Հրապարակումներ

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են
Ավելի քան երկու տասնամյակ է անցել այն ժամանակվանից, երբ 1991թ. անցկացվեց ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերի ամենախոշոր ռազմական գործողությունը՝ «Փոթորիկ անապատում» ծածկանվամբ, որի նպատակն էր Քուվեյթի ազատագրումն իրաքյան օկուպացիայից։ Միաժամանակ, Իրաքում մարտական գործողությունների ընթացքում օգտագործվել են այնպիսի զինամթերքներ, որոնք պարունակում էին այսպես կոչված չհարստացված ուրան։ Տարբեր տվյալներով՝ ԱՄՆ բանակը մոտ 14 հազար տանկային արկ է ծախսել, որոնք չհարստացված ուրան են պարունակել։ Ընդհանուր առմամբ օգտագործվել է 275-300 տոննա չհարստացված ուրան (ՉՈւ)։ Նյու Յորքի Միջազգային նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Սառա Ֆլանդերսի խոսքով՝ «Պենտագոնն Իրաքի դեմ պատերազմում օգտագործել է հսկայական քանակությամբ զենք՝ չհարստացված ուրանով։ Այդ գործողության համար թողարկվել է ավելի քան 940 հազար 30 միլիմետրանոց փամփուշտ՝ ուրանով և ավելի քան 14 հազար խոշոր տրամաչափի տանկային արկ՝ 105 և 120 մմ-անոց արկեր»։
Հարկ է նշել, որ ՉՈւ ասելով նկատի ունեն ուրան-238-ի իզոտոպը, որն ստացվում է ուրանի հարստացման տեխնոլոգիական գործընթացի՝ ուրանի հանքից ուրան-234 և ուրան-235 իզոտոպերի անջատման արդյունքում։ Այդ մշակումից հետո էլ մնում է U-238 իզոտոպը, դրա համար էլ այն անվանում են չհարստացված (աղքատացած) ուրան։ Ուրան-238-ը ռադիոակտիվ է և խիստ թունավոր։ Սակայն նման «միջուկով» արկը մոտ 20%-ով ավելացնում է զրահի խոցելիությունը (զրահահար արկեր)։
Շրջակա միջավայրի մասնագետները, էկոլոգները, բժիշկները դեռ այն ժամանակ էին նախազգուշացնում, որ ուրանի միջուկով զինամթերքների կիրառման հետևանքները հաստատ իրենց մասին հետո զգալ կտան։ «Արդյունքները» երկար սպասել չտվեցին։ Պատերազմից անմիջապես հետո ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի մի քանի հազար զինվորների մոտ հայտնաբերվեցին տարատեսակ հիվանդություններ՝ կապված լյարդի և երիկամների աշխատանքի խանգարումների, ցածր արյան ճնշման հետ։ «Փոթորիկ անապատում»-ն անցած զինծառայողների հիվանդության կլինիկական պատկերը ստացավ «Ծոցի պատերազմի ախտանիշ» անվանումը։
Այնինչ, ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ, պրոֆեսոր, Ջեքսոնվիլի համալսարանի շրջակա միջավայրի գծով գիտությունների մասնագետ Դուգլաս Ռոկեն հայտնաբերել է, որ ուրանը կարող է լիմֆոմա, հոգեկան խանգարումներ առաջացնել, ինչպես նաև հետագա սերունդների բնածին խեղումների պատճառ հանդիսանալ։
Ավելին, ՌԳԱ թղթակից անդամ Ալեքսեյ Յաբլոկովը հայտարարել է, որ ուրանով աղտոտված իրաքյան տարածքներում, Բասրա քաղաքի մերձակայքում, 3-4 անգամ ավելացել է ժամկետից շուտ ծնունդների, նորածինների բնածին արատների, լեյկեմիայի և քաղցկեղային այլ հիվանդությունների թիվը։ Յաբլոկովի տվյալներով՝ բնածին խախտումներ (աչքեր, ականջներ չկան, սերտաճած են մատներն ու անոթները և այլն) են հայտնաբերվել ճգնաժամի ժամանակ մարտնչած ամերիկյան զինվորների ընտանիքներում ծնված երեխաների ավելի քան 60%-ի մոտ։
Եվ ահա օրերս մի շարք լրատվամիջոցներ տպագրել են հետազոտություն, որը կրում է «Մետաղներով վարակվածությունը և բնածին շեղումների համաճարակն իրաքյան քաղաքներում» անվանումը, որը հրապարակվել է Շրջակա միջավայրի աղտոտվածության և տոքսիկոլոգիայի տեղեկագրում (Bulletin of Environmental Contamination and Toxicology) (https://pukmedia.co/russi/index.php)։
Հետազոտության մեջ, ինչպես պնդում են հեղինակները, ապացուցվում է Իրաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների և այնտեղ ներարգանդային հիվանդությունների ու վիժումների թվի աճի միջև եղած կապը։ Հաշվետվությունում կան բնածին շեղումներով ծնված իրաքցի երեխաների նկարներ։ Դրանում ներկայացվում են տվյալներ Էլ Ֆալուջա քաղաքի 56 ընտանիքի մասին. քաղաքը 2004թ. գրավվել էր ամերիկյան զորքերի կողմից։ Տվյալներ կան նաև Իրաքի հարավում գտնվող Բասրայում ծնված երեխաների մասին, որը 2003թ. ենթարկվել էր հարձակման։ Հետազոտությունները հաստատում են, որ զինամթերքներում առկա սնդիկի և անագի չափից ավելի բարձր մակարդակը սրտի արատի, ուղեղի գործունեության և նորածինների վերջույթների ոչ ճիշտ զարգացման պատճառ է դարձել։ Բնածին շեղումներով երեխաների ծնունդ ավելի շատ գրանցվել է Էլ Ֆալուջայում, որը գտնվում է Բաղդադից 60 կմ դեպի արևմուտք։ Քաղաքն առաջին անգամ գրոհի է ենթարկվել 2004թ. գարնանը, ամերիկյան ծովային հետևակի կողմից, իսկ հետո ևս մեկ անգամ՝ յոթ ամիս անց։ Ռազմական գործողությունների ժամանակ կիրառվել է ամենահզոր հրետանային տեխնիկան, այդ թվում ֆոսֆորային արկեր։
Բացի այդ, բերվում են ցնցող տվյալներ, որոնց համաձայն՝ 2007-2010թթ. բնածին արատներ են հայտնաբերվել Էլ Ֆալուջայի երեխաների ավելի քան կեսի մոտ։ Մինչև պատերազմն այդ հարաբերակցությունը կազմում էր 1։10։ 2005 և 2006թթ. հղիությունների մոտ 45%-ն ավարտվել է վիժումներով։ Մինչև մարտական գործողությունների սկիզբը նման դեպքերի թիվը չէր գերազանցում 10%-ը։ 2003թ. Բասրայի զինվորական հոսպիտալում հազար երեխայից 20-ը լույս աշխարհ էր գալիս բնածին հիվանդություններով. այդ թիվը 17 անգամ գերազանցում էր նախորդ ժամանակաշրջանի նույն ցուցանիշը։
Հետազոտության տվյալներով՝ հիվանդ երեխաների թիվը վերջին յոթ տարիներին աճել է ավելի քան 60%-ով. այժմ դա միջինը 37 դեպք է հազարից։ Պատճառը թունավոր նյութերի մեծ քանակությունն է, որոնք պարունակել են ռումբերն ու փամփուշտները, որոնցով կռվել են վերջին տասնամյակում։
Էլ Ֆալուջայի հիվանդ երեխաների մազերի նմուշնրի քննության արդյունքները ցույց են տվել, որ անագի մակարդակը նրանց օրգանիզմում հինգ անգամ ավելին է, քան նրանց առողջ հասակակիցների օրգանիզմում է, իսկ սնդիկի մակարդակն ավելին է վեց անգամ։ Բասրացի հիվանդ երեխաների օրգանիզմում պարունակվող անագի տոկոսը եռակի գերազանցում է այն շրջանների երեխաների ցուցանիշները, որոնք հրետանային հարձակումների չեն ենթարկվել։
Միչիգանի համալսարանի գիտնականների կարծիքով, որոնք հրապարակել են հետազոտությունը, «թունավոր նյութերի առկայությունը կարող է արմատապես փոխել նորմալ հղիության ընթացքը։ Մետաղների մակարդակն Էլ Ֆալուջայի հիվանդ երեխաների օրգանիզմում վստահաբար ապացուցում է դրանց ազդեցությունն արատների զարգացման վրա»։
Դեռ 2010թ. հրապարակված հաշվետվության նախնական եզրակացությունները գրավել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ուշադրությունն Իրաքում տիրող իրավիճակի հանդեպ։ Կազմակերպության տվյալներով՝ հղի կինը ենթարկվում է օդում, հողում և ջրում պարունակվող անագի և սնդիկի ազդեցությանը։ Մոր օրգանիզմի միջոցով թունավոր նյութերը թափանցում են երեխայի օրգանիզմ՝ առաջ բերելով ուղեղի խանգարում, երիկամային անբավարարություն, կուրություն, ջղաձգություն և անգամ մահ։ Իրենց հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղյակ չեն ոչ մի պաշտոնական հաշվետվության մասին, որը հաստատում է Իրաք իրենց ներխուժման ու այդ երկրում հսկայական թվով մանկական հիվանդությունների կապը։ Նրանց խոսքով՝ զինամթերքների օգտագործումը համապատասխանել է միջազգային իրավունքի նորմերին և Ժնևի կոնվենցիայի դրույթներին։ Եվ վերջ։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Ուղարկել մեկնաբանություն