Հրապարակումներ

Սիրիական հեղափոխությունն օձի տարում փոխում է կաշին
Ոչ լրիվ երեք ամիս պահանջվեց, որպեսզի Սիրիական ազգային կոալիցիան Սիրիական ազգային խորհրդի փլատակների վրա ու նրա օրինակով սկսի քայքայվել։ Վերջի սկիզբն արդեն դրված է. կոալիցիային իր անդամությունն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին արդեն հայտարարել է սիրիացի գրող, սիրիական կառավարության ակտիվ քննադատ, Սիրիայում և Հորդանանում հակակառավարական գործողությունների ակտիվ մասնակից Ռիմա Ֆալիխանը։ Սիրիացի ակտիվիստուհին կոալիցիայի կազմում իր գործունեությունը վերսկսելու համար չորս պայման է առաջադրում. փախստականների Ազ Զատիրա ճամբարի խնդրի լուծումը; Կատարում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» կոնֆերանսի մասնակից երկրների կողմից խոստացված ֆինանսական միջոցների տրամադրումը և ԶԼՄ-ների միջոցով կոալիցիայի ներսում դրանց բաշխման գործընթացի լուսաբանումը; կոալիցիայի գործունեության ակտիվացմանն ուղղված լուրջ քայլերը և փախստականներին օգնության տրամադրումը Լիբանանի, Հորդանանի և Թուրքիայի տարածքներում; կոալիցիայի ամենշաբաթյա խորհրդակցությունների գումարումը և պարտականությունների բաշխումը կոալիցիոն կոմիտեների միջև։ Թվարկված պատճառները և պայմանները համոզիչ կերպով ցույց են տալիս իրերի իսկական դրությունը, այլ ոչ թե սիրիական քաղաքացիական ընդդիմության հռչակած հնարավորություններն ինչպես սիրիացի փախստականների, այնպես էլ սիրիական ճգնաժամի առումով։
Քաղաքացիական ընդդիմության թուլությունն ընդդիմադիր զինված խմբավորումների կացության հայելային արտացոլումն է, խմբավորումներ, որոնց մարտական ռեսուրսները վաղուց գործադրված են երկու ուղղությամբ. ընդդեմ սիրիական պետության և միմյանց դեմ։ Արաբ վերլուծաբանների կարծիքով՝ Սիրիայի տարածքում գործում են յոթից ոչ պակաս ահաբեկչական խմբավորումներ, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայի և Ծոցի միապետությունների կողմից։
Երեկ «Արաբի-պրես» էլեկտրոնային պարբերականը տեղեկացրել է «Ֆարուք» գումարտակի առաջնորդներից Սաիր Ուիկասին վերացնելու մասին, ինչը հարաբերությունների նոր մակարդակ է նշանակում գումարտակի և մնացած խմբավորումների գրոհայինների միջև։ Սաիր Ուիկասի մահը պատասխանն էր 2012թ. սեպտեմբերին «Ֆարուքի» 15 զինյալների կողմից մոջահեդների խորհրդի առաջնորդ Աբու Մուհամեդ Շամիի տանջալից մահվան։ Նա խողխողվել էր դանակներով և անմիջապես թաղվել հենց սպանության տեղում։ Նրա մահվան լուրը վրդովմունքի ալիք բարձրացրեց իսլամիստների շարքերում, որոնք երդվեցին վրեժխնդիր լինել։ Հետագայում խմբավորումները պայմանավորվեցին հետաձգել հաշիվներ մաքրելու գործը մինչև Բաշար Ասադի ռեժիմի անկումը։ Ինչպես երևում է վերջին իրադարձություններից, զինյալների գլխում արմատացած երկուստեք ատելությունը տեղափոխվել է փոխադարձ պատժիչ միջոցների մակարդակ։ Դեռ 2012թ. հոկտեմբերին «Ֆարուք» գումարտակի պաշտոնական կայքում զետեղվել էր հայտարարություն այն մասին, թե գումարտակը «ուխտադրուժ սադրանքի է ենթարկվել հանցավոր ռեժիմի կողմից» այն բանից հետո, երբ Սիրիական ազատ բանակի հրամանատարներից մեկի հետ գումարտակի զինյալների մասնավոր օնլայն զրույցը գրանցվեց սիրիական հատուկ ծառայությունների կողմից, որոնք հետագայում տարածեցին այդ գրառումներն այն նպատակով, որպեսզի ստիպեն գրոհայիններին զիջումների գնալ և բանակցությունների մեջ մտնել իշխանությունների հետ։ Աղմկալի այս բացահայտման կապակցությամբ որոշում է ընդունվել ՍԱԲ 26-ամյա հրամանատարին հրամանատարությունից հեռացնելու մասին։
Հիշյալ իրադարձությունից հետո «Ֆարուքը» հաճախ սկսեց հայտնվել ՍԱԲ սուր քննադատության թիրախում, որն իսլամիստներին մեղադրում էր, օրինակ, Հոմս քաղաքում մարտական գործողությունների ժամանակ օգնություն չցուցաբերելու մեջ։ Գումարտակի ղեկավարը, որը ծանր վիրավորվելուց հետո ներկայում բուժվում է Ծոցի երկրներից մեկում, իր հերթին, մեղադրում է նրանց, ովքեր «լուրեր են տարածում և մեղադրանքներ հորինում» իսլամիստների դեմ։ Ըստ նրա՝ նման քայլերի նպատակը «Ֆարուքը» քաղաքական և զինվորական գործերից հեռացնելն է, նա հիշեցրել է, որ իր գումարտակն առաջինն էր, որ զենք բարձրացրեց ռեժիմի դեմ, այնինչ այսօր «բոլոր կռկռացողներն ու հաչողները» դեռ բոլորովին վերջերս ռեժիմի կողմից էին։ Այնուհետև զինյալների ղեկավարը թվարկել է գումարտակի մատուցած ծառայությունները, այն համարել «հեղափոխության պարագլուխ» և առանձնակի կանգ է առել այն բանի վրա, որ իր զինյալները մասնակցել են Սիրիայում կատարված բոլոր իրադարձություններին։ Նա Սիրիայի ապագան պատկերացնում է, իհարկե, առանց Ասադի և ժողովրդին է տրամադրում նոր առաջնորդ ընտրելու իրավունքը, առանց այն երկրների միջամտության, որոնք այժմ փորձում են զանազան եղանակներով սևացնել զինյալների հեղինակությունը։ Այդ երկրների հասցեին անգամ սպառնալիք է հնչել՝ «տեսեք՝ հանկարծ քամին սարը շուռ չտա»։
Հալեպ քաղաքի Բաբ-Խադիդ թաղամասի և այլ քաղաքների գերեզմանատեղիների պղծումը լրացնում է իսլամիստ գրոհայինների կերպարը, որոնց համար սուննի մուսուլմանները նույնպիսի թշնամիներ են, ինչպես և սուֆիները, քրիստոնյաները, սիրիական ռեժիմն ու մնացած բոլորը, ովքեր չեն կիսում իրենց հայացքները։ Թաղամասի բնակիչները, որոնք համարձակվում են պաշտպանել մահմեդական սրբատեղիները, ենթարկվում են բռնությունների իսլամիստների կողմից։ Անգամ պղծվում են իսլամական հոգևորականների նոր գերեզմանները։ Սիրիական կոալիցիայի առաջնորդ Մոազ Խաթիբը, չնայած ինքն էլ դեռ մինչև վերջերս Դամասկոսի Օմեյադների մզկիթի սպասավոր էր, պաշտոնապես չի դատապարտել իսլամիստներին։ Հավանականությունը, թե այդ դատապարտումը երբևէ կհնչեցվի, չնչին է, ինչն էլ թույլ է տալիս առանց որևէ պատրանքի գնահատել հակակառավարական ուժերի իսկական նպատակներն ու դերը սիրիական պատերազմի պատմության մեջ։
Հանուն իշխանության զինված խմբավորումների պայքարն արտացոլում է նրանց հովանավորների և դաշնակիցների անդրկուլիսային պայքարը Մերձավոր Արևելքում լիակատար ազդեցության համար։ Ինչպես հայտնի է, արմատական սալաֆիներին ֆինանսավորում և ուղղորդում է Սաուդյան միապետությունը, մինչդեռ «մուսուլման եղբայրներին» աջակցում են Կատարի և Թուրքիայի կառավարիչները։ Վերջին ժամանակներս սիրիական հարցում հետաքրքիր մետամորֆոզ է տեղի ունեցել սաուդյան քաղաքականության մեջ. երկու օր առաջ միապետության արտգործնախարարը հայտարարել է, թե պաշտպանում է սիրիական ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալու ծրագիրը։ Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը չպետք է զարմանք առաջացնի. հավանաբար տեղի է ունենում Սիրիայում քաղաքական գործընթացներից մոլեռանդ իսլամիստների հեռացման պրոցես։ Ավելի վաղ իսլամիստների մասին զգուշավորությամբ էին արտահայտվում Մերձավորարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետները, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը վաղուց արդեն հաշվարկը կատարել էր չափավոր ընթացքի վրա ոչ թե հանուն Սիրիայի սիրուն աչքերի, այլ ելնելով սեփական շահերից ու նկատառումներից։ Իսլամիստներն օգտագործվել են այն բանի համար, որ իրենց վրա վերցնեն սիրիական հեղափոխության արյունոտ մասը, իսկ հետասադյան Սիրիան կառավարել կհանձնարարեն ոչ թե նրանց, այլ, հավանաբար, «մուսուլման եղբայրներին», որոնց գործողություններն ու վերջնանպատակը փակուղի են մտցնում անգամ արաբ փորձագետներին. այսպես, եգիպտացի քաղաքագետներից մեկը նրանց կազմակերպությունն անվանում է «փակ և անհասկանալի»։ Սակայն ասվածը չի նշանակում, թե Սաուդյան Արաբիան և Կատարը միայնակ են գործում և իրենց որոշումների համար հաշվետու չեն ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Չնայած կրկնվող կարծիքին, թե Իսրայելին շահավետ չեն Ասադի անկումն ու քաոսը Սիրիայում, չի կարելի հաշվի չառնել այն, որ, համենայնդեպս, սիրիական բանակի անվերջ ու հյուծիչ պայքարն ընդդեմ ահաբեկիչների թուլացնում է նրան, ինչը ձեռնտու է Իսրայելին։ Չընդունել սա՝ նշանակում է համաձայնել հակառակ կարծիքին՝ սիրիական բանակի ուժեղացումը համապատասխանում է Իսրայելի շահերին։ Բացի այդ, Իսրայելի կառավարությունը ջերմ հարաբերություններ ունի հակասիրիական կոալիցիայի երկրների բոլոր կառավարիչների հետ և ոչ մի անգամ չի խոչընդոտել սիրիական հարցի վերաբերյալ որոշումների կայացմանը։
Այսպիսին է այսօր իրավիճակը հեղափոխական Սիրիայում, որից ելնելով կարելի է անել հետևյալ հիմնական եզրահանգումները.
1. Քաղաքական ասպարեզում հերթական ձախողման հետ կապված՝ սիրիական քաղաքացիական ընդդիմությունն իրեն ճանաչած երկրներին կանգնեցրել է ընտրության առջև. կամ ընդունել իրենց քաղաքական անհեռատեսությունը և հրաժարվել կոալիցիայի հետ հետագա համագործակցությունից, կամ շարունակել աչք փակել իրական իրադրության վրա և նախկինի պես ճանաչել կոալիցիան՝ որպես սիրիական ժողովրդի միակ ներկայացուցիչ, այսինքն՝ ցույց տալ, թե ստեղծված իրավիճակը միանգամայն համապատասխանում է իրենց շահերին։ Դա կլինի սիրիական հարցում զիջումների գնալու պատրաստակամության ազդանշան։
2. Սիրիական ընդդիմությունն անպայման կբաժանվի մի քանի հակամարտող կողմերի, որոնցից «մուսուլման եղբայրները» ՍԱԲ-ի հետ կհակադրվեն ֆունդամենտալիստներին։ Նրանցից ոչ մեկը պաշտոնապես չի ճանաչել Սիրիական ազգային կոալիցիան՝ որպես միակ ընդդիմադիր մարմին։ (Սիրիական ազգային խորհրդի նախկին ղեկավար, այժմ՝ կոալիցիայի անդամ Աբդալբասեթ Սայդան, իր հերթին, հայտարարել է, թե իսլամիստները տեղ չունեն Սիրիայում Ասադի անկումից հետո և հերքել է լուրերն այն մասին, թե հակասություններ կան կոալիցիայի և ՍԱԲ-ի միջև)։
3. Թույլ քաղաքացիական և ահաբեկչական զինված ընդդիմությունը սիրիացիներին զրկում է այլընտրանքային քաղաքական ընտրությունից և նպաստում գործող իշխանության շուրջ համամխմբանը, իսկ այդ միտումը կարող է էլ ավելի ուժեղանալ օտարերկրյա ներխուժման փորձի դեպքում։
4. Կատարը և նրա դաշնակիցներն ամրապնդում են իրենց դիրքերը՝ ի հաշիվ Սաուդյան Արաբիային քաղաքական հարթությունից դուրսմղման և նրա աստիճանական մեկուսացման։
Եվ վերջում՝ ամենագլխավորը. երեկ չէ առաջին օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանը թուրքահպատակ Ֆեյսալ Յըլմազին է հանձնարարել Սիրիայի «ազատագրված» տարածքների կառավարումը։ «Արաբի-պրեսի»՝ Փարիզից նրան զանգահարած լրագրողի հարցին, թե՝ պատրաստվում է արդյոք թուրք «նահանգապետը» բացահայտ այցելել Դամասկոս, վերջինը դեն է նետել հեռախոսափողը։ Հարցի պատասխանը կռահելու համար կարելի է մեկ անգամ ևս կարդալ 4-րդ կետը։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Ուղարկել մեկնաբանություն