Հրապարակումներ

«Սիրիայի ժամանակավոր կառավարության» մասին
Ով ասես, որ չկատարեց «սիրիական ընդդիմադիր կոալիցիայի» քաղաքական առաջնորդի դերը։ Բանը հասավ անգամ մեծ քաղաքականությունից հեռու այնպիսի մեկին, ինչպիսին է Մոազ Խաթիբը՝ Դամասկոսի Օմեյադյան մզկիթի ղեկավարին։ Երեկ ողջ աշխարհն իմացավ նոր նշանակման մասին, իմացավ նաև Սիրիայի «ժամանակավոր կառավարության ղեկավարի» անունը, ով այսուհետ պետք է փորձի ղեկավարել ոչ միայն մշտապես գզվռտոցի մեջ գտնվող «ընդդիմությունը», այլև Սիրիայի «ազատագրված» տարածքները։
Սիրիական «Ալ-Վաթան» թերթը հետևյալն է գրում Սիրիայի «ընդդիմադիր ժամանակավոր կառավարության նոր ղեկավարի» մասին. սիրիական քուրդ Հասան Խիտոն, որը 17 տարեկանում բանակում ծառայությունից խուսափելու համար Սիրիայից փախել էր Միացյալ Նահանգներ և հետագայում ԱՄՆ քաղաքացիություն ընդունել, երեկ ընտրվել է ժամանակավոր կառավարության ղեկավար՝ «Մուսուլման եղբայրների», այսինքն՝ Կատարի և Թուրքիայի անվերապահ աջակցության շնորհիվ։
Տեղեկացվում է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի որդին՝ Աբիդա Խիտոն (Աբու Մուսա) ահա արդեն ինն ամիս գտնվում է «Ալ-Քաիդային» ենթակա խմբավորումներից մեկի շարքերում՝ սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում։
Այն բանից հետո, երբ Խիտոյի որդին որոշեց հարել զինված «ապստամբներին», նա հորը նամակ էր թողել. «Դուք ինձնից սարքել եք այն, ինչ ես այսօր կամ։ Ես պետք է գնամ Սիրիա, որպեսզի իրականացնեմ այն, ինչ պարտավոր եմ անել»։ Գրում են, թե Խիտոն հեղափոխական է «դարձել» հատկապես այս իրադարձությունից հետո, իբր՝ նա արդեն չէր կարող կողքից նայել «հեղափոխությանը»։
Խիտոյին ճանաչող աղբյուրները «Արաբի-պրեսին» տեղեկացրել են, որ ԱՄՆ-ում նա սերտ կապեր է պահպանում ամերիկյան վարչակազմի հետ և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամ է։ Ստամբուլում իր ներածական ելույթի ժամանակ նա հաստատել է, որ Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ երկխոսությունն անընդունելի է։
Սիրիացիներին անծանոթ Խիտոն 2011թ. գլխավորել է «Ազատ Սիրիայի միությունն» ԱՄՆ-ում, որը պետք է օգներ սիրիացիներին կանգնելու ազատության, արդարության և դեմոկրատիայի փշոտ ճանապարհին։ Նույն թվականին նա մասնակցել է «Օգնության սիրիական կոմիտեի» հիմնադրմանն Ամերիկայում, եղել այդ կոմիտեի փոխնախագահը։ Նաև 2001թ. հիմնված արաբական և մուսուլմանական երկրներից փախստականների օգնության կոմիտեի անդամ է, որը պայքարում էր ռասիզմի և Ամերիկայում մուսուլմանների և արաբների հանդեպ քսենոֆոբիայի դեմ։ Այն բանից հետո, երբ Խիտոն ընդունվեց «սիրիական ընդդիմադիր կոալիցիայի» շարքերը, նա հիմնել է ևս մեկ համակարգող կոմիտե՝ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Կոմիտեն «աշխատում» էր թուրք-սիրիական սահմանին։ ԱՄՆ դիվանագիտական շրջանակներում և Ծոցի միապետություններում ունեցած լայն կապերից օգտվելով՝ նա իր կոմիտեի համար ֆինանսական հոսքեր էր ապահովում։ Կոալիցիայի ներսում Խիտոն լավ հարաբերություններ ունի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Սաբագի հետ (խոշոր բիզնեսմեն, որը գործարար և քաղաքական մեծ կապեր ունի Ծոցի երկրներում)։
Նորանշանակ Խիտոն արդեն հակառակորդներ ունի «ընդդիմության» շարքերում՝ Մոազ Խաթիբն ու նրա կողմնակիցները։
Դեմոկրատական թևի ընդդիմադիրներից մեկը հայտարարել է, թե որոշ տարածաշրջանային ուժեր փորձում են ուժով ընդդիմությանը պարտադրել քաղաքական ծրագրեր։ Ժամանակավոր կառավարությունը, նրա կարծիքով, ստեղծվել է հենց նրա համար, որպեսզի չեղյալացնի կոալիցիայի առաջնորդ Մոազ Խաթիբի և մնացյալ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների քաղաքական դերը։ Նա նախազգուշացրել է, որ «հեղափոխությունը» կպարտվի, և ժամանակավոր կառավարության նշանակումը կհանգեցնի ոչ թե հանուն ազատության պայքարի, այլ պատերազմի։ Ընդդիմադիրը նաև մեղադրում է Սիրիայի նախագահին, որն, իբր, շահ է ստանում ստեղծված իրավիճակից, քանի որ ողջ իշխանությունը երկրում շարունակում է կենտրոնացած մնալ նրա ձեռքում։ Ընդդիմադիրը վստահ է, որ Մոազ Խաթիբը սիրիացիների մեջ շատ կողմնակիցներ է ձեռք բերել, երբ առաջարկել է բանակցություններ վարել իշխանությունների հետ։ «Իսկ ժամանակավոր կառավարությունը կխոչընդոտի շատ գործընթացների»,- ամփոփել է ընդդիմադիրը։
Կոալիցիայի մամլո քարտուղար Վալիդ Բունին նույնպես քննադատել է ժամանակավոր կառավարության ստեղծման գաղափարը, նա դժգոհ է այն բանից, որ որոշ երկրներ պարտադրել են Խիտոյի թեկնածությունը մնացած կուսակցություններին և քաղաքական ուժերին։ Բունին ընդգծել է, որ անձամբ ոչինչ չունի Խիտոյի դեմ, քանի որ «լավ չի ճանաչում», բայց կարծում է, որ սիրիական ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր կառավարությունը։ Արաբական որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիայի ղեկավար Մոազ Խաթիբն առաջացրել է հովանավորների դժգոհությունը, որովհետև իր նշանակման առաջին իսկ օրվանից պատրաստակամություն է հայտնել բանակցությունների սեղանի շուրջ նստել սիրիական իշխանությունների հետ։
«Արաբի-պրեսում» Խիտոյին անվանել են «ամերիկյան եղբայր մուսուլման»։ Կոալիցիայի ներսում գտնվող աղբյուրները տեղեկացնում են, որ քվեարկությունից առաջ և հետո (49 հոգուց Խիտոյին կողմ են քվեարկել 35-ը, մյուսները ձեռնպահ են մնացել) ընդդիմադիր խմբավորումների (Ծոցի որոշ միապետությունների ու տարածաշրջանի երկրների ֆավորիտները) շարքերում եղել և մնացել են տարաձայնություններ։ Հենց այդ կառավարություններն են իրենց խնամարկյալների վրա ճնշման միջոցով փորձել խանգարել քվեարկության ընթացքին։
«Սիրիական իսլամական ճակատն» արդեն հայտարարել է, որ ոչ մի ժամանակավոր կառավարություն չի ճանաչում, քանի որ այն պետք է կազմավորվի բացառապես ներքին, այլ ոչ թե արտաքին ընդդիմության ներկայացուցիչներից։ Իսլամիստները ոչ միայն չեն ճանաչի ժամանակավոր կառավարությունը, այլև անգամ կարող են արգելել Խիտոյին այցելել «ազատագրված տարածքներ»։ Թե ինչպես է Խիտոն անցկացնելու իր քաղաքականությունը նման իրավիճակում՝ պարզ չէ։ Սիրիայում ներկա պահին գործում են ավելի քան յոթ իսլամիստական խմբավորումներ։
Հայտնի է, որ իսլամիստներին, հանձինս սալաֆիների, պաշտպանում է Սաուդյան Արաբիայի կառավարությունը, այնինչ «Եղբայր մուսուլմանները» հովանավորվում են Կատարի կողմից, երկու կողմերի միջև անզիջում պայքար է ընթանում Սիրիայում և տարածաշրջանում իշխանության և ազդեցության համար։ Եթե Սաուդյան Արաբիան ճանաչում է ժամանակավոր կառավարությունը, ապա անպայման պետք է նրա վերահսկողության տակ դնի սիրիական պետության դեմ մարտնչող իսլամիստներին և ահաբեկիչներին, բայց այդ դեպքում սաուդյան թագավորն անմիջապես կորցնում է ոչ միայն մինչև ատամները զինված սալաֆիների ու այլ իսլամիստների հանդեպ ունեցած իշխանությունը, այլև ինքն է հայտնվում իր տանը դեմառդեմ նրանց հանդիպելու վտանգին, որտեղ սալաֆիներն ու իսլամիստները մշտապես եղել են իշխող ռեժիմի ընդդիմախոսները։ Բացի այդ, ժամանակավոր կառավարության ճանաչմամբ, որի ղեկավար է նշանակվել Կատարի մարդը, Սաուդյան Արաբիան կորցնում է Սիրիայի հետագա ճակատագրում որևէ բան վճռելու բոլոր հնարավորությունները։ Իսկ Կատարը, հակառակը, ամրապնդում է իր դիրքերը և ձեռք բերում հավելյալ հենարան իր քաղաքականությունը տարածաշրջանում իրականացնելու համար։ Հայտնի է, որ ԱՄԷ ոստիկանապետն անցած տարեսկզբից մի քանի անգամ արդեն նախազգուշացրել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության վտանգի մասին։ Կատարի, Թուրքիայի և Եգիպտոսի կառավարություններն այս հարցում հակադրվել են սաուդցիներին և ԱՄԷ-ին։
Թե ինչպես է Սիրիան կառավարելու մեկը, ով վաղուց այնտեղ չի ապրել և հիմա էլ չի ապրում՝ թերևս, ոչ մեկին չի հուզում։ Եվ որն է այստեղ Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչության արաբ մեծամասնության իրավունքների հարգումը՝ նույնպես պարզ չէ։ Իսկ քրդերը կազմում են Սիրիայի ողջ բնակչության ընդամենը 9%-ը։ Բացի այդ, Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար են նշանակում մեկին, որն այլ երկրի քաղաքացիություն ունի։ «Արաբի-պրեսի» լրագրողի խոսքով՝ «ընդդիմադիրներից» մեկը դա այսպես է մեկնաբանել. «Թեկուզև Իսրայելի քաղաքացի լինի, միայն թե իր ժողովրդին նվիրված մեկը լինի, ինչպես Նեթանյահուն ու Շարոնը. այ թե ումից արժեր սովորել, թե ինչպես է պետք ծառայել ողջ երկրին, այլ ոչ թե իր կլանին ու ընկերներին»։
Բայց Խիտոյի անձն ու քաղաքացիությունն այստեղ կապ չունեն, եթե հիշենք, որ երեկ երկու իրադարձություններ են համընկել. Կատարի և Թուրքիայի դրածո Խիտոն նշանակվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար, իսկ Հալեպ քաղաքի բնակիչներին ահաբեկիչները թունավորել են քիմիական մարտագլխիկներով հրթիռ պայթեցնելով։ Պատահականությո՞ւն է։ Այնքան էլ չէ, եթե հասկանանք, որ Սիրիայում և տարածաշրջանում ազդեցության համար մղվող պայքարում առայժմ շահում են Կատարը, ԱՄՆ-ը և Թուրքիան։ Իսկ Սաուդյան Արաբիային դա ամենևին դուր չի գալիս։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Գնահատում



Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Ուղարկել մեկնաբանություն