Հրապարակումներ

Ժամացույցների ստուգում. Աբխազիա-Հարավային Օսիան՝ Վրաստանին
Մարտի 26-27-ին Ժնևում տեղի կունենա Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային բանավեճերի հերթական ռաունդը։ Դրանց կմասնակցեն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, ինչպես նաև ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵՄ ներկայացուցիչները։ 2008 թվականից՝ Հարավային Օսիայի հայտնի իրադարձություններից հետո անցկացվող բանավեճերի նպատակն անվտանգության ապահովումն է Վրաստանի և Հարավային Օսիայի ու Աբխազիայի սահմաններին։ Հանդիպման նախօրեին մամուլում տեղեկատվություն հայտնվեց մի ինչ-որ անակնկալի մասին, որը պատրաստել է Վրաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի համար։
Սակայն մինչ անակնկալին անցնելը հիշեցնենք, որ, ցավոք, վերջին՝ դեկտեմբերյան հանդիպման ժամանակ էական որևէ արդյունք ձեռք չբերվեց։ Ավելին, ակնհայտ դարձավ, որ բանակցությունները փակուղի են մտնում, քանի որ կողմերից ոչ մեկը դիրքորոշման որևէ փոփոխություն չի ընդունում։
«Եթե այս իրավիճակը շարունակվի Ժնևի հաջորդ ռաունդներում, եթե բանակցությունների մասնակիցների կառուցողական ցանկացած առաջարկությանը հետևելու է վրացական ներկայացուցիչների կտրական «ոչ»-ը, ապա Ժնևյան բանավեճերը, հավանաբար, տխուր և արագ ավարտ կունենան»,- այն ժամանակ հայտարարել էր Աբխազիայի ԱԳՆ ղեկավար Վյաչեսլավ Չիրիկբան։- Վրացիները պետք է հասկանան, որ եկել է քաղաքական նոր իրողությունները ճանաչելու ժամանակը, և որ հին մոտեցումները մեր հարաբերությունները փակուղի են մտցրել»։ Ավելացնենք, որ դեկտեմբերյան «ռաունդը» ժամանակից շուտ ավարտվեց՝ չքննարկելով, օրինակ, ուժի չկիրառման հարցը...
Ինչպես հայտնի է, Շվեյցարիայում կայանալիք նոր հանդիպման նախօրեին՝ մարտի 7-ին, վրացական խորհրդարանն արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին իր բանաձևում ամրագրել է, որ «հաստատում է ուժի չկիրառման պարտավորությունը» տարածքային ամբողջականության վերականգնման համար։
«Դա իրավաբանորեն ավելի բարձր է նրանից, ինչ մինչ այդ պնդում էին աբխազներն ու օսերը, այն է՝ հաշտության համաձայնագրերի ընդունումից,- «Իզվեստիային» ասել է վերինտեգրման պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին։- Տեսնենք հիմա ինչպիսին է լինելու պատասխան ռեակցիան»։ Բայց նախարարը պարզաբանել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ երկկողմանի համաձայնագիր Թբիլիսին չի ստորագրի, որպեսզի նման փաստաթղթերով չամրագրի խռովարար ինքնավարությունների կարգավիճակը, որոնց անկախությունը ճանաչել են Ռուսաստանը և էլի մի քանի երկրներ։ «Խորհրդարանական բանաձևն ամենաբարձր երաշխիքն է»,- ասել է Պաատա Զաքարեիշվիլին։
Պետնախարարի խոսքով՝ Վրաստանի նոր իշխանությունները նախընտրում են չնշել հակամարտությունների հնարավոր կարգավորման ամսաթիվը՝ շեշտը դնելով լարվածության փուլային նվազման և վստահության վերականգնման վրա, իսկ ռազմավարությունն այն է, որ «աբխազներին ու օսերին զրկեն Վրաստանին հանդիմանելու ֆորմալ առիթներից»։ Այս առումով կառավարությունն անգամ պատրաստ է փոխել վերինտեգրման նախարարության անվանումը, որն Աբխազիայի և Հարավային Օսիայի սրտով չէ։ Բայց արդեն մոտ երեք ամիս նախագահ Սաակաշվիլին, առանց բացատրությունների, չի ստորագրում այդ առաջարկությունը...
Ինչպիսի՞ն կլինի Աբխազիայի արձագանքը։ Կարծում եմ՝ չարժե հարցի վրա գլուխ կոտրել, քանի որ Աբխազիայի պաշտոնական դիրքորոշումը վաղուց հայտնի է. այն քանիցս հնչեցրել է նախարար Վյաչեսլավ Չիրիկբան. անհրաժեշտ է, որպեսզի Թբիլիսին երկկողմանի համաձայնագրեր ստորագրի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, առանց որի դժվար կլինի հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման։ «Սակայն, ըստ ամենայնի, Վրաստանն առայժմ պատրաստ չէ նման համաձայնագիր ստորագրել։ Համենայնդեպս, դա վերաբերում էր նախորդ կառավարությանը։ Մենք ըմբռնումով ենք վերաբերվում Վրաստանի անցումային շրջանին, որն ստեղծվել է ընտրություններից հետո, և պատրաստ ենք սպասել, թե երբ, վերջապես, կձևավորվեն նոր վարչակազմի մոտեցումները Ժնևյան բանակցություններին...»,- վերջերս հայտարարել է Չիրիկբան GHN-ին տված հարցազրույցում։
Ի դեպ, Չիրիկբան վտանգավոր մոլորություն է անվանել Վրաստանի նոր ղեկավարության ակնկալիքները, թե բարելավելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ կարելի է վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան։
«...Հարկ է հասկանալ երկու բան։ Առաջին՝ մենք անկախությունից երբեք չենք հրաժարվի, և այս աքսիոման պետք է հայտնի լինի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքական գործչի։ Երկրորդ՝ վերջին քսան տարիներին տեղի ունեցած փոփոխություններն Աբխազիայի և Վրաստանի հարաբերություններում անշրջելի բնույթ են կրում, վերադարձը ante bellum իրավիճակին անհնար է։ Այս երկու կանխադրույթներից ելնելով էլ Վրաստանը պետք է կառուցի իր քաղաքականությունն Աբխազիայի հետ, եթե իսկապես ուզում է դեպի լավը փոխել մեր երկրների հարաբերությունները...»,- ընդգծել է նա։
Իսկ ինչ վերաբերում է վրացական անակնկալին Հարավային Օսիայի սպասվող արձագանքին, ապա պատասխանը, հավանաբար, հակադարձ անակնկալը կլինի։ Բանն այն է, որ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի նախաձեռնությամբ մարտի սկզբին հանրապետության խորհրդարանը որոշում է ընդունել 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի դեմ Վրաստանի գործողությունների քաղաքական-իրավական գնահատականի կազմման հանձնաժողովի ստեղծման մասին (https://cominf.org/node/1166496990)։ Նշենք, որ մինչև ս.թ. մարտի 20-ը հանձնաժողովը պետք է ավարտի աշխատանքը և մարտի 27-ին (այսինքն՝ Շվեյցարիայում բանակցությունների սկսվելու օրը) արդյունքները ներկայացնի խորհրդարանի նստաշրջանին։ Նրա աշխատանքի արդյունքներով կտրվեն «Հարավային Օսիայի դեմ Վրաստանի գործողությունների քաղաքական-իրավական գնահատականները, ինչպես նաև կընդունվեն փաստաթղթեր վրացական ագրեսիայի պատճառով ծագած հետևանքների կարգավորման մասին, կմշակվի Վրաստանի հանդեպ հանրապետության քաղաքականության ռազմավարությունը»։
Վերն ասվածը հաշվի առնելով՝ Շվեյցարիայում անցկացվելիք բանավեճը հետաքրքիր է լինելու, բայց նոր անակնկալները բացառել չարժե...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Ուղարկել մեկնաբանություն