Հրապարակումներ

Կխժռի՞ արդյոք սիրիական առյուծը Ստամբուլում ծնված մարդակեր աղջկան
Հեքիաթներ կարդալիս ակամա սկսում ես համեմատել դրանք մեր իրականության հետ, և դա օգնում է անել ապշեցուցիչ և, միևնույն ժամանակ, ուսանելի եզրակացություններ որոշակի փաստերի առնչությամբ։ Իզուր չէ, որ առասպելաբանության մեջ հեքիաթային ծառը համարվում է երեք՝ ստորին, մեր ու վերին աշխարհների մոդելը։
Հին սիրիական հեքիաթ կա այն մասին, թե ինչպես մի գյուղում տարօրինակ մի աղջիկ է ծնվում՝ քլունգի նման ոտքերով ու մանգաղի նման ձեռքերով։ Եվ մեծանում է նա ոչ թե օրեօր, այլ ժամ առ ժամ ու շուտով սկսում ուտել մեծ մարդկանց նման, որովհետև մեծ ատամներ է ունենում։ Գյուղում սկսում են խոսել, թե նրա ծնունդը բարի չէ, և որ նա շուտով ողջ գյուղը կկործանի։ Այդպես էլ լինում է. աղջիկը մարդակեր է լինում և խժռում է ողջ գյուղը, ներառյալ նաև իր ընտանիքը։
Նման սյուժե կարելի է գտնել աշխարհի շատ ժողովուրդների հեքիաթներում, և մի կողմ թողնելով մեր հեքիաթի սեմիոտիկ վերլուծությունը՝ ուշադրություն դարձնենք ասվածի իմաստին։ Ֆիզիկական և հոգեբանական առումով աննորմալ, այլանդակ երևույթի առկայությունը որոշակի հասարակությունում անդառնալիորեն կործանում է այդ հասարակությունը, եթե ժամանակին արմատից չես կտրում այդ այլանդակությունը։ Արդի հասարակությունները հաստատում են այս միտքը. ինչ ասես չարժե վերջերս Ռուսաստանում պատահած չափից ավելի կեղտոտ պատմությունը «փանկ-աղոթքի» հետ կապված։
Բայց քանի որ հեքիաթը սիրիական է, ապա այստեղ, առաջին հերթին, համեմատություն է առաջանում սիրիական իրականության հետ, և կրկին համընկնումն ակնհայտ է. այն, ինչ այժմ կատարվում է Սիրիայում՝ ավերածություն, մահ, վախ վաղվա օրվա հանդեպ, հենց այլանդակություն է, որ կա։ Սիրիական պատերազմի սցենարը ոնց որ այդ հեքիաթի սյուժեն լինի. ծնվել է մարդակեր աղջիկը («սիրիական հեղափոխությունը»), մեծացել ոչ թե օրեօր, այլ ժամ առ ժամ (կատարյան ու ամերիկյան փողերով) և խժռել բոլորին (պատերազմը Սիրիայում)։
Իսկ հիմա՝ ավելի մանրամասն մարդակեր աղջկա մասին. այս պատմությունն, ի դեպ, բոլորն առանց այդ էլ գիտեն. ծնվել է 2011թ. Ստամբուլում, հարուստ ամերիկա-արևելյան ընտանիքում, անունը դրել են «սիրիական ազգային խորհուրդ»՝ ՍԱԽ։ Հետո նրան անմիջապես բնակեցրել են Սիրիայում, բայց նա ուտում և խմում էր միայն դրսից եկած ոսկու (այն էլ՝ անհամար) հաշվին. 2012թ. Դոհայում կազմակերպված «սիրիական ակումբի» գլխավոր քարտուղար Վաիլ Միրզան Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ինքն է հաստատել, որ սիրիական ընդդիմությունը Ծոցի երկրներից 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն է ստացել, որից 150 մլն-ն հատկացվել է «սիրիական ազատ բանակին» (դասալիքների, ահաբեկիչների, գրոհայինների, մարոդյորների ու բռնարարների բանդա՝ «հանուն ազատության» պայքարի քողի տակ)։ Սիրիական մամուլը, վկայակոչելով «Վաշինգտոն փոսթ» թերթի տվյալները, հրապարակել է Դամասկոսում ամերիկյան դեսպանության աշխատակիցների խոսքերն այն մասին, որ 6 մլն ԱՄՆ դոլար տրամադրվել է Սիրիայի սահմաններից դուրս խրամատավորված ընդդիմությանը՝ «Գործակցության ամերիկյան խաղաղ նախաձեռնություն Մերձավոր Արևելքի բազմաչարչար ժողովուրդների համար» ծրագրի շրջանակում, օգնելու համար, ինչպես նրանց անվանում է սիրիական մամուլը, ԱՄՆ «դեմոկրատական կոմիտեներին»։ Գումարը սիրիական ընդդիմությանն է փոխանցվել «Սիրիայում քաղաքացիական հասարակության կայացման» և «սիրիական ազգային խորհրդի» ու տեղի գործընկերների կոորդինացման» նպատակով։
Մեկ այլ ընդդիմադիր՝ «դեմոկրատական փոփոխությունների ազգային կոորդինացիոն» կոմիտեի (կոչվում է նաև ներքին ընդդիմություն) անդամ Հայսամ Մաննան, որը մեղադրվում է Ռուսաստանի հետ ունեցած կապերի մեջ, և անգամ մահափորձ է կատարվել նրա դեմ, իր հոդվածներում նշում է այն հանգամանքները, որոնց պատճառով «սիրիական ազգային խորհուրդը» կբախվի բազմաթիվ խնդիրների, քանի որ իր ստեղծման ամենասկզբից այն գործել է ոչ դեմոկրատական եղանակներով. օրինակ, այս «խորհրդին» անդամակցելու միակ պայմանը կլանային նախապատվությունն էր։ Նույն չափանիշներն էին գործում նաև «խորհրդի» ներսում բարձր պաշտոնների բաշխման դեպքում։ Սիրիական արտասահմանյան ընդդիմության «գործի» ֆինանսավորման մասին նա գրում է. «...քաղաքական փողերը փչացրին սիրիական ընդդիմությունը»։ Նրան կրկնում են նույնիսկ հակասիրիական տրամադրություններ ունեցող արաբական քաղաքագետները Լիբանանում, որոնք ՍԱԽ-ին մեղադրում են անգործության մեջ, իսկ «սիրիական ազատ բանակը» մեղադրվում է մարդկանց հափշտակումների ու սպանությունների մեջ, միաժամանակ նշվում է սիրիական ընդդիմության պառակտվածության և հետասադյան Սիրիայի վերաբերյալ հստակ նպատակների բացակայության մասին։ Բայց ի՞նչ նպատակներ ու մտադրություններ կարող են ունենալ հասարակ սիրիացիների հանդեպ նրանք, ովքեր ապրում ու աշխատում են Փարիզում՝ այժմ արդեն ՍԱԽ նախկին առաջնորդ Բասմա Քադմանիի նման, որը Փարիզի Միջազգային դիվանագիտական ակադեմիայի (գլխավորում է ֆրանսիական հետախուզության նախկին աշխատակիցը)՝ հետազոտությունների գծով տնօրենն է և հրավերքներ է ստանում Բիլդերբերգի ակումբից ու Սիրիա օտարերկրյա ներխուժման մոլի կողմնակիցն է, ասինքն՝ կողմնակիցն է այն բանի, որ մեծանա զոհերի թիվը խաղաղ սիրիացիների շրջանում։ Կամ՝ ինչպես Ռիդվան Զայադան, որն «ԱՄՆ խաղաղության ինստիտուտի» արտաքին կապերի բաժնի ղեկավարն է, ինստիտուտ, որի նախագահը Ռիչարդ Սոլոմոնն է՝ Հ.Քիսինջերի նախկին խորհրդականն ազգային անվտանգության գծով։ Հետաքրքիր նշում. «ԱՄՆ խաղաղության ինստիտուտի» պաշտոնական կայքում զետեղված է հոդված Իրաքի մասին, որում խոսվում է այն մասին, թե Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այնտեղ կսրվի ազդեցության համար պայքարն Իրանի և Թուրքիայի միջև, այնուհետև ընդգծվում է, որ ԱՄՆ-ը ամեն կերպ կխրախուսի իրաք-թուրքական համագործակցությունը՝ որպես ռազմավարության կարևոր մաս ամերիկյան զորքերը երկրից դուրս բերելուց հետո։ Հ.Քիսինջերն ու Ռ.Սոլոմոնն ինքնին խիստ հետաքրքիր դեմքեր են, անգամ եթե գրականություն էլ չփնտրենք, ինտերնետում նրանց մասին տեղեկատվությունը լեփլեցուն է, բայց հիմա խոսքը նրանց մասին չէ։
ՍԱԽ նշանավոր առաջնորդների ցուցակը կարելի է էլի շարունակել, և տեղեկությունները նույնը կլինեն. ապրում են Սիրիայի սահմաններից դուրս, զբաղեցնում բարձր պաշտոններ հեղինակավոր հաստատություններում, Սիրիա օտարերկրյա ներխուժման մոլի կողմնակիցներ են և այլն, և այլն, ինչպես Քադմանիի պարագայում էր։ Հարցը մասնավոր անձինք չեն, այլ այն, թե «սիրիական ազգային խորհրդի» ինչ պատկեր է ստացվում արդյունքում, որի նմանությունը սիրիական ազգության հետ սահմանափակվում է նրա անդամների արաբական անուններով։
Ինչ վերաբերում է սիրիական բանակից դուրս եկած զինվորականների ստեղծած «սիրիական ազատ բանակին» (ՍԱԲ), ապա այստեղ չեն վստահում ընդդիմության կողմն անցած բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպիսին է, օրինակ, Ասադների ընտանիքի մերձավոր գեներալ Մանաֆ Թլասը, որի ընդդիմադիր տրամադրություններին բրիգադի նախկին գեներալ, այժմ՝ «սիրիական ազատ բանակի» սպա Զիյադ Իսմայիլ Ֆահադը խիստ կասկածում է՝ հիշեցնելով այն աջակցության մասին, որը Մանաֆ Թլասի հայրը՝ գեներալ Մուսթաֆա Թլասը ժամանակին ցուցաբերել է Ասադ-ավագին։ ՍԱԽ-ը նույնպես մեղադրել է Թլասին այն բանում, որ վերջինը չի ցանկանում համագործակցել իր հետ, իսկ Թլասն իր քայլը բացատրել է նրանով, որ ՍԱԽ-ն ի վիճակի չէ հանդես գալ որպես համախմբող ընդդիմադիր ուժ Սիրիայում։ Նույն կարծիքին է նաև Զիյադ Ֆահադը. «ՍԱԽ-ը չի համապատասխանում հասարակ սիրիացիների պահանջներին ու ակնկալիքներին»։ Որոշ ընդդիմադիրների մասին նա ընդհանրապես արտահայտվել է որպես «ռեժիմի գործակալների», բայց կոնկրետ անուններ չի նշել՝ միայն ընդգծելով, որ սիրիական ժողովուրդն այդ մարդկանց լավ է ճանաչում։ Արդյունքում ՍԱԽ-ի և ՍԱԲ-ի այնքան էլ հաճելի պատկեր չստացվեց. ձեռքերը մանգաղոտ են, ոտքերը՝ քլնգոտ։ Բայց բոլոր հեքիաթները, ինչպես հայտնի է, բարի ավարտ են ունենում, ուստի մեր սիրիական հեքիաթը մարդակեր աղջկա մասին նույնպես այնքան էլ վատ չի ավարտվում, և որ գլխավորն է՝ ուսանելի է. երկու մե՜ծ առյուծ պատառոտում են նրան ջրհորում, որտեղ նա փորձում էր թաքնվել առյուծներից։ Բայց սկզբում նա փորձում էր ազատվել նրանցից՝ բարձրանալով բարձր ծառի վրա. սա կարևոր պահ է (ծառի մասին խոսեցինք հոդվածի սկզբում)։
Ի դեպ, հետաքրքիր մի փաստ. «առյուծ» բառն արաբերեն «ասադ» է։
Իսկ հեքիաթն այս կարելի է կարդալ սիրիական հեքիաթների ժողովածուում, արաբերեն, և այն կոչվում է «Հիքայաթ թուրուա ֆի Ջաբալ-ուլ-արաբ»։ Իմաստուն հեքիաթ է, և որ գլխավորն է՝ արդիական։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 2
Կարծիքներ
Молодец девочка! Умница! Отличная статья, а притча, как нельзя, поучительная.
BRAVO, ARMINE, UMNAYA I SMELAYA!!!