Հրապարակումներ

Վարձկանները սիրիական պատերազմում
Չնայած «սիրիական ընդդիմության» հայտարարություններին, թե իրեն այլևս չեն նկատում և չեն սպառազինում դոնոր երկրները, իսկ ահաբեկչական խմբավորումների պարագլուխներն ու շարքայինները Սիրիայի տարածքում սկսել են փոխադարձաբար ոչնչացնել միմյանց, հակասիրիական ավազակախմբերի կյանքում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունները, այնուամենայնիվ, ցույց են տալիս, որ օտարերկրյա ահաբեկիչները նախկինի պես ավերում են Սիրիան՝ իրենց հովանավորներից անհրաժեշտ քանակությամբ զենք և այլ տեսակի աջակցություն ստանալով։ Օրինակ, արաբական մամուլը երկու օր առաջ տեղեկացրել էր մի նավի մասին, որը կանգ էր առել Եմենի ափերի մոտ։ Նավը բեռնված էր զենքով, այն դուրս էր եկել ուկրաինական նավահանգստից, վերջնական նպատակն էր Սիրիա հասնելը։ Արաբ փորձագետների կարծիքով՝ նավը ժամանել էր Եմենի նավահանգիստ տեղի իշխանությունների ցուցումով, իսկ պաշտպանության նախարարությունը, հավանաբար, նույնիսկ տեղեկացված էլ չէր։
Լիբանանի հյուսիսային հատվածում՝ Աքքար նահանգում, օտարերկրացի հրահանգիչները հավաքագրում և մարզում են տարաբնույթ զինյալների, որոնք հետագայում հարում են ՍԱԲ-ին և «Ջաբհաթ ան-Նուսրային»։ Տեղեկություններ կան, թե ճամբարի տարածքում են գտնվում նաև սիրիացի փախստականներ։ Համապատասխան ռազմական պատրաստությունից հետո հրահանգիչները նրանց զենք են տալիս և ուղարկում հետ՝ Սիրիա, պայքարելու Ասադի դեմ։ Այնտեղ արդեն սիրիացիները, վայրկյան անգամ չհապաղելով, վաճառում են այդ զենքը սև շուկայում և կրկին վերադառնում Լիբանան՝ այս անգամ արդեն մեկ այլ մարզաճամբար, որտեղ Ասադի դեմ զինված պայքարի հերթական «դասընթացի» ավարտից հետո նրանք հայտնվում են Սիրիայի սև շուկայում՝ զենքի նոր խմբաքանակով, և ամեն բան կրկնվում է նորից։ Լիբանանյան ճամբարների գլխավոր հավաքագրողը ոմն Աբու Մուհամեդն է, որի մասին ասում են, թե մի հայտնի քաղաքական գործչի մարդկանցից է։ Աբու Մուհամեդը պատասխանատու է զինյալներին զենք մատակարարելու համար և զենք է տարածում հենց նահանգում։ Ճամբարում տեսել են նաև լիբանանյան հայտնի կրոնական գործչի և ամերիկյան դիվանագիտական համարանիշներով մեքենա։ Լիբանանի՝ անցած տարի զոհված հատուկ ծառայությունների պետի թաղման ժամանակ այդ շեյխի արտասանած հակակառավարական և հակասիրիական քարոզներն ու կոչերը ակտիվորեն հեռարձակվում էին մի քանի հեռուստաալիքներով։
Տարբեր երկրներից Սիրիայում հայտնված զինյալներն առաջին հերթին փորձում են տիրանալ սիրիական նավթին։ Արաբ որոշ փորձագետներ «սիրիական հեղափոխությունն» սկսել են անվանել «նավթային հեղափոխություն»։ Նավթ կա Սիրիայի երեք հատվածներում՝ հյուսիս-արևելքում, Եփրատի ավազանում և Սիրիական անապատում։ Նավթը հաճախ գողանում են, պատահում է նաև, որ այն այրում են, իսկ մերձակա բնակավայրերի բնակիչները շնչահեղձ են լինում մահաբեր ածխահոտից։ Պատահում է նաև, որ պայթեցված նավթատարներից նավթն անարգել հոսում է ուղիղ դեպի գյուղատնտեսական հողերն ու մասնավոր հողակտորները։ Ահա նման ոչ դժվար ճանապարհով անուղղելի վնաս է հասցվում սիրիական էկոլոգիային։
Սիրիայի արևելյան գյուղերից մեկի բնակիչների խոսքերով՝ գողացված նավթը զինյալներն ուղարկում են Դեյր-Էզ-Զոր գավառ, որտեղ իրավիճակը հսկում է սիրիական բանակը, և զինյալներն այնտեղ օգնության խիստ կարիք ունեն։ Այդ նույն գյուղում «Ջաբհաթ ան-Նուսրայի» զինյալները խանութներից հանել են կանացի հագուստ ցուցադրող պլաստմասսայե մանեկենները՝ դրանք անպարկեշտ համարելով, և գյուղի կանանց ստիպում են երկար ծածկոցներ կրել։ Մոտ 8000 զինյալ տնօրինում են այդ գյուղի բնակիչների ճակատագրերը։ Փոքրիկներին նրանք իսլամ են «սովորեցնում», իսկ «դասերին» կարգապահորեն հաճախելու համար հաց են հյուրասիրում։ Երեխաներից մեկը մամուլին պատմել է, թե ինչ են իրենց սովորեցնում. իսլամի հիմնական թեզիսներից բացի (Աստված գիտի, թե ինչ մեկնությամբ), նրանց առաջարկվում է նաև ջիհադի վարման եղանակը երկրի նախագահի՝ ալավի Ասադի դեմ։ Իսլամիստները ստիպում են մարդկանց օրը հինգ անգամ մզկիթ գնալ, փակում են գինու կրպակները, բայց ամենագլխավորը, հավանաբար, այն է, որ նրանք խլել են հացի բոլոր փռերը և նավթատարները։ Գյուղ մտնող ճանապարհին զինյալներն անցակետ են դրել և բռնում են բոլոր դեռահասներին ու տղամարդկանց՝ ստիպելով նրանց մտնել իրենց շարքերը։ Նման պայմաններում մարդիկ վախենում են իրենց որդիների ապագայի համար և նրանց ուղարկում են այլ գավառներ՝ հարազատների մոտ։ Դպրոցները և հիվանդանոցները վերածվել են ահաբեկչական որջերի։ Առկա դեղամիջոցները տրամադրվում են ահաբեկիչների վերքերը բուժելուն, որոնց մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացի վարձկանները։ Գյուղում թույլ հույս անգամ չունեն, որ ինչ-որ ժամանակ այստեղ այլ կերպ կլինի, բայց ավելի ահավոր է այն, թե ինչ կարող է տեղի ունենալ. դա այն է, որ գյուղի բոլոր տղաները հանկարծ «կորոշեն» հարել ավազակներին։ Բնակիչները նզովում են բոլորին՝ թե՛ ահաբեկիչներին, թե՛ ՍԱԲ-ին, թե՛ սիրիական բանակին ու սիրիական կառավարությանը։ Նրանցից ոչ ոք չի հոգում խաղաղ բնակիչների մասին, որոնք թողնված են բախտի քմահաճույքին։
Հալեպ քաղաքում «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Լիվա-Աթթաուհիդ» խմբավորումների 12.000 զինյալներ են հայտնվել փախստականների անվան տակ։ Նրանք առաջին հերթին ուղևորվել են դեպի այն շրջաններ, որոնցում տեղակայված են սիրիական բանակի զորամասերը, և այստեղ զինվորների ջարդ են կազմակերպել։ Ենթադրվում է, որ սիրիական զինվորների զորանոցների գտնվելու տեղի մասին զինյալներին տեղեկացրել են դավաճանները։ Այն բնակիչները, որոնք պաշտպանում են սիրիական նախագահին, անմիջապես փախել և մտել են դպրոցի շենք՝ հետապնդումներից խուսափելու համար։ Այդ ընթացքում ընդդիմության կողմնակիցները շարունակել են հանգիստ նստած մնալ իրենց տներում։ Բոլոր զինյալները Հալեպ են թափանցել Թուրքիայից։ Ինչպես պարզաբանում է արաբական մամուլը, սիրիա-թուրքական սահմանը մասամբ գտնվում է սիրիացիների հսկողության տակ. խաղաղ պայմաններում երկու պետությունները համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ սիրիա-թուրքական սահմանի մի մասը պետք է վերահսկեն թուրքերը։ Այնքան էլ դժվար չէ Սիրիայի տարածք անցնել նման կերպ հսկվող սահմանից։ Սիրիական հողի այս հատվածից Սիրիան նաև ավիահարվածներ չի կարող հասցնել զինյալներին. այդ դեպքում աճում է Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը։ Այդ հրեշները տեղում գնդակահարում են ընդդիմության դեմ ցույցի դուրս եկած բնակիչներին։ Կոտորվեցին հիմնականում սուննիները։ Դեռ թարմ դիակներից կտրեցին-հանեցին օրգանները՝ դրանք Թուրքիայում վաճառելու համար։ Այս ողջ հրեշավոր գործընթացն անցնում էր թուրք և հնդիկ բժիշկների հսկողության տակ։ Բարբարոսաբար թալանում էին տները, վերացնում քաղաքացիների ունեցվածքը։ Բնակիչները պատմում են, որ զինյալների մեջ նրանք տեսել են աֆղանստանցիների, պակիստանցիների և չեչենների։
Ինչպես երևում է, ՍԱԲ-ը և ահաբեկիչները ցանկանում են պայմանավորվել և չոչնչացնել միմյանց, ինչին ձգտում է միջազգային հանրությունը։ Վկայակոչելով ամերիկյան մամուլը՝ արաբական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ բարձրաստիճան արևմտյան դիվանագետը հաստատել է այս լուրը՝ ավելացնելով, որ ՍԱԲ-ն իր հրաժարումը պատճառաբանում է նրանով, որ «Ջաբհաթ ան-Նուսրան» Սիրիա է եկել պաշտպանելու սիրիացիներին։ Ում և ինչպես են իրականում «պաշտպանում» նրանք՝ մեկ անգամ ևս ապացուցելն իմաստ չունի։ Եվ չնայած ՍԱԲ-ն ու ահաբեկիչները բոլորովին չեն ուզում մեռնել մեկը մյուսի ձեռքով, նրանց, միևնույն է, ոչնչացնում են, թող որ անգամ ոչ ավանդական ձևերով. սիրիական հեղափոխության ռազմական խորհուրդը պնդում է, որ ՍԱԲ զինյալների դեմ արդեն կռվում են ոչ թե սիրիական բանակի զինվորները, այլ հատուկ ուսուցում անցած վարձկանների գումարտակները, որոնց մարզել և մարզում են Իրանի և Ռուսաստանի տարածքներում։ Իբր, այդ գումարտակները բաժանված են սակավաթիվ խմբերի և դրա համար էլ կարող են հեշտությամբ տեղաշարժվել։ Անսպասելի հարձակվում են ՍԱԲ զինյալների վրա՝ նախապես այնտեղ ուղարկելով իրենց լրտեսներին։ Ընդդիմադիր աղբյուրները մտահոգություն են հայտնում, թե ռուս-իրանական վարձկանները հեշտությամբ հաշվեհարդար կտեսնեն ՍԱԲ և մյուս խմբավորումների օտարերկրացի ահաբեկիչների հետ, քանի որ վերջիններն այնքան էլ լավ ծանոթ չեն սիրիական տեղանքին և կարող են ընկնել լարված թակարդների մեջ։ Ահաբեկիչների հանդեպ նման մտահոգությունն իրոք որ շատ հուզիչ է։
Դամասկոսի թաղամասերից մեկում մի քանի օր առաջ ձերբակալվել է Մուհամեդ Դիբ ալ-Նաջարը՝ ամենավտանգավոր զինյալներից մեկը։
Թուրքական Անթաքիա քաղաքում անհետացել է ընդդիմության շարքերն անցած սիրիացի սպա Ռիյադ Ահմադը։ Նա Թուրքիայում էր սիրիական պատերազմն սկսվելուց հետո, նա նույնիսկ քաղաքական փախստականի պաշտոնական կարգավիճակ ունի։ Վարկածներ կան, թե նրան առևանգել են գիշերը, երբ տաքսիով մոտեցել է այն վայրին, որտեղ նրան սպասում էին ինչ-որ մաֆիոզիներ։ Պետք զենքի վաճառքի գործարք կայանար։ Ըստ երկրորդ վարկածի՝ Ռիյադ Ահմադն ինքն է հանձնվել սիրիական իշխանություններին։
Ինչևէ, ահաբեկիչներն ու ճամբարը փոխած դավաճանները շարունակում են զոհվել, սիրիական հողն այրվում է նրանց ոտքերի տակ, իսկ սիրիական հեղափոխական խորհուրդն ինքն է հաստատել սիրիական օրինական իշխանության դեմ օտարերկրյա վարձկանների օգտագործման փաստը։ Ուրեմն, ինչո՞ւ իրենք էլ չզոհվեն ուրիշ վարձկանների ձեռքով։ Ամեն ինչ արդար է, և չարժե նեղանալ Իրանից ու Ռուսաստանից։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Ուղարկել մեկնաբանություն