Հրապարակումներ

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին
Ավարտին է մոտենում երևանյան ընտրարշավը։ ՀՀԿ-ն հայտարարել է, թե Տարոնը Երևանում նույնն է, թե Ռոնալդոն ֆուտբոլում, ՀԱԿ-ը հայտարարել է, թե Տարոնը Կորեյկո է, ընդ որում՝ չի ալարել դիմել գլխավոր դատախազին՝ խնդրելով Տարոնին պատասխանատվության կանչել ապօրինի կուտակած բազմամիլիոնանոց կարողության համար։ Իսկ գլխավոր դատախազն իր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությամբ հայտարարել է, թե աջակցում է Տարոնին Երևանի ավագանու ընտրություններում։ Դե, իսկ ինքը՝ Տարոնը, նորանոր քաղաքական տեխնոլոգիաներ է հորինում, որոնք ապագայում անպայման փոխ կառնեն հարևան երկրներում։ Օրինակ, նրա հանրահավաքներում մարդիկ խնդրում են, որ նա շարունակի քաղաքապետ աշխատել (սովորաբար Հայաստանում նախընտրական հանրահավաքներում թեկնածուներն են խնդրում ընտրողների ձայները, այլ ոչ թե հակառակը)։
Դաշնակները երկար ու համառորեն խոսում էին իրենց եզակիության մասին, Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը վստահ է, որ միայն իրենց թեկնածուն է, որը համատեղության կարգով նաև գեներալ է ու նախարար, ի վիճակի կարգավորել գործերը քաղաքում։ Իսկ ԲՀԿ-ն պնդում է, որ ինքն է իշխանության այլընտրանքը, և այդ այլընտրանքի իրականացումն առաջարկում է սկսել Երևանից։
Հազիվ թե գլխավոր դատախազը պատասխանատվության կանչի Տարոն Մարգարյանին։ Հազիվ թե մրցավազքի բոլոր մասնակիցներին հաջողվի հաջողության հասնել, բացի ՀՀԿ-ից։ Եվ հազիվ թե որևէ բան փոխվի Երևանում և առհասարակ Հայաստանում, քանի որ Հայաստան պետությունը դատապարտված է առանց փոփոխությունների ապագայի։
Մի բան է միայն զարմացնում. անտարբերության բացակայությունը երկրի քաղաքական գործընթացների հանդեպ։ Ընդ որում, ինչպես քաղաքական գործընթացի մասնակիցների, այնպես էլ որոշ ընտրողների կողմից։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր ռացիոնալ մտածող մարդ նախագահական ընտրություններից անմիջապես հետո պետք է կորցներ ամեն տեսակ հետաքրքրությունը քաղաքականության հանդեպ, իսկ նախագահական ընտրարշավի հանդեպ հետաքրքրություն ռացիոնալ մտածող մարդը պետք է ցուցաբերեր միայն այն պատճառով, որ ընտրությունների յոթ մասնակիցներից հինգը տառապում էին լուրջ հոգեկան շեղումներով, հետևաբար՝ անհրաժեշտ էր պաշտպանել երկու առողջ թեկնածուներից մեկին, որպեսզի երկիրը չհայտնվեր գժերի ձեռքում։
Ընտրությունները շուտով կանցնեն, նախագահը կնշանակի նոր կառավարություն (այսինքն՝ կվերանշանակի հին կառավարությանը), և կյանքը կմտնի սովորական հունի մեջ։ Իսկ ընտրարշավի պարտված մասնակիցները կհաշվեն վնասները և, հավանաբար, կկորցնեն հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ։ Այսինքն՝ կդառնան անտարբեր, ինչպես պահանջում է կյանքը...
Հետգրություն
Անտարբերությունը հանրային գիտակցության վիճակ է, որն առաջանում է քաղաքական իրականության մեջ երկարատև լճացման հետևանքով։ ԽՍՀՄ կործանման պատճառը ռուսների անտարբերությունն էր, որոնք լուռ հավանություն տվեցին մեծ տերության փլուզմանն ու իրենց ազգային սրբությունների կորստին (Կիև, Պոլտավա, Սևաստոպոլ) միայն այն պատճառով, որ հոգնել էին լճացումից և փոփոխություններ էին ուզում։ Թե ինչով է հղի հայերի անտարբերությունը սեփական երկրի ճակատագրի հանդեպ՝ հայտնի չէ։ Բայց ոնց էլ լինի՝ անպայման կտեսնենք։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից
Գնահատում



Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS
Загрузка...



Ուղարկել մեկնաբանություն