Հրապարակումներ

Բարքերը փոխելու գործում պետության առաջին դեմքի օրինակի անհրաժեշտության մասին
Վերջին ժամանակներս երկրում դժգոհության դրսևորումներ են նկատվում էլիտար անձանց «թիկնազորի» ու նրանց թիկնապահների վայրի բարքերի նկատմամբ։ «Հարսնաքարի» հայտնի դեպքերը, մշտական սկանդալները, որոնց մեջ հայտնվում են էլիտարների թիկնապահները, հանրային բողոք են հրահրում և առաջ բերում հասարակության զզվանքը։ Ազգային ժողովում համապատասխան օրենք են պատրաստում, իսկ դրա դրույթներն ակտիվորեն քննարկվում են։ Կարծում եմ՝ օրենքը շատ բան չի փոխի. ամենևին էլ կարևոր չէ, թե քանի թիկնապահ ունի էլիտար անձը՝ հինգ, թե վեց, զինված են նրանք, թե ոչ, անհամեմատ ավելի կարևոր է այլ բան, այն է՝ առհասարակ հարկավո՞ր են նրանք այդ անձին և ինչո՞ւ են հարկավոր (համբա՞վը, հեղինակությո՞ւնը, թե՞ կյանքն ու առողջությունը պահպանելու համար)։ Խնդիրն ուսումնասիրենք ներսից։
Զինված թիկնազորն իրավամբ անհրաժեշտ է պետության առաջին դեմքերին, և որքան մեծ է պետությունը, այնքան ավելի խիստ է զգացվում նրա առաջնորդների թիկնազորի անհրաժեշտությունը։ Աշխարհում խստագույնս պահպանվող մարդիկ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն են, որոնք իրենց վրա են սևեռել իսլամական արմատականության և իսլամական ահաբեկչության ներկայացուցիչների ուշադրությունը, էլ չենք խոսում տնաբույս անբարյացակամների մասին։ Միևնույն ժամանակ, նրանք երկուսն էլ միջուկային տերությունների զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարներն են, «միջուկային» ճամպրուկների կրողներ, ինչն, անշուշտ, արդարացնում է նրանց անձնական անվտանգության պահպանման ցանկացած միջոց։ Հասկանալի է՝ Ղազախստանի տիպի պետությունների ղեկավարների համար նման ուժեղացված թիկնազոր չի պահանջվում, քանի որ նրանք քչերին են հետաքրքրում։ Հետևաբար, պետք է ավելորդ համարել բազմաթիվ թիկնապահներին ու ուռճացված ավտոշարասյուները, որոնցից երբեմն օգտվում են այն պետություններում, որոնց ղեկավարները սկզբունքորեն չեն հետաքրքրում պոտենցիալ ահաբեկիչներին։
Բայց կա մի անխախտ ճշմարտություն. աշխարհում դեռ ոչ մեկին չի հաջողվել կանխել պահպանվող անձի մահափորձը, եթե միայն խոսելու չլինենք Վաշինգտոնում ապրող Օբամայի դեմ Աֆղանստանում կամ մոսկվացի Պուտինի դեմ Ուկրաինայում կատարվելիք մահափորձի կանխման մասին։ Օրինակ, Ռոնալդ Ռեյգանի մեծաթիվ թիկնազորը չխանգարեց հանցագործին 1981թ. կրակել նրա վրա, և նախագահի կյանքը փրկեց ոչ թե թիկնազորը, այլ կրակողի ոչ պրոֆեսիոնալ լինելը. ԿԳԲ հանրահայտ 9-րդ վարչությունը 1968թ. չկանխեց Լեոնիդ Բրեժնևի վրա ուղղված կրակոցները (գլխավոր քարտուղարը ավտոշարասյան ութերորդ մեքենայի մեջ էր, այնինչ հանցագործը նշան էր բռնել առաջինի վրա՝ սպանելով հետևի նստարանին նստած ուղևորին)։ Թե ինչով օգնեց թիկնազորը նախագահ Քենեդուն 1963թ.՝ բոլորին է հայտնի։ Պրոֆեսիոնալների մեջ այն կարծիքն է իշխում, թե թիկնազորը լավագույն դեպքում ի վիճակի է կանխելու երկրորդ կրակոցը, իսկ թե ինչպիսին կլինի առաջինի արդյունքը՝ կախված է կրակողի պրոֆեսիոնալիզմից։ Ռեյգանի, Գորբաչովի, Բրեժնևի բախտը բերել է, ուրիշ շատ ղեկավարներից ճակատագիրը երեսը թեքել էր։ Ասվածից կարելի է եզրահանգում անել, որ թիկնազորը գրեթե անօգուտ բան է, և դրա միակ էֆեկտը քիլերական ծառայությունների սակագների բարձրացումն է։ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Անգամ եթե ճշմարտացի համարենք այն պնդումը, թե թիկնազորի առկայության պարագայում երկրորդ կրակոց չի լինի, ապա դա էլ բավական է այն բանի համար, որ համաշխարհային լիդերներին պահպանեն։ (Ի դեպ, տեղին է ասել, որ առանց պատշաճ էֆեկտի թիկնապահներից օգտվում են նաև հանցավոր աշխարհի լիդերները, իսկ Վյաչեսլավ Իվանկովի ճակատագիրը դրա վառ հաստատումն է)։
Բայց բանն այն է, որ շատ երկրներում և Հայաստանում պետության առաջին դեմքերի պահպանությունը բանականի սահմաններից դուրս է։ Այսպես, մեզ համար անհասկանալի են նախագահ Սարգսյանի թիկնազորի (թիկնապահների և ուղեկցող մեքենաների) թե՛մեծաթվությունը, թե՛ դրա աշխատանքի մեթոդները։ Մասնավորապես, կարելի է կասկածի տակ դնել քաղաքի փողոցները փակելու նպատակահարմարությունը, ինչ է թե պետության ղեկավարի ավտոշարասյունն է անցնում։ Գիտակները կարող են ասել, թե նախագահի մեքենան, իբր, չի կանգնում լուսանցույցի տակ, իսկ երթևեկությունը կանգնեցնում են նրա համար, որպեսզի կանխեն նռնականետից լիմուզինի գնդակոծման հնարավորությունը։ Բայց այս կարծիքին կարելի է առարկել. նախ՝ նախագահի զրահապատված մեքենան կարելի է գնդակոծել նաև ընթացքի մեջ (թեև քիլերի համար անհամեմատ ավելի հարմար է դա անել անշարժ վիճակում), և այս գործի պրոֆեսիոնալներ կան, երկրորդ՝ պարկեշտ չէ վիթխարի անհարմարություններ պատճառել քաղաքաբնակներին միայն այն բանի համար, որպեսզի պոտենցիալ քիլերին զրկեն հարմար դիրքից նախագահի լիմուզինի վրա կրակելու հնարավորությունից։ Այսպես, Մեծ Բրիտանիայի պես մեծ տերության վարչապետը, որը նույնպես «միջուկային ճամպրուկի» կրող է հանդիսանում, Լոնդոնում կանգ է առնում լուսանցույցի տակ, իսկ նրան ուղեկցում է մեկ (առավելագույնը՝ երկու) մեքենա։ Գերմանիայի կանցլերը քաղաքում երթևեկում է չզրահապատված «Աուդիով», շատ հաճախ՝ առանց որևէ ուղեկցության։ Համադրելի՞ է արդյոք սա Հայաստանի նախագահի պահպանության հետ, հատկապես այն բանի հաշվառմամբ, որ բրիտանական վարչապետը, ըստ էության, ավելի ցանկալի պատառ է ահաբեկիչների համար, քան Հայաստանի նախագահը։
Վիփ-անձանց պահպանության ոլորտի պրոֆեսիոնալ չեմ, բայց միանշանակ կարող եմ հավաստիացնել, որ, նախ, ՀՀ նախագահն ամենևին այդքան մեծաթիվ թիկնազորի կարիք չունի, երկրորդ՝ նրա թիկնազորի մեծաթվությունը ոչնչով չի օգնի նրան մահափորձի դեպքում, երրորդ՝ ՀՀ նախագահին բավական է ուղեկցող մեկ մեքենա՝ 4-5 զինված պրոֆեսիոնալներով, չորրորդ՝ նախագահի ավտոշարասյան անցնելու համար երթևեկության ճանապարհը փակելը զրոյական էֆեկտով ավելորդություն է, եթե այդպիսին չհամարենք քաղաքաբնակների նյարդերը փչացնելը, վերջապես հինգերորդ՝ ՀՀ նախագահին հայրենիքում ոչինչ և ոչ ոք չի սպառնում. նրա ընդդիմախոսները չափազանց ժլատ են, որ ֆինանսավորեն մահափորձի կազմակերպումը, և չափազանց վախկոտ՝ դրա համար նրանց «դուխը» չի հերիքի (այլ կերպ ասած՝ փսլնքոտների մեկն են)։
Եթե հայկական պետության՝ այդքան անհաշտ թշնամիներ ունեցող ղեկավարը մեծաթիվ թիկնազորի կարիք չունի, ապա ամեն տեսակ պատգամավոր-օլիգարխներին ու տեղական իշխանիկներին այն առհասարակ պետք չէ, քանի որ նրանց անիմաստ կյանքի ոչ մի իրական սպառնալիք չկա։ Թիկնազորը նրանց պետք է միանգամայն այլ նպատակների համար, որոնց մասին խոսելը զզվելի է։
Այժմ՝ գլխավորի մասին։
Իհարկե, հարկավոր է վերադաստիարակել իրենց թիկնազորը վայելող էլիտարներին, քանի որ նրանց թիկնապահները, ըստ էության, սպառնալիք են հանրային անվտանգության համար։ Հետևաբար, հարկավոր է միջոցներ ձեռնարկել էլիտարների թիկնապահներից հանրությանը պաշտպանելու համար, այլ ոչ թե հակառակը։ Բայց ինչպե՞ս։ Օրենքով դա անելը դժվար կլինի։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է օրենսդրորեն արգելել, որ թիկնապահները ձեռնամարտով բանավեճի մեջ չմտնեն իրենց տերերի ռեստորանների հաճախորդների կամ վիփ-ավտոշարասյուներին վազանցողների հետ, ինչը ոտնձգություն է համարվում հայրենական էլիտարի պատվի ու արժանապատվության դեմ։ Ինչպե՞ս կարելի է ուժով սահմանափակել էլիտարների թիկնապահների գլխաքանակը, եթե նրանցից մեկը հայտարարում է, թե մեքենայում նստածներն իր օֆիսի աշխատակիցներն են, և մնացած բոլորն էլ լավ յուրացրել են նրա այս իմաստությունը։ Հետևաբար, երկրում «թիկնազորի» ֆենոմենը վերացնելը հնարավոր է միայն այն ծնող բարքերը վերացնելով։ Իսկ Հայաստանի տիպի պետություններում բարքերը (վատ թե լավ) սահմանվում են առաջին դեմքերի մակարդակով։ Այսպես, ժամանակին Բորիս Ելցինը չինովնիկներին ծառայողական «ինոմարկաներից» օգտվելն արգելող հրամանագիր արձակեց։ Բայց ցարական հրամանի արդյունքը եղավ այն, որ ամբողջ պետդուման և կառավարությունը (ինչպես նաև մարզային չինովնիկները) սկսեցին «ԲՄՎ», «Աուդի», «Վոլվո» ու «Մերսեդես» քշել, քանի որ Ելցինը խուսափեց «Մերսեդեսից» հրաժարվել։ Այլ կերպ ասած՝ առաջին դեմքի օրինակն անհրաժեշտ է էլիտարների վերադաստիարակման գործում, և նախագահ Սարգսյանը հաջող փորձ ունի. այս տարվա գարնանը նա արգելեց շատ էլիտարների եղբայրներին, քույրերին, փեսաներին, սիրուհիներին ու կանանց Ազգային ժողովի պատգամավոր առաջադրվել (այդ թվում և Հովիկ Աբրահամյանի եղբորը), և նրա արգելքը գործեց ոչ թե նրա համար, որ հեղինակը երկրի նախագահն էր, այլ միայն այն պատճառով, որ նա արգելեց պատգամավոր առաջադրվել նաև հարազատ եղբորը։ Հետևաբար, պետական ու մասնավոր պահպանությունը կարգավորող ոչ մի օրենք հարկավոր չէ. բավական է, որ պետության ղեկավարն ինքը առողջ բանականությանը համապատասխանեցնի իր թիկնազորը, և անմիջապես պետությունում կարգուկանոն կտիրի, քանի որ ոչ ոք չի համարձակվի քաղաքում շրջագայել մեծաթիվ շքախմբով ու ավտոշարասյուներով, եթե նախագահ Սարգսյանին ուղեկցի մեկ մեքենա, իսկ ճանապարհային երթևեկությունը փակելը դառնա պատմության սեփականությունը...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
Премьер-министр Швеции едет на работу на велосипеде,..в него ишшо сложнее прицелитцо из гранатомёта, особенно если вилять )))