Հրապարակումներ

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով
Որքան ավելի մոտ է դեկտեմբերը, երբ առաջադրվելու են նախագահի թեկնածուները, այնքան ավելի դրամատիկ է դառնում ինտրիգը։ Հանրությանը և ԶԼՄ ընկերակցությանը հուզում է մեն-մի հարց. ո՞վ է լինելու 2013-ի փետրվարի Տեր-Պետրոսյանը։ Այսօրվա դրությամբ հայտնի է միայն մի լուրջ թեկնածուի անունը, այն է՝ գործող նախագահ Սարգսյանը, մյուս պոտենցիալ ֆավորիտները, իսկ նրանց թվում՝ նաև Տեր-Պետրոսյան-2013-ի թեկնածուն, առայժմ լռություն են պահպանում։ Փորձենք պարզել պետության ղեկավարի պաշտոնի պոտենցիալ հավակնորդների ցուցակը։
Նույն գետը երկու անգամ չեն մտնում, և այդ մասին լավ տեղեկացված է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Անկախ Հայաստանն այնպիսին է դարձել, որ նույն քաղաքական առաջնորդին ճակատագիրը միայն մեկ անգամ է թույլ տալիս ռեալ հավակնել բարձրագույն իշխանության, երկրորդ անգամ նա անդառնալիորեն կորցնում է դիրքերը, այլ կերպ ասած՝ մոդայից դուրս է գալիս։ Սրանով Հայաստանը տարբերվում է մի շարք եվրոպական պետություններից. օրինակ, Ֆրանսիայում քաղաքական գործիչներն առաջին պարտությունից հետո չեն «չորանում». այսպես, Ֆրանսուա Միթերանը 1965 թվականից պայքարում էր հանրապետության նախագահի պաշտոնի համար, և միայն չորրորդ անգամ՝ 1981թ., հաջողությունը ժպտաց նրան։ Իսկ Հայաստանում չենք տեսնում երկար տարիների համար պահանջված ընդդիմադիրների։ Օրինակ, 1996թ. ընտրությունների ֆավորիտ և փաստացի հաղթող Վազգեն Մանուկյանը մեկուկես տարի հետո՝ 1998թ. փետրվար-մարտին, զրկվեց ինչպես ընտրազանգվածից, այնպես էլ զանգվածների վրա ունեցած նախկին ազդեցությունից։ 2003թ. ընտրարշավի հերոսներն էին Ստեփան Դեմիրճյանը և Արտաշես Գեղամյանը, իսկ չորս տարի անց նրանք անգամ խորհրդարան չանցան։ 2008թ. ֆավորիտը, ինչպես հայտնի է, դարձավ չորս տարվա մեջ նկատելիորեն սպառված և այս անգամ քվեարկվել չպատրաստվող Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սակայն դա չի նշանակում, թե ՀԱԿ-ը մի կողմ կքաշվի ընտրություններից. նախ՝ նեղ շրջանակում Տեր-Պետրոսյանն ասել է, թե անպայման ինքը կառաջադրվի, եթե նույնն անի Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ. եթե Քոչարյանը չառաջադրվի, ՀԱԿ-ն այլ թեկնածու կառաջադրի։ Բայց ո՞ւմ։ Տեր-Պետրոսյանը երկու թեկնածու ունի և կանգ կառնի նրանցից մեկի վրա՝ ելնելով նախագահ Սարգսյանին վատություն անելու կամ զորակցելու սեփական ցանկությունից. եթե առաջին նախագահը որոշի փչացնել երրորդի նյարդերը, ապա այդ դերին կսազի Նիկոլ Փաշինյանը՝ բավական խարիզմատիկ մի երիտասարդ, որը ոչ մի կապ չունի 90-ականների ոչ սովի ու ցրտի, ոչ էլ կամայականության հետ։ Իսկ եթե ցանկանա օգնել Սարգսյանին, ապա կառաջադրի Լևոն Զուրաբյանին, որն ավելի շատ հայտնի է իբրև Շողեր Մաթևոսյանի տիկին...
Զգալի գլխացավանք կարող են առաջացնել նաև «Ժառանության» ճամբարում՝ «Ազատ դեմոկրատների» հետ միասին, սակայն իսկական Տեր-Պետրոսյան-2013 նրանց մեջ լինել չի կարող։ Իսկական Տեր-Պետրոսյան-2013-ը թաքնվում է երկրի երկրորդ նախագահի շրջակայքում։
Այսօր հանրության «կասկածներն» (նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ) ընկնում են Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի վրա, որոնք քանիցս և ոչ երկիմաստորեն հայտարարել են այն մասին, թե ԲՀԿ-ն ընտրություններին հանդես կգա սեփական թեկնածուով, թե ԲՀԿ-ն գործող իշխանության այլընտրանքն է և այլն, և այլն։ Իսկ այս ֆոնին նախագահ Սարգսյանի շրջապատը Ծառուկյանից պահանջում է կողմնորոշվել. կամ միանալ, կամ գնալ «իր» ճանապարհով։ «Իր» ճանապարհը» Գագիկ Ծառուկյանի համար փշոտ կլինի. այդ ճանապարհին նա կկորցնի իր զինակիցների մեծ մասին, որոնք շատ փոշի կուլ կտան հարցաքննությունների և դատավարությունների ժամանակ, իսկ գործող նախագահի հետ միանալը կնշանակի վերածվել Արթուր Բաղդասարյանի և «քցել» ԲՀԿ և հենց Ծառուկյանի իսկական տիրոջը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես տեսնում ենք, պարտագենոսեն իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել։ Այնուամենայնիվ, նա կփորձի կատարել Ռոբերտ Քոչարյանի կողմից իր վրա դրված առաքելությունը։
Ամենայն հավանականությամբ, Ծառուկյանը կջանա որքան հնարավոր է ժամանակ ձգել, հետո կուսակցության նախագահությունը կհանձնի Քոչարյանին և երկրորդ պլան կանցնի։ Կարող է նաև այլ բան անել. պահպանել իր՝ կուսակցության ձևական առաջնորդ լինելը, բայց ԲՀԿ-ից առաջադրել Ռոբերտ Քոչարյանին։ Ծառուկյանը ժամանակ է ձգում՝ թույլ չտալու համար իր թիմի լիակատար ջախջախումը. մի բան է, երբ նրա մարդկանց քրեական հետապնդումները կոնկրետ կատարված թալանի և հափշտակությունների համար սկսվեն հոկտեմբերին, մեկ այլ բան՝ դեկտեմբերին...
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա կջանա իրականացնել սողացող հեղաշրջում. դեկտեմբերին նա բյուրոկրատիային, ուժային կառույցներին և ընդհանրապես էլիտային կառաջարկի Հայաստանում ապրելու և բարգավաճելու ավելի շահավետ պայմաններ, իսկ վերջինները, ըստ նրա, չեն կարող չհամաձայնել, քանի որ չգիտես ով Քոչարյանի գլուխն է մտցրել, թե ինքը Տիգրան Մեծի կարգի տիրակալ է եղել Հայաստանի համար, որ իր օրոք տնտեսական աճ և, առհասարակ, համընդհանուր բարեկեցություն է եղել, որ...
Տեսնենք՝ ինչպես կվարվի երկրորդ նախագահը։ Համենայնդեպս, բյուրոկրատիայի և էլիտայի շարքերում պետության գործող ղեկավարից դժգոհություն կա, իսկ դա այն ռեսուրսն է, որը կարելի է օգտագործել սեփական օգուտի համար։ Իսկ Քոչարյանը գիտի, որ ռեժիմի համար տատանվող բյուրոկրատիայից ավելի վտանգավոր բան չկա։ Նա նաև հիշում է, որ բյուրոկրատիայի և էլիտայի աննշան մասի դավաճանությունը քիչ մնաց կործաներ իր ռեժիմը 2008թ., ինպես նաև վստահ է, որ իր հետևից կտանի այս հրաշալի ընկերակցությունների ոչ թե փոքրամասնությանը, այլ մեծամասնությանը։
Այս պատմության մեջ ամենամեծ խղճահարությունն առաջացնում է Հովիկ Աբրահամյանի դրությունը (հայտնի պատճառներով)։ Դե, իսկ ընդհանրապես, խղճալ պետք է շատերին. Տիրոջ առաջ ինչո՞վ են մեղավոր Գագիկ Ծառուկյանն ու նրա հավատարիմ շատ զինակիցները, ո՞ր մեղքի համար է Բարձրյալը պատժում նրանց՝ ստիպելով մասնակցել «ռազբորկեքի» Հայաստանի բարձրագույն քաղաքական մակարդակում...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Ուղարկել մեկնաբանություն