իսկ գործարքը ձևակերպել է պրն Ղուկասյանը (թող ռևիզիան ու հետաքննությունը պարզեն այդ ձևակերպման օրինականությունը)։ Եվ հաճելի կլիներ երկուսին էլ տեսնել ճաղերի հետևում... միևնույն բանտախցում։ Այ թե տեսարան կլիներ՝ արժանի Մարկո Ֆերերիի դրամատուրգիային (բոլորին է հայտնի, որ պրն Ղուկասյանը որոշակի [գողական] շրջանակներում գնդապետին կամ գեներալ-մայորին հավասար դեմք է համարվում, այնինչ պրն Բալասանյանը եֆրեյտորից բարձր չի ձգել՝ չնայած ջանք ու եռանդին, էլ չեմ ասում անկեղծ հոգեկան պոռթկման մասին)։ Մի խոսքով՝ մեկնաբանություններն ավելորդ են...
Ինչ վերաբերում է ներդրումներին Գյումրիում, ապա արդարությունը պահանջում է ասել, որ Ղուկասյանի օրոք դրանք եղել են, իսկ ահա Բալասանյանի օրոք չեն լինի, անգամ եթե նրան չնստեցնեն ու թողնեն, որ աշխատի ողջ ժամկետը։ Վիճակագրությունն ասում է, որ Ղուկասյանի օրոք Գյումրու մասնավոր սեկտորում կառուցվել են 85 միլիարդ դրամի օբյեկտներ, իսկ դա, համաձայնենք, քիչ չէ։ Իսկ ինչպե՞ս են եկել այդ ներդրումները։ Այսպես ասենք՝ ախպերավարի։ Օրինակ, Ղուկասյանը կարող էր գտնել տարագիր մի հարուստ լենինականցու, զանգահարել նրան, հրավիրել, խմեցնել, խաղալ նրա նեղհայրենասիրական զգացումների վրա, իսկ հետո առաջարկել ինչ-որ բան կառուցել քաղաքում (ռեստորան, լվացքատուն կամ մի այլ բան)։ Եվ, բնականաբար, տարածք էր տրամադրում ամենաարտոնյալ պայմաններով։ Մի խոսքով՝ նրա սկզբունքը հետևյալն էր. թող վերադառնան, թող կառուցեն ինչ ուզում են, միայն թե քաղաքը շնչի (թե ինչպիսի սկզբունքով է դա տեղի ունեցել`50/50 թե 20/80, արդեն մեզ չի հետաքրքրում, քանզի կարևորը արդյունքն է)։ Իսկ Ղուկասյանի աշխատանքը գնահատելը մեր բանը չէ, դրա համար գոյություն ունի երկրի ղեկավարությունը։ Մենք ընդամենը պետք է աքսիոմատիկ ճշմարտությունն ասենք, այն է՝ Գյումրիում նոր քաղաքապետի օրոք շատ ավելի վատ կլինի. այլ կերպ լինել չի կարող։ Այս է ամենը։ Մանավանդ որ ապագա քաղաքապետի հետաքրքրությունն այս աշխարհում ջրով բացված գարեջրի արտադրությունն է (ցանկալի է ՝ հարկային դաշտից հեռու), այսինքն՝ անձնական շահը, իսկ հանրայինի վրա, ինչպես և Հայաստանի բոլոր քաղաքական գործիչները, թքած ունի։ Եվ պրն Բալասանյանի ողջ վարքագիծը քաղաքապետի պաշտոնում կորոշվի հենց այս գլխավոր շահով։
Հետգրություն 2
Էքսպրեսիոնիստա-աբստրակցիոնիստական ուղղության՝ պոստիմպրեսիոնիզմի ակնհայտ երանգներ ունեցող պոստմոդեռնիստական-սյուռեալիստական իռացիոնալ մի դրամա Գյումրիում կծավալվի 2013թ. փետրվարին մոտ։ Մշակույթի նախարարի տեղը լինեի՝ Գյումրի կհրավիրեի արդիականության բոլոր ականավոր կինոդրամատուրգներին, և համաշխարհային կինոն կհարստանար փայլուն գլուխգործոցներով։ Չէ՞ որ ոչ մեկի երևակայությունը չի բավականացնի պատկերացնել այն, ինչ տեղի կունենա Գյումրիում։ Մի պահ հիշենք 2008թ. փետրվարի առաջին հետընտրական օրերը Երևանում, երբ վայրկյանը մեկ Տեր-Պետրոսյանի «ժողովրդի» կողմն էին անցնում ամեն տեսակ «գործիչներ» ու փսլնքոտներ, իսկ իրավիճակը շիկանում էր ժամ առ ժամ, և փորձենք պատկերացնել Գյումրին 2013թ. փետրվարին։ Ինչպե՞ս իրեն կպահի պրն Բալասանյանը, ո՞ր ջհանդամը կկորչի նրա ճակատի գիրը, անձամբ կգլխավորի՞ արդյոք առնետափախը, թե՞ կմնա թիկունքում (սպասելով իրադարձությունների հանգուցալուծմանը)՝ ներկա պահին հայտնի չէ։ Բայց չէ՞ որ պրն Բալասանյանին իսկապես չես նախանձի։ Մենք վերլուծություն կատարելու ընդամենը մի քանի ելման տվյալ ունենք։ Առաջին. Գյումրի քաղաքը պրն Բալասանյանին հանձնելով՝ նախագահ Սարգսյանը միանշանակ ձեռք է բերել նրա հավատարմության երաշխիքներն ապագա ընտրարշավում (միայն թե նախագահը, հավանաբար, հաշվի չի առել, որ այնպիսի ջենթլմենների երաշխիքները, ինչպիսին պրն Բալասանյանն է, մի դրամից ավելի չարժեն), երկրորդ՝ պրն Բալասանյանը ԲՀԿ-ական է, որի առաջնորդն ինքն իր տերը չէ, հետևաբար՝ անգամ նա չգիտե, թե ինչ է անելու 2013թ. փետրվարին, ուր կուղարկեն իրեն դաժան օլիգարխիական ճակատագրի ալիքները, էլ չեմ ասում պրն Բալասանյանի մասին, երրորդ՝ ոչ ոք չգիտի, թե ով կլինի նախագահ Սարգսյանի գլխավոր մրցակիցն ընտրություններում և, ամենագլխավորը՝ որքանով նրանից կսարսափի պրն Բալասանյանը։ Իսկ վախն այնպիսի բան է, որը մարդուն մղում է ամենաիռացիոնալ արարքների, որոնք հետո դառնում են արվեստի սեփականությունը։ Մի խոսքով՝ ցանկանք բազմաչարչար Գյումրու ժողովրդին համբերություն, իսկ մեզ՝ բարձր գեղարվեստական տպավորություններ։ Սեանսի սկիզբը՝ 2012թ. նոյեմբերին։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 3
Կարծիքներ
Огана Дурьяна знает мир классической музыки во многих странах, о нем высказывались мировые величины, а автора статьи действительно можно назвать посредственностью, который хочет показать свою значимость марая имя великого дирижера.
а нельзя в этот самолет всех сразу и парламент и правительство и...?
AYD ODANAVUM MIAYN YES CHEM, URISH MARDIK EL KAN, PALYANN AYD MASIN CHER MTATSEL? TE TQATS E UNETSEL NRANTS VRA...