Հրապարակումներ

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին
Սիրիական ճգնաժամի առաջին փուլը, որն ահա արդեն մեկուկես տարի բաղկացած էր հակասիրիական կոալիցիայի ռազմաքաղաքական կոշտ ու անպատկառ գործողություններից, անցում է կատարում երկրորդ՝ ավելի պրագմատիկ ու ընկալելի փուլ։ Ակնհայտ ռազմաքաղաքական վրիպումները ստիպում են ԱՄՆ-ին և Թուրքիային նոր և տարբեր մոտեցումներ մշակել սիրիական հարցում։ Եթե դեռ բոլորովին վերջերս Անկարան պաշտպանում էր ռազմական ներխուժման պլանը և ամեն բան անում դրա իրագործման համար, ապա այսօր Թուրքիայի վարչապետն առաջարկում է ձևավորել տարածաշրջանային եռակողմ հանձնաժողովներ սիրիական հարցի լուծման համար։ Այս մասին նա խոսել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ՝ Բաքվում անցած շաբաթ նրա հետ կայացած հանդիպման ժամանակ։ Նա հանձնաժողովների կազմը ներկայացրել է երեք տարբերակով.
1. Իրան-Թուրքիա-Ռուսաստան,
2. Իրան-Թուրքիա-Եգիպտոս,
3. Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Եգիպտոս։
Սրա հետ կապված՝ առաջ են գալիս հետևյալ դիտողությունները. առաջին (Իրան-Թուրքիա-Ռուսաստան) և երրորդ (Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Եգիպտոս) տարբերակներն արդեն ամենասկզբից ի վիճակի են առաջ բերելու կողմերի դժգոհությունն ու վեճերը, քանի որ փոխբացառող են. դրանցում միմյանց են հակադրվում Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան՝ ամենևին էլ ոչ դաշնակցային երկրներ, որոնց քաղաքական անհամաձայնություններն էլ ավելի խորացրին սիրիական հարցը (https://izvestia.ru/news/530368)։ Երկրորդ տարբերակում (Իրան-Թուրքիա-Եգիպտոս) Ռուսաստանի փոխարեն առաջադրվում է Եգիպտոսը, դրանով իսկ Իրանն ընդգրկվում է մի բլոկում, որում ակնհայտ ընդդիմախոս ունի՝ Թուրքիան, ինչպես նաև քաղաքական հարթությունում դեռևս տատանվող մի գործընկեր՝ Եգիպտոսը։
Առաջին տարբերակի հանձնաժողովի կազմը ենթադրում է այնպիսի որոշման ընդունում, որը, ամենայն հավանականությամբ, կբացառի Սիրիա ռազմական ներխուժումը և Ասադին կթողնի իշխանության ղեկին՝ շնորհիվ Իրանի և Ռուսաստանի աջակցության։ Երկրորդ հանձնաժողովի կազմը նույնպես թույլ կտա կանխել ներխուժումը, բայց հավանականությունն այն բանի, թե Ասադը կթողնի նախագահի պաշտոնը, կմեծանա. այսպիսի սցենարի օգտին է հանդես գալիս Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին։ Երրորդ տարբերակն ավելի շատ «կողմ» է ներխուժմանը, քան «դեմ»՝ այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան է հանդես գալիս դրա օգտին, հետևաբար, բոլոր երեքից այն ամենաանընդունելին է։
Թվացյալ խաղաղ նախաձեռնության հետևում դժվար չէ նկատել, որ միակ երկիրը, որն իսկապես կարող է շահել նման դասավորություններից, Թուրքիան է։ Նախևառաջ այն պատճառով, որ բոլոր երեք հանձնաժողովների կազմում էլ ենթադրվում է ոչ միայն նրա անփոփոխ մասնակցությունը, այլև մնացած բոլոր կողմերի համար առաջ է գալիս Թուրքիայի հետ շփումներ հաստատելու և նրա հետ սույն հանձնաժողովների շրջանակում ընդունվելիք որոշումները համաձայնեցնելու անհրաժեշտություն, երկրորդ՝ Թուրքիայի հետ այդ երկրների փոխգործակցությունն ինքնըստինքյան արդեն կնշանակի, որ նրանք Թուրքիան ճանաչում են իբրև տարածաշրջանային ուժ։ Դրանով իսկ Թուրքիայի՝ վերջին ժամանակներս միջազգային ասպարեզում սասանված հեղինակությունը կարող է կրկին վերականգնվել։ Իսկ այն, որ Սիրիան չի մտնում առաջարկված հանձնաժողովներից և ոչ մեկի կազմում, ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես Անկարայի՝ Ասադի դերը զրոյի հանգեցնելու ջանք։ Եվ վերջինի հետագա իշխանավարության դեպքում նման դիրքորոշումը Սիրիայի համար կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, երբ տարածաշրջանային մակարդակով հարցերի լուծման ժամանակ երկիրը ստիպված կլինի գործել իր դաշնակիցների և տարածաշրջանի գծով հարևանների, այդ թվում և Թուրքիայի միջոցով։
Այսպիսին է այսօրվա դրությամբ Թուրքիայի դիրքորոշումը սիրիական հարցում, և այն լիովին հակասում է ավելի վաղ թուրքական խորհրդարանի հավանությանն արժանացած մանդատին՝ անդրսահմանային գործողությունների, իսկ ըստ էության՝ ներխուժման վերաբերյալ։ Սիրիական խնդրի վերաբերյալ Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի այսօրվա տեսլականը նույնպես որոշ փոփոխություններ է կրել։ Այս ինստիտուտը հեղինակավոր վերլուծական հաստատություն է, նրա փորձագետների մշակած քաղաքական կանխատեսումները ներկայացվում են Սպիտակ տան աշխատակազմին և այլ երկրների քաղաքական գործիչներին։
Սիրիական հարցի վերաբերյալ ինստիտուտի կարծիքն այսօր հետևյալն է. Վաշինգտոնը շարունակում է աջակցություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին, բայց ամերիկյան օգնությունն ստանալու կանոններն ավելի հանգամանալիորեն են մշակվել և, ամենայն հավանականությամբ, ոչ բոլոր ապստամբների սրտին դուր կգան (այս վերապահումն արվում է ծրագրի վերջում)։ Վաշինգտոնի կողմից սիրիացի ապստամբներին օգնությունը ներառում է երկու ասպեկտ՝ քաղաքական և ռազմական։ Առաջինը բաղկացած է հետևյալ կետերից. ԱՄՆ փոխգործակցությունը Սիրիայի ազատական տրամադրություններ ունեցող քաղաքացիների հետ ավելի նախընտրելի է, քան զինված անձանց հետ; Ասադից հետո Սիրիայում պետք է անցկացվեն ընտրություններ երկրի էլիտայի և քաղաքացիական հասարակության գլխավորությամբ, և դրանք պետք է ռեալ ընտրություններ լինեն, այլ ոչ թե զինված տղամարդկանց հանդիպում; ամերիկյան օգնությունը կցուցաբերվի այն ուժերին, որոնք հանդես են գալիս ազգային փոքրամասնությունների (քրդերի) իրավունքների համար; կարևոր է շփումներ հաստատել հեղինակավոր հասարակական գործիչների կամ համայնքների ղեկավարների հետ; յուրաքանչյուր զինված խմբավորում պետք է շփում ունենա քաղաքացիական խմբի հետ։ Եվ վերջապես, այդ խմբերի և համայնքների գործունեությունը չպետք է հակասի ԱՄՆ շահերին։
Երկրորդ ասպեկտը՝ ռազմականը, ներառում է հետևյալ քայլերը. ամերիկյան օգնություն չեն ստանա այն զինված խմբավորումները, որոնք չեն պաշտպանում ԱՄՆ քաղաքականությունը, ինչպես, օրինակ, արմատական իսլամիստները; ամերիկյան օգնություն կստանան միայն այն զինված խմբավորումները, որոնք ԱՄՆ քաղաքականության կողմնակիցներն են և մարտական գործողությունների ընթացքում կարողացել են ապացուցել արագ համախմբվելու և մարդկային կորուստները վերականգնելու, բարդ հանձնարարություններ կատարելու և այլ խմբավորումների (ինչպես նաև Սիրիայի ռազմավարական առումով կարևոր քաղաքներում իրենց մարտական գործողություններն իրականացնող խմբավորումների) հետ իրենց գործողությունները համակարգելու կարողություն; ծանր տեխնիկայով զինված բազմաթիվ խմբավորումներն ավելի նախընտրելի են, քան զենք ունեցող քաղաքացիական անձինք; Ասադի տապալումից հետո զինված այդ խմբերը կփոխարինեն ներկայիս սիրիական բանակին և անվտանգության ծառայությանը, հետևաբար՝ կամ կներառվեն ժանդարմերիայի ու բանակի կազմում, կամ էլ ստիպված կլինեն վայր դնել զենքերը; կարևոր է, որ գրոհայինների այդ խմբերը կարողանան պատասխանատվություն կրել ԱՄՆ-ից ստացած զենքի համար, որպեսզի կանխեն դրա հայտնվելը ԱՄՆ-ի համար անցանկալի խմբերի ձեռքում; զինանոցը պետք է վերահսկվի։ ԱՄՆ օգնությունն ստանալու բոլոր հավակնորդները պարտադիր պետք է համապատասխանեն ԱՄՆ քաղաքական նպատակներին և արդյունավետ լինեն ռազմական առումով։ Ենթադրվում է նաև շփումներ հաստատել սիրիական ապստամբների հետ ամերիկյան հատուկ ծառայությունների և դիվանագետների միջոցով։ Եվ որ ամենագլխավորն է՝ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Սիրիայի փլուզումը, քանի որ այդ դեպքում ալավիական կանտոնի կազմավորումը և նրա սերտ կապերն Իրանի հետ անխուսափելի կդառնան։
Ասվածից հետևյալ եզրահանգումներն են բխում. եթե ավելի վաղ ԱՄՆ-ը «ապստամբ» էր անվանում Ասադի դեմ պայքարող ամեն մի գրոհայինի, ապա հիմա հստակ տարանջատվում են «յուրային» և «օտար», իսլամիստ ծայրահեղական և չափավոր գրոհայինները։ Ըստ էության, ԱՄՆ-ը խոստովանել է, որ «ապստամբների» շարքերում ամեն բան չէ, որ այդքան լավ է ու հարթ, ինչպես պատկերացնում էին մինչ այդ, և ԱՄՆ-ը այսուհետ բոլոր «ապստամբների» գլուխը չէ, որ կշոյի։ Այս բացահայտումը գրոհայինների շարքերում ոչ միայն խոր պառակտում (եթե երբևէ նրանք առհասարակ միավորված են եղել), այլև փոխադարձ թշնամանք կառաջացնի ԱՄՆ փողերի ու Սիրիայում ազդեցության համար։ Անհասկանալի է նաև, թե հետագայում ուր են գնալու ԱՄՆ աջակցությունից զրկված գրոհայինները։ Հավանականությունը, որ նրանք կորոշեն վերադառնալ իրենց պլացդարմ հանդիսացող Թուրքիա, մեծ է։ Անհասկանալի է նաև, թե ինչպես կարող են իրենց շահերը համաձայնեցնել զինված և Ասադի դեմ մարտնչող սիրիացի արաբներն ու սիրիացի քրդերը, եթե նրանց նպատակները սիրիական հարցում միանգամայն տարբեր են և հակասում են միմյանց (անգամ Սիրիայի ազգային խորհուրդն էր ժամանակին կտրականապես դեմ քրդերին անկախություն տրամադրելուն, ինչն էլ ձեռնամարտի պատճառ դարձավ Կահիրեի գագաթաժողովում)։ Եվ եթե նրանց ճնշող մեծամասնությունը լինի ոչ պրոֆեսիոնալ զինվորական, այլ հասարակ քաղաքացի, ապա կստանա՞ն նրանք արդյոք ԱՄՆ աջակցությունը, թե ոչ։ Ինչպե՞ս պետք է վերաբերվել այն քրդերին, որոնց Ասադը Սիրիայի հյուսիսում գործողությունների ազատություն էր տվել և զինել։ Այնուհետև, միանգամայն անհասկանալի է, թե ինչպես են ամերիկացիները պատրաստվում ստուգել ԱՄՆ-ի և ամերիկյան արժեքների հանդեպ գրոհայինների լոյալությունը։ Դժվար է պատկերացնել նաև, թե ինչպես են վերացվելու սիրիական գործող բանակը և հատուկ ծառայությունները։ Պակաս հավանական է, որ կանոնավոր սիրիական բանակի զինվորները բոլորը միասին մի օր կգան ու իրենց զենքը կհանձնեն նոր իշխանություններին, և ամեն մեկը կգնա իր գործերով։ Ոչ ոք ներկա իրավիճակում ինքնակամ չի բաժանվի իր զենքից, դա չի լինի նաև Ասադի տապալումից հետո, ուստի ամերիկամետ գրոհայիններն այս դեպքում ստիպված կլինեն մարտեր մղել սիրիական բանակի նախկին զինվորների ու սպաների պարտիզանական ջոկատների դեմ։ Իշխանափոխությունից հետո երկրում նրանց կարող է ռազմական տրիբունալ կամ հաշվեհարդար սպառնալ։ Փողի համար մարտնչող ամերիկամետ վարձկանները մտնո՞ւմ են արդյոք ԱՄՆ օգնության ծրագրի մեջ, թե՞ ամերիկացիները կնախընտրեն ֆինանսավորել միայն բնիկ սիրիացիներին՝ նույնպես անհասկանալի է։ Ցանկացած դեպքում, այդ վարձկանների հետ պետք է հաշվի նստել (կամ էլ լուծել նրանց հարցերը)։ Հիշատակումը, թե որքան կարևոր է ի մի բերել գրոհայիններին Սիրիայի ռազմավարապես կարևոր քաղաքներում, նշանակում է ոչ միայն սիրիական պետության դատապարտում լիակատար քաղաքական ու տնտեսական կաթվածի, այլ նաև չըմբռնել, որ այդ քաղաքների բնակիչների մշտական վախն իրենց կյանքի ու պարզապես սովի չմատնվելու հանդեպ կարող են այդ խմբավորումներին զինված դիմակայություն ցուցաբերելու պատճառ դառնալ։
Իսլամիստներին չֆինանսավորելն ու չզինելը մտածված պլան է։ Սոված ու դեսուդեն ընկնող ֆունդամենտալիստի կերպարը կօգնի շատ երկրների ու ժողովուրդների սանձերը ձգած պահել Արևմուտքում և Արևելքում։
Եվ այսպես, այսպիսի պատկեր է ստեղծվում. Սիրիայի գրոհայիններին ու բնակչությանը, վաշինգտոնյան ստրատեգների կարծիքով, պետք է հստակ բաժանել երկու թշնամական՝ ամերիկամետ և հակաամերիկյան ճամբարների՝ անընդհատ իրար դեմ լարելով նրանց։ Սակայն, իմանալով ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորման նոր պլանի մասին, ամերիկամետ ճամբարի զինված գրոհայիններն անխուսափելիորեն կսկսեն մրցակցել միմյանց հետ փողի ու իշխանության համար, քրդերը հանդես կգան արաբների դեմ, քրդերն ու արաբները՝ ոչ մուսուլմանների դեմ, շիաները՝ սուննիների, սիրիացիները՝ ոչ սիրիացիների, թեթև զինված փոքր խմբերը՝ ծանր տեխնիկայով զինված մեծ խմբերի, պրոֆեսիոնալ զինվորականները՝ զենք ունեցող քաղաքացիական անձանց դեմ։
Այնուհետև, հակաամերիկյան ճամբարի քրդերը կարող են զինված դիմակայություն սկսել իրենց իսկ ցեղակիցների դեմ այն դեպքում, եթե նրանք բարիկադի հակառակ կողմում հայտնվեն։ Չէ՞ որ պարզ է, որ ԱՄՆ-ին աջակցելով՝ սիրիացի քրդերն անխուսափելիորեն կհայտնվեն Ասադի բանակի և այն քրդերի կրակի տակ, ովքեր դողում են իրենց անկախության վրա Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Հարվածի տակ կհայտնվի «Մեծ Քրդստանի» մասին երազանքը։
Վերադառնալով Սիրիայի վերաբերյալ ամերիկյան պլանների քաղաքական ասպեկտին՝ կարևոր է նշել, որ ԱՄՆ ձգտումը՝ համագործակցել ազատական տրամադրություններ ունեցող սիրիացիների (իսկ նրանք հիմնականում քրիստոնյաներն են և մայրաքաղաքի բնակիչները), ինչպես նաև սիրիական համայնքների հետ, կհանգեցնի ոչ միայն լայնամասշտաբ միջէթնիկական և միջդավանական պատերազմի, այլև հենց համայնքների ներսում պառակտման, քանի որ դրանք բոլորը չէ, որ համաձայն կլինեն կիսել ամերիկյան կասկածելի արժեքները։ Բացի այդ, պառակտում կարող է տեղի ունենալ նաև «գյուղ-քաղաք» պարագծով, ինչպես տնտեսական, այնպես էլ ամերիկյան արժեքներին համապատասխանել-չհամապատասխանելու առումով։
Ասադի ռեժիմի տապալումը միայն կխորացնի վտանգավոր իրավիճակը։
Ըստ էության, ԱՄՆ-ը հավատարիմ է մնացել Սիրիան հյուծիչ քաղաքացիական (և ոչ թե որևէ այլ) պատերազմով քայքայելու իր ձգտմանը, փոխվել են միայն գրոհայինների ու քաղաքացիական «հինգերորդ շարասյուների» հետ փոխգործակցության եղանակները, բայց նույնիսկ այս դեպքում ԱՄՆ-ը հստակ տեսլական չունի, թե ինչպես է պետք գործել և հատկապես ում վրա պետք է հենվի Սիրիայում։ Մի բան, սակայն, պարզ է, որ ցանկացած դեպքում զենք և այլ «օգնություն» Սիրիայի տարածքում գտնվող գրոհայինները կստանան սահմանամերձ, այդ թվում և թուրքական, տարածքներից։
Ուստի, արդյո՞ք Թուրքիան չի շտապում ներկայացնել իր խաղաղ նախաձեռնություններն այն դեպքում, երբ ամերիկյան դոլարներից զրկված գրոհայինները ցանկացած պահի կարող են վերադառնալ՝ իրենց պարտքը պահանջելու համար։ Եվ արդյո՞ք նրանց պարտք չեն նաև այլ երկրներում։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Ուղարկել մեկնաբանություն