Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/ru/publications.php?id=18670
Հրապարակումներ


21.04.2012

Ընտրություններ կամ «գալոչկա» (Ընտրողի մտորումներ)

Շուտով ընտրություններ են։ Պետք է ինչ-որ մեկին ընտրել, իսկ գլխավորը ո՞րն է՝ քաղաքական գիծը, ծրագիրը կամ դրա մեխը, որը հետո սպասիր, թե երբ են իրականացնելու։ Ոչ մի կուսակցության հանդեպ համակրանք, էլ չեմ ասում՝ սեր, չեմ տածում։ Բայց դե քաղաքականությունը ճաշակի ու հույզերի գործ չի։ Ու իմ գործն էլ չի։ Բայց արի ու տես, որ ես ընտրող եմ։ Այնպես որ, մտածելու բան կա։ Այստեղ վստահությունն է կարևոր։ Ես, իհարկե, Ստանիսլավսկին չեմ, բայց նույնպես կասեմ, որ չեմ հավատում։ Որքա՞ն կարելի է դիտել նույն ներկայացումը, որն ամեն անգամ էլ ավելի անտաղանդ ձևով են ներկայացնում այդ նույն դերասանները. ձանձրալի, պաթետիկ ու խարիզմատիկ, որոնք առողջ դատող հանրության մեջ ի վիճակի են միայն ներողամիտ ժպիտ առաջացնել։ Իսկ գերխնդրի մասին ավելի լավ է մոռանալ։ Այն չեն էլ մտածում կատարել, դրա համար էլ հանդիսատեսը չի փոխվում, նա ճիշտ նույնն է, նույն «ստորին ճշմարտությունների խավարն ու մեզ վսեմացնող սուտը», հաց ու թամաշա սիրողը։ Եվ սցենարն էլ նույնն է։ Բառ առ բառ նույն երկարաշունչ ճառերը, ինչպես և հինգ տարի առաջ։ Իսկ այսօր արդեն եկել է վաղը, և քիչ բան է փոխվել։ Միևնույն է՝ հին երգն են երգում՝ ապավինելով կարճ հիշողությանը։ Բայց ես հիշում եմ։ Դրա համար էլ չեմ հավատում։ Եվ ահա, ՀՀԿ-ն էլ զգաց, որ վստահության այդ նույն ապառիկը կարող է սպառվել, և որոշեց բացը լրացնել էստրադայի արտիստներով ու սլոգանով. հավատանք, որ փոխենք։ Բայց, ախր, չեն հավատում, որովհետև քիչ բան է փոխվել, երբ հավատում էին։ Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ։ Ամեն ինչ շատ կանխատեսելի է։ ՀՀԿ-ն վարչական ռեսուրս ունի, բյուջետայիններ, բանակ, որին կհրամայեն, և նրանք, ովքեր դավանում են կշտանալու տեսությանը, ինչպես նաև նրանք, որոնց համար երրորդը պարզապես համակրելի է, և որոնք դեմ են առաջին և երկրորդ նախագահների վերադարձին։ Ոմանց համար ՀՀԿ-ն չարյաց փոքրագույնն է, ճիշտ է՝ դժվար է, բայց գոնե կայուն է, արդեն սովորել են։ Մեռած հոգիներն էլ ամենաակտիվ մասնակցությունը կունենան, եթե հանկարծ կարիք լինի։ Իսկ ռևիզորի դերը վերջերս բաժին ընկավ խաղալու ծանոթուհիներիցս մեկին։ Պարզվում է, որ նրա պապի անունը, որը դեռ կես տարի առաջ հոգին Աստծուն էր ավանդել օվկիանոսից այն կողմ, ներառված է ընտրացուցակներում։ Եվ եթե թոռնուհու հետաքրքրասիրությունը չլիներ, պապը, հնարավոր է, մայիսին մեկի փոխարեն քվեարկեր։ Բայց եթե անգամ ամեն ինչ ազնիվ, մաքուր ու թափանցիկ լինի, Ա.Ադիբեկյանի նման հանճար լինել պետք չէ, մի մազն էլ հերիք է՝ գուշակելու, թե ում բաժին կընկնի մեծամասնությունը։ Եվ դա կլինի իրական արդյունք և ոչ թե կեղծարարություն։ Սրան ես հավատում եմ՝ ուշադրության առնելով վերը թվարկվածը։ Հետո՞։ Մեծամասնությունը, ինչպես միշտ, արտոնյալ կլինի ի՛ր և ճնշող՝ իրեն ընտրած ժողովրդի հանդեպ։ Անընդհատ լսում ես, թե ինչքան լավն են նրանք, մաքուր, փուփուշ, իսկ այն, ինչ վատ է, մեղավորը ճգնաժամն է՝ ֆինանսատնտեսականը։ Իսկ սա լուրջ է։ Ում համար՝ ճգնաժամ, ում համար՝ արդարացում, եթե հաշվի առնենք, որ պրոլետարիատը կորցնելու բան չունի, բացի... Բայց բոլորը մեկ մարդու նման ասում են, որ այն, ինչ վատ էր, այսուհետ լավ է լինելու։ Բայց ոչ ոք չի բացատրում, թե ինչպես իրականացնել այդ փոխակերպումը ստեղծված իրողություններում, որտեղ բիզնեսն այնպես է սերտաճել իշխանության հետ, որ հազիվ թե որևէ մեկը հանդգնի կտրել այն ճյուղը, որին նստած է։ Իսկ առայժմ ինչ-որ չեմ հավատում։

Հինգ տարի է անցել։ Ահա, օրինակ, ԲՀԿ-ն, որը պատրաստվում է երկրորդ ժամկետը նստել, ամենուրեք շեփորում է, թե իր խոսքը գործ է։ Նույնիսկ ամենաբարեգործականը։ Պատահել է։ Բայց չգիտես ինչու իրականում «բարգավաճում» է միայն կուսակցությունը, այլ ոչ թե երկիրը։ Գուցե նրան «ամենասկզբունքային» դիվանագետը չէր հերիքում, որին, իր հերթին, տասը տարի չէր բավականացնում։ Հիմա ԲՀԿ-ն նույնպես իր Վարդանն ունի։ Ճիշտ է՝ առանց պորտֆելի ու անխորտակելիի գլխարկի։ Վարդանը Օսկանյան, պարզվում է, գործող իշխանության մե՜ծ քննադատն է։ Իսկ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ է։ Հավանաբար, այս փաստը կաշկանդում էր նրա գործողությունները։ Կենտրոնից թույլ ազդակ էր ստացվում, դե, աջ ձեռքն էլ չի բարձրանում հանուն ժողովրդի մեծ սխրանքներ կատարելու համար։ Դրա համար էլ ԲՀԿ-ն կվերցնի ու պարզապես դուրս կգա կոալիցիայից։ Նա ի՛ր շահերն ունի։ Եվ դժվար չէ հասկանալ, թե ինչպիսի։

«Օրինաց երկիրն» էլ կա։ Բայց դեռ չորս տարի առաջ հասցրին հիասթափվել դրանից՝ հայտնաբերելով, որ այդ օրինաց երկրի բոլոր գործողություններն ու հերոսները հորինված են (օրինաց-հորինած երկիր), կեղծ-ընդդիմադիր։

Հնարավոր է նաև այնպես պատահի, որ այս անգամ կոնգրեսը հայտնվի խորհրդարանում։ Բայց նրա ընտրազանգվածը, ինչպես երևում է, այս չորս տարում խունացել է։ ՀԱԿ-ի հանդեպ անվստահության քվեն իր իսկ նախկին զինակիցների կողմից միանգամայն բացատրելի է. նրանց չի հաջողվի փոխել իշխանությունը։ Իսկ բազմամյա հանրահավաքային ռազմավարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ քաղաքական իմպոտենտին բնորոշ հրապարակային ջղաձգումներ։ Իսկ մյուսների համար ՀԱԿ-ը Լևոնն է, «մութ անցյալ» ունեցող մեկը, որից սառնություն է փչում։ Սա շատ անատամ փաստարկ է։ Լսելիքս վիրավորվում է, երբ ասում ու խմբովին կրկնում են՝ ցուրտ ու մութ տարիներ՝ այս փաստին ավելի մեծ նշանակություն տալով, քան ժողովրդի սխրանքին, որն անցել է այդ ամենի միջով ու հաղթել պատերազմում։ Դրանք հերոսական տարիներ էին։ Վատն այն էր, ինչ եղավ դրանից հետո։ Հենց դրանից էլ սկսվեց մեր հայրենիքի պլուտոկրատական շրջանը։ Եվ որքան էլ նա հայհոյի ներկայիս իշխանությանը, ժառանգական կապը զգացվում է։ Այս է ամբողջ պատկերը։ Տեսել ենք։ Եղել է նա արդեն իշխանությունում, նա՝ վարչապետ Բագրատյանը։ Վերջերս հաշվում էր, թե որքան էլ բարձրացնեն աշխատավարձը, ինֆլյացիան ավելի արագ է, բարձր և ուժեղ։ Ճիշտ էր հաշվել։ Բայց ժողովուրդը, միևնույն է, հիշում է, որ նրա կառավարության ղեկավար եղած ժամանակ էլ տարրական թվաբանությունը հուսադրող չէր։ Իսկ եթե հանկարծ ու փորձի ստացվել, ապա պետք է ասել, որ պատմությունը պայմանական եղանակ չի ընդունում։

ՀՅԴ-ի կնքած Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրն էլ չեմ մոռանա։ Եվ չեմ սիրում նացիոնալիստներին ու անիմաստ տեղը հակամարտություններ հրահրող հուռռա-հայրենասիրությունը։ Իսկ «Ժառանգությո՞ւնը»։ Ումի՞ց և ի՞նչ են ժառանգել, որ հիմա էլ մենք նրանցից ժառանգենք՝ հասկանալի չէ։ Եվ ով իմանա, թե ով է կառավարում ընդդիմությունն ու քաշում նրա թելը։ Արդյոք «կառավարելի քաոսի» գաղափարախոսները չե՞ն։ Մանավանդ հիմա, երբ արտաքին քաղաքական իրավիճակը տարածաշրջանում չափազանց անկանխատեսելի է։ Բայց սրանից, իբրև «բոբոյից», երբեմն օգտվում է իշխող էլիտան՝  հասարակության ուշադրությունը ներքաղաքական հիմնախնդիրներից շեղելու համար։ Եվ այնուամենայնիվ...

Ինչո՞վ են, ըստ էության, իրարից տարբերվում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և մյուսները. դե, ասենք, անվանմամբ, առաջնորդով, անդամների թվաքանակով, նրանց առանձին ներկայացուցիչների անձնական ու պրոֆեսիոնալ հատկանիշներով և այլն։ Ինչ էլ որ թվարկեմ, այդ ամենն անտուրաժ է և անգամ ծրագիր, այն էլ՝ նախընտրական։ Երբեմն այնպես հաջող են բառեր ընտրում՝ իրերն իրենց անուններով կոչելու համար։ Որովհետև դրա, այսինքն՝ ծրագրի և այն մասին, որ այն գրվել է կյանքի կոչվելու համար, ընտրությունից անմիջապես հետո մոռանում են։  Որովհետև փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի շահերն «ընտրյալների» շահերից չեն բխում։ Իսկ չէ՞ որ շահերը քաղաքականությունում այնքան կարևոր են։ Նրանց բոլորի շահերը միասին վերցրած, ըստ իս, հանգում են մի բանի՝ իշխանության գալուն։ Իսկ մնացածը՝ ազգային գաղափար և այլն, և այլն, ընդամենը գեղեցիկ խոսքեր են։ Բարի մտադրություններ, որոնք, հայտնի է, թե ուր են տանում։ Հո առաջին տարին չի, որ ամուսնացած ենք։ Ծանոթներիցս մեկը, որ կրպակ է վարձակալում, բոլորից լավ գիտի, որ ոչինչ չի փոխվել. նրա ապրուստի աղբյուրի կողքին վիթխարի սուպերմարքեթ է ծլել, և վերջինի ֆոնին նրա փոքր բիզնեսը, որը նրան միջինից փոքր եկամուտ է բերում, այնքան պուճուրիկ է դարձել, որ գնա ու հիմա մի չաղ «առևտրային կետ» դիր»։ Այն էլ՝ ձեռներեցի կարիերայիդ հենց սկզբում։ Իսկ մեզ ասում են՝ «առողջ մրցակցությո՜ւն», փոքր ու միջին բիզնե՜ս։ Խոսում են որակյալ կրթության մասին։ Իսկ երկրի գլխավոր բուհը յուրաքանչյուր նոր նախընտրական քարոզարշավի հետ նմանվում է հոսքագծի, որը տարեկան հազարավոր տգետների է «թողարկում»։ Նրանց դիպլոմը պետական նմուշի է։ Բայց ոչ՝ այցեքարտ։ Միևնույն է՝ ծանոթներ են պետք, մաղարիչ ու փորձ։  Փո՞րձ որտեղից ունենան, եթե բոլորին միայն փորձառու աշխատողներ են պետք։ Խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց ապրում են «քրտնաջան» աշխատանքով վաստակած ապարանքներում, և Bentley ու Х6 են քշում։ Է՜խ, ֆռռացնեմ։ Ձենները գլուխներն են գցում էկոլոգիայի ու կանաչ գոտու մասին խոսելիս, բայց մի ամբողջ անտառ են կտրում Հաղթանակի զբոսայգու դիմաց ու արդեն իրենց «կանաչներով» արքայական պալատներ են կառուցում։ Փոխարենը անվճար ընդհանուր հիվանդասենյակներ կան կլինիկաներում և ինչ-որ բուժծառայություններ։ Բայց փորձեք հիվանդանոց ընկնել նվազագույն աշխատավարձով ու լուրջ հիվանդությամբ, և հազիվ թե որևէ մեկը կհամարձակվի նայել Ձեր ներաշխարհին, եթե ձեզ պետպատվեր չի հասնում։

Իհարկե, ինչ-որ լավ բաներ էլ կան. շքերթը և հյուրընկալվելիս՝ հաղթանակը Սլովակիայի հավաքականի դեմ, ՀՀԿ առաջնորդը, պետության ներկայիս նախագահը, պաշտպանության նախարար և վարչապետ եղած ժամանակ կանգ էր առնում կարմիր լույսի տակ՝ աչքովս եմ տեսել, բայց... Բայց չափից ավելի շատ են այս «բայց»-երը և կանաչ լույսը իշխանամերձ վերնախավի համար՝ օրենքի գերակայության բացակայության պատճառով։ Եվ ուրեմն։ Ես իմ ձայնը կտայի Լենինին, բայց ափսոս, որ նա չկա ցուցակներում, և չկա մեկը, որը գոնե հեռավոր կերպով հիշեցներ առաջնորդին։ Ես նրան կընտրեի ոչ նրա համար, որ ուզում եմ, որ կոմունիզմը հաղթանակի մեր երկրում։ Այլ միայն այն բանի համար, որ ինչքան էլ զբաղվեն Լենինին դուրս մղելով ու նսեմացնեն նրա վաստակը, որքան էլ միանշանակ չլինեն նրա գործունեության գնահատականները, նա մեկն էր, որ մեծ կայսրություն էր կառուցել, և որը երկրի զարգացման հայեցակարգ ուներ, հավատարիմ էր գաղափարին, կադրային ճիշտ լուծումներ ուներ (Լունաչարսկի, Չիչերին), և որ գլխավորն է՝ ուներ քաղաքական կամք այդ ամենն իրականացնելու համար։ Իսկ մենք առայժմ միայն կարկատաններ ունենք, «ոսկի սարերի» խոստումներ, մանկական հեքիաթներ մեծերի համար ու մեկ էլ ընտրողների առջև խեղճուկրակ արդարացումների թոթովանք։ Անհասկանալի է, թե ուր ենք գնում, ինչ ենք կառուցում և հանուն ինչի։ Այստեղից էլ անմխիթար եզրահանգումն է առաջանում. ես ընտրություն չունեմ։ Ունեմ միայն գիտակցված չընտրություն։ Բայց դա էլ է ընտրություն, որը «գալոչկա»-ի համար չէ։ 

 


Տպագրել