Հրապարակումներ

Վա՜յ հիվանդանոց ընկնողին
Մեր երկրում յուրաքանչյուր ոլորտ ունի իր բազմաթիվ մինուսները, սակայն առողջապահության ոլորտը միակն է, որի մինուսներն անընդհատ ավելանում են և չեն պակասում: Մեր հասարակությունը տարիներ շարունակ բողոքում է ոլորտում առկա իրավիճակից, և սա՝ այն պարագայում, երբ մենք ուզում ենք տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալ:
Վերջերս նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել առողջապահության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ: Նախագահն առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը բացարձակ խայտառակություն է որակել՝ խստորեն քննադատելով ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլև պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը: «Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է», - ասել է Սերժ Սարգսյանը:
Ինչպես գիտենք, մեր քաղաքացիներն առաջին հերթին բողոքում են առողջապահության ոլորտից, մասնավորապես` արձանագրում են, որ կաշառակերության բարձր մակարդակ է տիրում, բուժհաստատություններում պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, դժգոհ են, իրենց բառերով՝ «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից, արհամարհական վերաբերմունքից, առհասարակ, առկա իրավիճակից:
Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեղորայքի շուկայում վերջապես որոշ բացահայտումներ է կատարել: Պարզվել է, որ բուժհիմնարկների չարաշահումների արդյունքում պետությանը նույնպես վնաս է հասցվել` տարեկան ավելի քան 1.5 մլրդ դրամի վնաս: Ինչո՞ւ: Պարզվում է նաև, որ պետական գնումներով դեղորայք ձեռք բերող 134 բուժհաստատություններից շուրջ 109-ը անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների անցկացման: Մրցույթներ չհայտարարելու հետևանքով հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից եռակի, մինչև անգամ վեցակի թանկ գներով: Օրինակ, «Ամլոդիտին» դեղամիջոցի շուկայական գինը 850 դրամ է, սակայն հիվանդանոցներն այն ձեռք են բերել 6 անգամ թանկ՝ 4800 դրամով:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ խախտումների վերաբերյալ հանձնաժողովը բացատրություններ է պահանջել հիվանդանոցների տնօրեններից, որոնք ասել են, թե իբր տեղեկացված չեն եղել օրենքին: Մրցույթներ չեն հայտարարվել նաև սոցիալապես անապահով խավերի համար նախատեսված անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող դեղորայքի ձեռքբերման համար: Բացի նրանից, որ բուժհաստատությունների ղեկավարները պետության հաշվին դեղորայք են ձեռք բերել քառապատիկ թանկ, նրանք նաև ցանցային բիզնես են իրականացրել. ինչպես բոլորին է հայտնի, ղեկավարներն իրենք են որոշում, թե ումից ձեռք բերեն դեղորայքը, և այդ հարցում նրանց օգնության են հասնում հիվանդանոցում աշխատող բժիշկները, որոնք էլ, իրենց հերթին, հիվանդներին պարտադրում են օգտվել այդ դեղատնից:
«Շահում եք դուք, շահում է պետությունը» հայտնի արտահայտությունն այս պարագայում թերևս, տեղին չէ: Այս ամենի արդյունքում շահում են բուժհաստատության ղեկավարը, բժիշկը և դեղատան ղեկավարությունը, իսկ պետությանը, փաստորեն, մնում է 1.5 մլրդ դրամի վնասը:
Սակայն եթե խոր նայենք խնդրին, ապա այստեղ հսկայական քաղաքական բաղադրյալ կնկատենք: Կարելի է պնդել, որ մութ ամպեր են կուտակվել նախկին նախարար Հարություն Քուշկյանի գլխին, և ԲՀԿ հաջորդ զոհը հենց նա կդառնա: Տեղեկություններ կան, որ դեղորայքի հետ կապված խարդախություններում զգալի փայ է ունեցել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Տեսնենք, թե ինչպես կվարվի իրավապահ մեքենան, և որքան ազատություն կտա նրան երկրի քաղաքական ղեկավարությունը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Ուղարկել մեկնաբանություն